ՇՐՋԱՆԻ ԲՆԱԿԻՉՆԵՐԻ ԲԱՐՁՐԱԿԱՐԳ ԲՈՒԺՍՊԱՍԱՐԿՈՒՄԸ ԳԵՐԱԿԱ ԽՆԴԻՐ
20.04.2020 15:44

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) ապրիլի 7-ը հռչակել է Առողջության համաշխարհային օր, ինչը խորհրդանշում է 1948 թվականին կառույցի հիմնադրումը: Այսօր արդեն ԱՀԿ-ն անդամակցում է աշխարհի 194 երկիր:

Իսկ օրը տոնելու ավանդույթը սկիզբ է առել 1950 թվականին: Առողջության համաշխարհային օրը նշելու նպատակը մարդկանց մեկ անգամ ևս ցույց տալն է, թե որքան կարևոր է առողջությունն ու բժիշկների կատարած անձնվեր աշխատանքը։ Ինչպես նաև որոշել, թե ինչ կարելի է անել աշխարհում մարդկանց առողջական վիճակը բարելավելու համար: Ուստի, ամեն տարի Առողջության համաշխարհային օրը նվիրվում է առողջապահական որևէ խնդրի` տարբեր կարգախոսներով և նշանաբաններով, կենտրոնացնելով հանրության ուշադրությունն առողջապահական համընդհանուր միտումների և առանձին խնդիրների շուրջ: Կարծում ենք, առողջապահության համաշխարհային օրվա կարգախոսը միշտ էլ պիտի լինի՝ հասանելի անվճար առողջապահական համակարգ բոլորի համար։

2020 թվականն Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հայտարարել է քույրական գործի և մանկաբարձական ծառայությունների աշխատողների միջազգային տարի` ընդգծելով նրանց կարևոր դերը բնակչության առողջության պահպանման գործում, ինչպես նաև այս ոլորտների հզորացման և ամրապնդման անհրաժեշտությունը:

Սա առիթ է ևս մեկ անգամ անդրադառնալու մեր բժիշկներին ու բուժքույրերին և գնահատելու նրանց կատարած անձնվեր աշխատանքը, ովքեր հաճախ իրենց սեփական առողջության հաշվին ամենօրյա պայքար են տանում մեր բնակչության առողջության պահպանման համար։ Մանավանդ համաճարակի այս օրերին։

Լինել լավագույնը և անել առավելագույնը բնակչության բուժսպասարկումը բարձր հիմքերի վրա պահելու համար՝ այս նշանաբանով են առաջնորդվում §Ասկերանի ՇԲՄ¦ ՓԲ ընկերությունում։ Շենքային վատթար պայմաններն արգելանք չեն մարդասիրական վեհ առաքելություն իրականացնող այս հիմնարկության աշխատակիցների համար։

Շրջանի առողջապահական համակարգում աշխատողների թիվը 164 է, որից  բժիշկներ՝ 3 թերապևտ, 2 մանկաբույժ, 2 մանկաբարձ-գինեկոլոգ, 1 վիրաբույժ, 1 գաստրոէնթերոլոգ, 1 էնդոկրինոլոգ, 2 նյարդաբան, 1 սրտաբան, 1 ակնաբույժ, 1 լաբորատոր բժիշկ, 119 բուժքույր և 29 այլ աշխատողներ։ Ասկերանի շրջբուժմիավորումն իր մեջ ներառելով  ինչպես ամբուլատոր-պոլիկլինիկական, այնպես էլ հիվանդանոցային և շտապ օգնության ծառայություններ, հնարավորություն է տալիս նույն մասնագետներին զբաղված լինել բուժօգնության տարբեր մակարդակներում, ինչը թույլ է տալիս կադրային ներուժը նպատակային և արդյունավետ օգտագործել։

Թե ինչպիսին է վիճակը և ինչպիսին էր 2019 թվականը շրջբուժմիավորման համար, տեղեկացանք գլխավոր բժիշկ Գոհար Հակոբջանյանից։

Ասկերանի շրջանի բնակչության բուժսպասարկումն իրականացվում է շրջանային բուժմիավորման, գյուղական բժշկական 4 ամբուլատորիաների և բուժմանկաբարձական 38 կետերի կողմից։ Ծառայությունը սպասարկում է մոտ 18000 բնակչության։ 2019 թվականին ամբուլատոր պոլիկլինիկական ծառայությունների գծով կատարվել է 23976 հաճախում։ 1311 մարդ անվճար ապահովվել է դեղորայքով։ Այլ քաղաքային հետազոտության և բուժման է ուղեգրվել 50 հիվանդ, որից 31-ը՝ երեխա։ Իրականցվել են կանխարգելիչ պատվաստումներ՝ ըստ տարիքային խմբերի։ Գրանցված 114 մահվան դեպքերի մեջ գերակշիռ մաս է կազմում սրտի իշեմիկ հիվանդությունը, սուր-սրտամկանի ինֆարկտը, ուռուցքային հիվանդություններն ու գլխուղեղի կաթվածը։

Կազմակերպվել է չարորակ նորագոյացություններով հիվանդների  սիմպտոմատիկ բուժում։ Շրջանում հաշվառված է 240 չարորակ նորագոյացությամբ հիվանդ, որից 35-ը նոր հայտնաբերվածների թվին է դասվում։ Հաշմանդամության հարցը որոշելու նպատակով 15 հիվանդ ուղեգրվել է բժշկասոցիալական փորձաքննության։ 2019 թվականին հաշվառման է վերցվել 180հղի։ Հղիների ընդհանուր թիվը շրջանում կազմել է 268։ Հաշվառման է վերցվել շաքարային դիաբետով 58 հիվանդ։ Դիսպանսեր հսկողության տակ ունենք 384 շաքարային դիաբետով, 261 հիպերտոնիկ, 405 սրտի իշեմիկ, 60գլխուղեղի, 70 էպիլեպսիայով, 40 բրոնխյալ ասթմայով, 1220 ստամոքս-աղիքային տրակտի և այլ հիվանդություններով հիվանդներ։ Վահանաձև գեղձի հիվանդությունների թիվը 134 է։ Կատարվել է 1505 գլյուկոմետրիա։

2019 թվականին ակնաբույժի կաբինետում կատարվել է 218 խորհրդատվություն և բուժում։ Իսկ սեպտեմբերի 23-24-ը շրջբուժմիավորումում կազմակերպված բաց դռների օրերին Ֆրանսիայից ժամանած MEDIKO Lions Club France-ի կողմից լիազորված Vision Solidev-ի փոխնախագահ Պատրիկ Դյուկենի կողմից իրականացվել է 63 խորհրդատվություն։

Շտապ օգնության բաժանմունքի կողմից գրանցվել է 1217 կանչ, որից 450-ը՝ գյուղական բնակավայրերից։ Ինքնադիմող հիվանդների թիվը կազմել է 1097։ Ստացիոնար բուժում է ստացել 377 հիվանդ։

2019 թվականին կատարվել է 84 գյուղական այց՝ 4 բժիշկ-մասնագետներով։ԱՀ ԱՆ հրամանով շրջանի Ավետարանոցի ԳԲԱ-ում հուլիսի 12-ին կազմակերպվել է բաց դռների օր, որի ժամանակ մի շարք մասնագետների կողմից կատարվել է 298 բուժզննում, 46 սոնոգրաֆիա, 41 ԷՍԳ, անվճար հիմունքներով տրամադրվել է 75 օպտիկական ակնոց։

Ամերիկայի հայ օգնության ֆոնդի §Արցախում աշխատող համայնքային բուժքույրերի շարունակական մասնագիտական զարգացում¦ ծրագրի շրջանականերում հաշվետու ժամանակաշրջանում վերապատրաստման դասընթացներ են անցել ՇԲՄ 30 բուժքույրեր։ Առողջապահական նախարարությունն ունի միասնական վիճակագրական-տեղեկատվական համակարգ, և կազմելով համակարգի մաս, շրջանային բուժմիավորումը հագեցվել է համապատասխան համակարգչային տեխնիկայով։

Հիվանդանոցային պայմաններին հարմարեցված շենքում տասնյակ տարիներ է, ինչ իրականացվում է շրջանի բնակիչների բժշկական սպասարկումը։ Խնդիրներն այստեղ շատ-շատ են, սակայն նվիրված և կուռ կոլեկտիվի շնորհիվ և օգնությամբ  լուծվում է ցանկացած՝ նույնիսկ անլուծելի թվացող խնդիր...

Կարծում ենք, ժամանակն է, որպեսզի վերջապես ճիշտ որոշում կայացվի՝ Ասկերանում հիվանդանոցային նոր շենք կառուցելու ուղղությամբ։ Չէ որ բուժսպասարկման որակն անմիջապես կախված է և շենքային պայմաններից, և բուժսարքավորումների առկայությունից։

-Վերջին տարիներին առողջության պահպանման բարելավմանն ուղղված ծրագրերի և աշխատանքների իրագործման բնագավառում բազմաթիվ հաջողություններ և ձեռքբերումներ են արձանագրվել՝ հիվանդանոցների կառուցում, վերանորոգում, բուժսարքավորումներով համալրում, բուժանձնակազմի վերապատրաստում և այլն։ Սակայն կան դեռևս չլուծված խնդիրներ, որոնց շարքում առաջնահերթություն է հիվանդանոցային նոր շենք ունենալը, որը կունենա պոլիկլինիկական, շտապ օգնության և փոքր ստացիոներ բաժանմունքներ, ինչպես նաև նկուղային հարկ՝ կահավորված, համալրված անհրաժեշտ բուժսարքավորումներով։ Այս ճանապարհով միայն կարող է լուծվել Ասկերանի շրջանի բնակչության որակյալ բժշկական օգնության մատուցումը առանց քաշքշուկների։ Վստահ եմ, որ այդ պարագայում մեր բուժաշխատողներն իրենց մասնագիտական պարտականությունները կկատարեն ավելի նվիրումով ու պատասխանատվությամբ, իսկ բուժսպասարկման որակը կհասցվի էլ ավելի բարձր մակարդակի,- նշեց Գ. Հակոբջանյանը։

1950 թվականից ապրիլի 7-ը նշվում է որպես առողջապահության համաշխարհային օր։ Գտնվելով հիվանդանոցի խարխուլ պատերի ներսում,  նկատեցինք, որ շենքում տեղադրված էլեկտրական անջատիչներից մեկը թվագրված է 1950, մյուսը՝ 1960 թվականներով... Թող զավեշտալի չհնչի, բայց կարծես թե տարին հոբելյանական է նաև հիվանդանոցի շենքի համար...

Խոսելով գյուղական բնակավայրերի բուժսպասարկման վիճակն ու շենքային պայմանների մասին, Գ. Հակոբջանյանը նշեց, որ շրջանը պայմանականորեն բաժանված է երկու ենթաշրջանների՝ Ասկերանի, որի մեջ ընդգրկված է 28 գյուղական բնակավայր և վերին ենթաշրջանի՝ 14 բնակավայրով։ Ելնելով շրջանի աշխարհագրական դիրքից շրջանի մի շարք գյուղեր Ստեփանակերտից ավելի մոտիկ հեռավորույթան վրա են գտնվում, ուստի նպատակահարմարությունից ելնելով այս բնակավայրերի բնակիչների անհետաձգելի ծառայությունը մատուցվում է Ստեփանակերտի շտապ օգնության կայանի կողմից։ Գյուղական բուժամբուլատորիաների շենքային պայմանները բավարար հիմքեր վրա են, բոլոր բուժհիմնարկություններն ապահովված են համապատասխան մասնագետներով։

Բոլորի անունից շնորհավորում ենք Ասկերանի շրջբուժմիավորման անձնակազմին ինչպես Առողջապահության համաշխարհային օրվա, այնպես էլ Մայրության և գեղեցկության տոնի կապակցությամբ և երախտագիտության խոսքեր ուղղում այս դժվարին օրերին մասնագիտական պարտքը կատարող մեր բուժաշխատողներին և մաղթում, որպեսզի պինդ և առողջ լինեն։ Այս օրերին առավել քան երբևէ զգացինք  նրանց կատարած գործի վեհությունը, քանզի նրանք հաճախ վտանգելով սեփական կյանքը՝ կյանքեր են փրկում։

Անահիտ ՊԵՏՐՈՍՅԱՆ

 

 
mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter