ԹՈՂ ԵՐԲԵՔ ՉԿՐԿՆՎԻ ԱՅՆ ԱՐՀԱՎԻՐՔԸ, ՈՐ ԿՈՉՎՈՒՄ Է ՊԱՏԵՐԱԶՄ |
20.04.2020 15:19 |
Կրկին ապրիլ է…Այս անգամ ևս այն հուզումնալից է ու ապրումներով լի: Թեև բնության շլացուցիչ զարթոնքը յուրաքանչյուրիս մեջ աննկարագրելի զգացմունքներ է առաջացնում, զգացնել տալիս, թե ինչքան հիսաքանչ է մարդու կյանքի ամեն մի վայրկյանը, սակայն մեզանից ոչ ոք չի մոռանում, որ ապրիլ է՝ հիշողություններ հետապնդող ապրիլ, հայի համար՝ չարաբաստիկ ապրիլ: Ապրիլին թռչունների դայլայլը սրտակեղեք երանգներ է ստանում և ասես բողոք լինի առ Աստված: Նրանց անմեղ ճռվողյունը հասնում է մինչև յուրաքանչյուրիս սրտի խորքը և այնպե՜ս է շարժում հայերիս հոգու լարերը… Աշխարհով մեկ սփռված հայերն ապրիլ ամսում դառնում են բռունցք, բոլորը նմանվում միմյանց: Գիտե՞ք ինչպես…Նրանց աչքերը պատվում են անպատմելի մի տրտմությամբ, որը միայն հայերին է հատուկ: Ինչպես Վիլյամ Սարոյանն է ասել, աշխարհի որ անկյունում էլ հանդիպեն երկու հայ, անպայման նրանք իրար կճանաչեն աչքերի արտահայտությամբ: Քանզի ուրիշ ո՞ր ազգի աչքերում այդքան թախիծ կա ծովացած… 2016 թվականի ապրիլ…Հայի համար՝ վերստին արյունով շաղախված: Եվ կրկնվեց հայի ճակատագիրը, դավադիր թշնամին նորից ցանկացավ տիրանալ իրեն չպատկանող սրբությանը, սակայն իր նախնիների պես քաջ հայորդին անվարան կանգնեց ու պաշտպանեց հայրենի հողը: 18 տարեկան տղաներն իրենց դրսևորեցին, ինչպես իրենց բազմափորձ հայրերն ու պապերը կանեին: Ավելին, նրանք գերազանցեցին մեծերին, քանզի դաստիարակվել էին հայեցի ոգով ու ամուր կամքով: Ավա՜ղ բազում տղաներ զոհվեցին ու միացան իրենց բախտակիցներին: Նրանք գիտակցաբար նետվեցին թշնամու դեմ ու անմահացան… Սահմանին կանգնած մեր տղաները չերկնչեցին ոչնչից, իսկ, երբ հաշված ժամեր հետո նրանց միացան կամավորական ջոկատները, 18-ամյա երիտասարդների ուժը բազմապատկվեց: Յուրաքանչյուրի տրամադրվածությունը վճռական էր, ինչպես երբևէ՝ արժանի հակահարված տալ ոսոխին: Այո՛, թշնամու ողջ զինանոցն ու կենդանի ուժն անզոր գտնվեցին մեր տղաների առջև: Այդ տղաներից էր նաև Ասկերանի Էդմոն Բարսեղյանի անվան միջնակարգ դպրոցն ավարտած, և այնտեղ հավուր պատշաճի դաստիարակություն ստացած Արսեն Հովսեփյանը: Ինչպես ինքն է այսօր մեզ ասում, դպրոցում ստացած ռազմահայրենասիրական և հայեցի դաստիարակության շնորհիվ կարողացան ինչպես պետքն է ծառայել բանակում ու ելնել թշնամու ոտնձգությունների դեմ: Արսենը և իր հասակակիցները մեկնել էին ԱՀ ՊԲ շարքերը պաշտպանելու մեր երկրի սահմանները: Ինչ իմանային, որ խաղաղ ծառայությունը մի գիշերվա մեջ կխաթարվի, մի վայրկյանում կփոխվի ամեն ինչ, և դպրոցական նստարանից դեռևս նոր ելած տղաները մերօրյա հերոսներ կդառնային: Իսկ ինչպե՜ս էին նրանց համար անհանգստանում ծնողներն ու հարազատները: Ախր շատ էին մատաղ, ախր կյանքի փորձ չունեին նրանք: Մեր հիշողություններում թարմ են Արսենի մոր ապրումներն ու հույզերը: Իսկ ի՞նչ կարող է համեմատվել մայրական սիրու և կարոտի հետ: Ահավասիկ՝ ոչինչ… 18-ամյա զինվորներին միացել էին կամավորական ջոկատները, որոնց բարձր մարտական ոգուց գոտեպնդված զինվորներն ավելի էին քաջալերվել: Մատաղ զինվորներին զորավիգ էին դարձել Արցախյան պատերազմի ազատամարտիկները, երիտասարդ կամավորները: Նրանք բռունցքվել էին մի նպատակի ու գաղափարի շուրջ: 2016 թվականի ապրիլը, հիրավի, չի կարող ջնջվել մեր հիշողությունից… Առաջնագծից լսվող դղրդյուններից և զարկերից, որոնք հեշտությամբ հասնում էին մինչև մեր խաղաղ բնակավայրերը, կուչ էին գալիս մեր սրտերը և առավելապես նրանցը, որոնց զավակներն ու հարազատներն այնտեղ էին՝ անորոշության մեջ: Մեր կամավորականներն անթիվ էին՝ բոլորն էլ արժանի գնահատանքի և երախտագիտության խոսքերի: Այդ տղաներից էր Ասկերան քաղաքի բնակիչ Նելսոն Ստեփանյանը, ով ապրիլի սկզբից մեկնեց առաջնագիծ և վերադարձավ մեկ ամիս հետո միայն: Ընկերների հետ երիտասարդն իր պարտքն էր կատարում և հարազատներին հորդորում չվհատվել ու չկարոտել: Սակայն մի՞թե նա կարող էր ստիպել իր մորը՝ տիկին Էվելինային աչք փակել ու հանգիստ քնել, երբ սահմանին էր մինուճար տղան…Վախից քարացած մայրը փարատվում էր տղայի ձայնը երբեմն լսելով միայն… Մենք չենք մոռանա այդ օրերին տիրող լարված վիճակը, մայրերի արտասվաթոր աչքերը: Ավարտվեց ապրիլյան պատերազմը, մեր տղաները ակնդետ նայեցին մահվան աչքերին, նրանք ոչ մի բանով չզիջեցին ավագներին, իսկ այսօր հպարտորեն և լիիրավ իրավունքով քայլում են մայր հողի վրա… §Մենք միշտ հաղթել ու հաղթելու ենք թշնամուն և 2016-ին պարտավոր էինք թև ու թիկունք լինել զինվորին: Եթե Աստված մի արասցե, թշնամին կրկին դավեր նյութի և ոտք ձգի դեպի մեր հայրենի սահմանները, ես և իմ ընկերները կրկին կլինենք առաջնագծում՝ զինվորի կողքին¦,-ասում է Նելսոնը, ով այսօր արդեն հայր է դարձել, և նրա պարտավորությունները հայրենի սահմանների հանդեպ կրկնապատկվել են: Մեծարելով ապրիլյան պատերազմի բոլոր մասնակիցներին՝ գլուխ ենք խոնարհում նրանցից յուրաքանչյուրի առաջ և հանձին Արսենների, Նելսոնների համոզմունք հայտնում, որ նրանք կյանքի այդ դպրոցն ավարտել են պատվոգրերով՝ ստանալով միայն գերազանց գնահատականներ: Թող երբեք չկրկնվի այն արհավիրքը, որ կոչվում է պատերազմ, թող ոչ մի մայր արցունք չթափի և կարոտից այրվող աչքեր չունենա: Խաղաղություն և բարօրություն Արցախ աշխարհին… Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ |