ՀԱՐԱԶԱՏ ԳՅՈՒՂԻ ԲԱՐԳԱՎԱՃՈՒՄԸ ՈՉ ԹԵ ԵՐԱԶԱՆՔ, ԱՅԼ ՆՊԱՏԱԿ Է |
20.04.2020 16:04 |
Արցախյան ազգային ազատագրական պայքարի տարիներից բավականին ժամանակ է անցել։ Տարիներ, որոնք լի էին բազում դժվարություններով ։ Եվ դա բնական է, քանզի ռազմի դաշտում ավելի հեշտ է հաղթանակ կերտել, քան հաղթահարել տնտեսական ու սոցիալական ճգնաժամը։ Սակայն հայի ոգու տոկունության, աշխարհով մեկ սփռված հայության ջանքերի շնորհիվ այսօր աշխարհին ներկայանում ենք որպես կայուն զարգացող երկիր՝ իր հայրենասեր, խաղաղասեր, հյուրասեր ժողովրդով։ Հայրենասիրության գենն ամուր է նստած հայերիս էության մեջ և աշխարհի որ ծայրում էլ ապրելիս լինի հայը, այն կձգի-կբերի Հայրենիք։ Օրինակներ՝ ինչքան ասեք։ Ու վառ օրինակներից մեկն էլ ռուսաստանաբնակ մեր հայրենակից Կարո Սերգեյի Սարգսյանի այցն էր հայրենի ծննդավայր Սառնաղբյուր։ Նա այն մարդկանցից մեկն է, ով հիվանդ է Հայրենիքի կարոտով, նրա մեջ մշտարթուն է նախնիների արյան կանչը, ինչը ժառանգել է հորից՝ երջանկահիշատակ Սերգեյ Սարգսյանից։ Եվ նրա մահից հետո ուխտել է աջակցել, մասնակիցը լինել Սառնաղբյուրում առկա խնդիրների լուծմանը։ Ասել է թե՝ վերականգնված տեսնել նախնիների ծննդավայրի երբեմնի փառքն ու մարդաշատությունը։ Իսկ դա ոչ թե երազանք է, այլև՝ նպատակ։ Իսկապես, գեղեցիկ ու ընդօրինակելի է, երբ մարդ ապրում է ոչ միայն իր՝ այլև հասարակության համար, հանուն այն մեծ գաղափարի, որ կոչվում է մարդասիրություն։ Արցախյան պատերազմն իր ծանր հետևանքներն է թողել յուրաքանչյուր բնակավայրի վրա, որոնցից մի մասը չկարողանալով հաղթահարել աղետալի հետևանքները՝ ամայացել է։ Չնայած պետական հոգածությանն ու ձեռնարկված միջոցներին, որոշ բնակավայրերում դադարեցին գոյություն ունենալ կենսական նշանակության օբյեկտների գործունեությունները՝ դպրոց, բուժկետ, մշակույթի տուն։ Ու հենց նման պարագաներում է, որ պիտի ի հայտ գան անհատներ, որոնց համար այդ բնակավայրերի շեն մնալը հոգու պարտք պիտի հանդիսանա։ Այսպիսի մեծ ու լուսավոր ծրագրերով ու խանդավառությամբ էր իր այցը հայրենի ծննդավայր իրականացրել սառնաղբյուրցի բարերար Կարո Սարգսյանը։ Լսելով համագյուղացիներին՝ նա հույս ու հավատով լցվեց, որ գյուղի մշտաբնակները երբևէ և ոչ մի պարագայում գյուղից հեռանալու մտադրություն չունեն։ Ինքն էլ ներկայացնելով այցի նպատակը՝ պատրաստակամություն հայտնեց օգնել ինչով կարող է, իսկ գյուղում ծնված յուրաքանչյուր երեխայի խոստացավ դրամական օգնություն ցուցաբերել՝ 1000 ԱՄՆ դոլարի չափով։ Գյուղի կենսական նշանակության խնդիրներից մեկն էլ ջրի հարցի վերջնական լուծումն է։ Ու չնայած բարերարի կողմից տարիներ առաջ ջրամատակարարման խնդրի լուծման համար միջոցներ էին ներդրվել, սակայն նա պատրաստակամություն հայտնեց վերջնականապես լուծել համագյուղացիներին հուզող նաև այս հարցը։ Գյուղում կան ընտանիքներ, որոնք ապահովված չեն բնական գազով, Կ. Սարգսյանը խոստացավ պետության հետ համատեղ ջանքերով լուծել այդ տների գազամատակարարման խնդիրը։ Իսկ դպրոցին և դպրոցականներին աջակցության ծրագրերը շարունակական բնույթ կկրեն։ Բարերարն ու իր ընտանիքը մշտապես ուշադրության կենտրոնում կպահեն դպրոցի և գյուղի հիմնախնդիրները։ Ռուսաստանաբնակ բարեգործին ուղեկցում էր Ասկերանի շրջվարչակազմի ղեկավար Հակոբ Ղահրամանյանը։ Ինչպես տեղեկացանք Սառնաղբյուրի համայնքի ղեկավար Գարիկ Ալեքսանյանից՝ համայնքի կազմում ընդգրկված են Սառնաղբյուր և Դահրազ գյուղերը։ Բնակիչների թիվը 105 է։ Ցավով ենք արձանագրում, որ 2019 թվականին գյուղում ամուսնություն չի գրանցվել, սակայն դրական տեղաշարժի միտումներ կան։ 2019-ին այստեղ 1 ծնունդ է գրանցվել, 1 հոգի էլ զորակոչվել է ԱՀ ՊԲ շարքերը։ Գյուղում գործում է տարրական դպրոց՝ 5 աշակերտով, 16 աշակերտ միջնակարգ կրթությունը ստանում է հարևան Նախիջևանիկի միջնակարգ դպրոցում։ Դպրոցականների տեղափոխումը կատարվում է պետական հոգածությամբ։ Համայնքում մեծ է ուշադրությունն անչափահասների դաստիարակության և հասարակական կարգի պահպանման ուղղությամբ, որոնք հաճախակի են ավագանու նիստերում քննարկման առարկա դառնում։ Համայնքում գործում է գյուղապետարան և բուժկետ, որոնք ապահովված են համապատասխան մասնագետներով։ Բնակիչները, հիմնականում զբաղված են գյուղատնտեսական աշխատանքներով։ 2019 թվականին համայնքի բյուջեն կատարվել է 108.9 տոկոսով։ Համայնքում կազմակերպվում են սանիտարական մաքրման շաբաթօրյակներ և ծառատունկ, որոնց մասնակցում են նաև դպրոցականները։ Չնայած գյուղն ունի երկու ջրատար ցանց, սակայն ամռան շոգ օրերին ջրի պակաս, այնուամենայնիվ, զգացվում է։ Հաշվետու ժամանակաշրջանում համայնքի երեք ընտանիքի շրջվարչակազմի կողմից տրամադրվել է շինանյութ՝ բնակարանային պայմանները բարելավելու նպատակով։ Համայնքում որոշակի աշխատանքներ են իրականացվել ճանապարհների բարեկարգման, փողոցային լուսավորության ուղղությամբ, որոնք շարունակական բնույթ են կրում։ Գյուղում բավականին աշխատանքներ են իրականացվել նաև բարերարների կողմից, ինչը հույս և հավատ է ներշնչում սառնաղբյուրցիներին ապագայի նկատմամբ։ Ինչպես և նախորդ տարիներին բարերար Կարո Սարգսյանը գյուղի նախադպրոցական և դպրոցական տարիքի մոտ 30 երեխայի տրամադրել է 20000-ական դրամ գումար և 90000 դրամ փոխանցել §Արցախէներգո¦ ՓԲԸ հաշվին՝ համայնքում գործող ջրմուղ պոմպակայանի էլեկտրաէներգիայի ծախսը մարելու համար։ Նոր տարվա կապակցությամբ բարերարի կողմից 25 երեխայի տրամադրվել են ամանորյա նվերներ։ Իսկ §Արարատբանկ¦ ՓԲ ընկերության գործադիր տնօրեն, ծննդով սառնաղբյուրցի երևանաբնակ Աշոտ Հովսեփյանի կողմից դպրոցին նվիրաբերվել է 2 համակարգիչ, գյուղապետարանին՝ պատճենահանման սարք, որոնց կարիքն անչափ զգացվում էր։ Վերածնված հայրենիք հասարակական կազմակերպության կողմից համայնքի նորաստեղծ երկու ընտանիքի տրամադրվել է մեկական խոշոր եղջերավոր անասուն։ - Մենք անչափ գնահատում և կարևորում ենք մեր բոլոր բարերաների նվիրական աշխատանքն ու աջակցությունը և մեր երախտագիտությունը հայտնում նրանց՝ համայնքում հայրենապահպան ծրագրեր իրականացնելու համար,- մեզ հետ զրույցի ընթացքում նշեց համայնքի ղեկավարը։ Հուսանք, որ Սառնաղբյուրում կշարունակվեն բարեգործական ծրագրերը, որոնք նոր լիցք կհաղորդեն հոգով և մարմնով հայրենի հողի մեջ ներաճած սառնաղբյուրցիներին, և հույս ու հավատ կներշնչեն վաղվա օրվա հանդեպ։ Անահիտ ՊԵՏՐՈՍՅԱՆ |