ԹՈՂ ՎԱՐԱԿԻՉ ԼԻՆԵՆ ՄԻԱՅՆ ՆՄԱՆ ԳՈՐԾԵՐԸ… |
08.04.2020 12:58 |
Այսօր աշխարհով մեկ տարածված նոր տեսակի կորոնավիրուսի վտանգը, որ ամեն վայրկյան կախված է մեր գլխավերևում, կարծում եմ՝ ամենքին մտորելու և սթափվելու տեղիք է տալիս: Կրկին անգամ գալիս ենք այն համոզման, որ մարդու համար ամենակարևորը՝ նրա առողջությունն է միայն: Մեզանից յուրաքանչյուրը, համոզված եմ, իր ամենօրյա աղոթքն է ուղղում Ամենաբարձրյալին և առողջություն ու փրկություն խնդրում ամբողջ աշխարհի համար: Այսօր մեկս մյուսին օգնելու, միասնական լինելու մեծ ցանկություն է նկատվում բոլորիս մոտ: Եվ յուրաքանչյուրիս մտահոգությունն ու երազանքը մեկն է՝ առողջ լինել: Ասկերանի շրջվարչակազմի գլխավորությամբ համայնքապետարանների, հիմնարկ-ձեռնարկությունների, կրթամշակութային օջախների միասնական ուժերով շրջանում շարունակվում են շրջանում իրականացվել տարբեր կանխարգելիչ միջոցառումներ՝ նոր տեսակի կորոնավիրուսի ներթափանցման և տարածման ուղղությամբ: Վերջերս Ասկերանի մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնի տնօրինությունը ցանկություն հայտնեց բժշկական պաշտպանիչ դիմակներ կարել շրջանի հանրակրթական ուսումնական հաստատությունների և նախադպրոցական հիմնարկների համար: Ասկերանի շրջվարչակազմի ղեկավար Հակոբ Ղահրամանյանն անմիջապես արձագանքեց որոշմանը և շրջվարչակազմի աջակցությամբ մարտի 20-ից սկսվեց այդ գործընթացը: Ասկերանի ՄՊՍԿ աշխատողների ուժերով մինչ այսօր պատրաստվել են մոտ 2700 դիմակ, և ինչպես նշում է կենտրոնի տնօրեն Մերի Գաբրիելյանը՝ դիմակների քանակը կհասցվի մինչև 3000-ի: -Տեսնելով, որ բժշկական դիմակների պակաս է զգացվում՝ նախաձեռնեցինք գործընթացը և մեր աշխատողները մեծ պատասխանատվությամբ ստանձնեցին այս կարևոր աշխատանքը: Չէ որ ամեն ինչի պետք է պատրաստ լինենք: Մեր կողմից պահեստավորված դիմակները կտրամադրվեն հասցեատերերին, եթե Աստված մի արասցե լինի դրա կարիքը: Միաժամանակ երազում ենք, որպեսզի մեր տքնաջան աշխատանքի արդյունքում պատրաստված դիմակները ոչ մեկին պետք չգան և այդ դաժան վիրուսը չհասնի մեզ,-ասաց կենտրոնի տնօրենը: Դե ինչ, կարծում եմ՝ Ասկերանի ՄՊՍԿ-ի կողմից ձեռնարկված հայրենանվեր այս գործը գնահատանքի է արժանի, և թող վարակիչ լինեն միայն նման գործերը… Աստծո օրհնությամբ՝ առողջություն բոլորիս… Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ |