ՀԵՌԱՎԱՐ ՈՒՍՈՒՑՈՒՄԸ՝ ԺԱՄԱՆԱԿԻ ՀՐԱՄԱՅԱԿԱՆ
20.04.2020 15:57

Աշխարհի առջև նոր մարտահրավեր է ծառացել, որը ցնցել է Երկիր մոլորակի բնակիչների կյանքի բնականոն ընթացքը։ Ողջ աշխարհին համակած նոր կորոնավիրուսի համաճարակը կենտրոնացրել է բոլոր ուժերին, եւ մարդիկ համախմբված պայքարում են վարակի տարածման դեմ: Հանրապետությունում բնակչության անվտանգությունն ապահովելու համար դադարեցվեց հանրակրթական ուսումնական հաստատությունների գործունեությունը։ Եվ ելնելով անհրաժշետությունից ուսումնական գործընթացը, ժամանակի հրամայականով, սկսվեց նոր տարբերակով՝ հեռավար ուսուցմամբ։    Թե ինչպես է կազմակերպվում հեռավար ուսուցումը շրջանում, և ինչ միջոցներ են ձեռնարկվում դրանց արդյունավետությունն ապահովելու համար՝ իմացանք շրջվարչակազմի աշխատակազմի կրթության և սպորտի բաժնի վարիչ Կառլեն Մայիլյանից։

-Պարոն Մայիլյան, ամբողջ աշխարհը համակած համաճարակը՝ COVID-19 կաթվածահար է արել աշխարհի բնակչության բնականոն կյանքը։ Եվ շուրջ մեկ ամիս է, ինչ շրջանի ուսումնական հաստատություններում ևս դադարեցվել է դասապրոցեսը։ Ինչպե՞ս է կազմակերպվում աշակերտների հեռավար ուսուցումը։

- Իրոք, որ աշխարհին համակած նոր կորոնավիրուսի համաճարակը ստիպել է կենտրոնացնել բոլոր ուժերը և մարդկանց՝ համախմբվել վարակի դեմ արդյունավետ պայքար տանելու խնդրում: Ուստի, ելնելով անհրաժեշտությունից, և ժամանակի թելադրանքով շրջանի ուսումնական հաստատություններում անցել ենք հեռավար ուսուցման։ Սերտ է մեր ամենօրյա կապը շրջանի դպրոցների տնօրենների հետ, և արվում է հնարավոր ամեն ինչ, որպեսզի ուսուցման այս եղանակով գոնե կարողանանք ավարտին հասցնել ուսումնական տարին։

- Արդյոք բոլոր աշակերտներն ունեն համացանցից օգտվելու հնարավորություն։

- ԱՀ ԿԳՍ նախարարության, վարչակազմի ղեկավարի օժանդակությամբ և հանձնարարականներով, համագործակցելով դպրոցների տնօրենների հետ, աշխատում ենք հնարավորինս արդյունավետ ձևով իրականացնել հեռավար ուսուցման կազմակերպումը: Ուսուցման այս եղանակը նաև կանգնեցրել է մեզ մեկ այլ խնդրի առաջ։ Գաղտնիք չէ, որ ոչ բոլոր աշակերտներն են ապահովված համակարգչով կամ բջջային հեռախոսով։ Շրջանի 2459 աշակերտներից 195-ը զրկված է տեխնիկական այդ միջոցներից: Այդ բացը լրացնելու և հեռավար ուսուցումը խթանելու նպատակով բարեգործական տարբեր ծրագրեր են իրականացվում։ Օրերս Հարավի միջնակարգ դպրոցին ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի որդիներ Հայկի և Վարդանի  կողմից բարեգործական հիմունքներով 4 համակարգիչ և 8 պլանշետ է հատկացվել, որոնք կտրամադրվեն դպրոցի տեխնիկական միջոցներ չունեցող աշակերտներին։ Ինչի համար մեր շնորհակալությունն ենք հայտնում բարերարներին։

- Կան ընտանիքներ, որտեղ դպրոցահասակ մի քանի երեխա կա։ Ինչպե՞ս է լուծվում այդ հարցը։

- Ելնելով անհրաժշետությունից, ուսուցիչները մշակում և իրականացնում են արդյունավետ տարբերակներ՝ ցուցաբերելով անհատական մոտեցում յուրաքանչյուր աշակերտի նկատմամբ։ Այն ընտանիքներում, որտեղ մի քանի դպրոցահասակ երեխա կա հեռավար ուսուցումն իրականացվում է տարբեր ժամերի:

- Արդյոք բոլոր առարկաներն է հնարավոր հեռավար ուսուցմամբ մատուցել աշակերտներին։

- Յուրաքանչյուր ժամանակաշրջան իր օրենքներն է թելադրում և մենք պարտավոր ենք ենթարկվել դրան։ Եթե այսօր պայմաններն այսպիսինն են, ուրեմն, մեզանից յուրաքանչյուրը պետք է մեծ պատասխանատվություն ցուցաբերի և իր աշխատանքը բարեխղճորեն կատարի։ Հեռավար ուսուցմամբ, իհարկե, չենք կարող հասնել այն արդյունքին, ինչպես որ ստացիոնար ուսուցմամբ, սակայն մեր ուսուցիչները համաճարակի այս պայմաններում ջանում են առավելագույնն անել՝ կիրառելով տարբեր միջոցներ և հնարքներ։ Իսկ ֆիզկուլտուրա և ՆԶՊ առարկաներից մշակվել են համալիր ծրագրեր շաբաթվա կտրվածքով  և   տրվել աշակերտներին՝ ինքնուրույն  պարապելու  համար:

- Ավարտական դասարանների աշակերտները տարեվերջյան քննություններ պիտի հանձնեն, էլ չեմ խոսում շրջանավարտների մասին։ Ինչպե՞ս եք տեսնում այս հարցի լուծումը։

- Ինչ մնում է ավարտական դասարանների աշակերտների տարեվերջի քննություններին, այս պահին դժվարանում եմ գուշակություններ անել: Ինձ թվում է, իրավիճակից ելնելով ԿԳՍ նախարարությունը համապատասխան որոշում կընդունի և հանձնարարականներ կտա:

-Պարոն Մայիլյան, գիտենք, որ շրջանի հանրակրթական դպրոցներում բավականին հագեցած էր առաջին կիսամյակը։ Իսկ օլիմպիադայի արդյունքներով շրջանը կրկին առաջատար էր։

- Ինչպես գիտեք, նախորդ երկու ուսումնական տարիներին առարկայական օլիմպիադաներին Ասկերանի շրջանը շատ ակտիվ մասնակցություն է ունեցել հանրապետական  և եզրափակիչ փուլերին՝  զբաղեցնելով առաջնակարգ տեղեր: Այս ուսումնականի առաջին կեսում ևս մասնակցությունը խոստումնալից էր, հանրապետական փուլում ունեցել ենք ավելի մեծ քանակով աշակերտներ՝ 70-ը նախորդ տարվա 55-ի դիմաց, բայց նոր կորոնավիրուսի համաճարակն իր §ուղղումները¦ մտցրեց մեր սպասելիքներում:

- Ինչ եք կարծում, ե՞րբ հնարավոր կլինի կրկին վերադառնալ կրթական համակարգի նորմալ ընթացքին։

- Հույս ունեմ, որ կատարելով արտակարգ իրավիճակով սահմանված  նորմատիվային դրույթները, հնարավորինս շուտ կվերադառնանք բնականոն աշխատանքների:

- Ո՞րն է ձեր մաղթանքը պանդեմիայի այս պայմաններում և ընդհանրապես...

- Առաջին հերթին պետք է ենթարկվել արտակարգ դրության պայմաններին և լրջորեն վերաբերվել այս ամենին։ Մաղթում եմ մեր ժողովրդին առողջություն, հույս ու հավատ ապագայի հանդեպ:

Հարցազրույցը՝ Անահիտ ՊԵՏՐՈՍՅԱՆԻ

 
mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter