ՀԱՄԱՃԱՐԱԿԱՅԻՆ ԻՐԱՎԻՃԱԿԸ՝ ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ |
20.04.2020 15:36 |
Ասկերանի շրջանում շարունակվում են նոր կորոնավիրուսի տարածման կանխարգելման աշխատանքները: Ինչպես մեզ տեղեկացրեց Ասկերանի շրջանային հակահամաճարակային բաժնի պետ Իրադա Խաչատրյանը, շրջանում համաճարաբանական իրավիճակը գտնվում է վերահսկողության տակ: Նրա հավաստմամբ՝ համայնքներում ախտահանում իրականացնելու նպատակով ձեռքբերված քլորակիրը և ԱՀ առողջապահության նախարարության կողմից տրամադրված ալկոգելը բաժանվում է տեղական ինքնակառավարման մարմիններին: Ախտահանման աշխատանքները կատարվում են ամենայն պատասխանատվությամբ՝ փոխհամագործակցելով Ասկերանի շրջվարչակազմի, քաղաքապետարանի, <<Խաչենշին>> ՓԲԸ-ի և շրջանի համայնքների հետ: Շրջանային հակահամաճարակային բաժնի կողմից տրվում է մեթոդական օգնություն և տարվում են բացատրական աշխատանքներ, որպեսզի ախտահանիչ նյութերը ճիշտ ու նպատակային օգտագործվեն: Ասկերանի «Խաչենշին» ՓԲԸ աշխատակիցները բաժնի ախտահանողների հետ միասին ախտահանման աշխատանքներ են իրականացնում Ասկերան քաղաքի կենտրոնական պուրակում, խաղահրապարակներում: Պարբերաբար կատարվում են բազմաբնակարան շենքերի, հիմնարկ-ձեռնարկությունների ախտահանման աշխատանքներ: Ապրիլի 14-ին ԱՀ Նախագահի ընտրություններին ընդառաջ շրջանի բոլոր 42 ընտրատեղամասում կատարվել են ախտահանման աշխատանքներ, որպեսզի ընտրություններն անցնեն անվտանգ և ընտրողներն իրենց ապահով զգան: Իրադա Խաչատրյանը շեշտեց, որ պարբերաբար ախտահանման աշխատանքներ են կատարվում նաև շրջանի համայնքներում, սննդի օբյեկտներում և արտադրամասերում: Ասկերանի շրջանային հակահամաճարակային բաժնի պետը մեկ անգամ ևս հորդորեց բնակիչներին պահպանել անձնական հիգիենայի կանոնները՝ առաջնորդվելով ԱՀ առողջապահության նախարարության հրահանգներով: Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ |