ՉՈՐՍ ՏԱՐԻ Է ԱՆՑԵԼ ԱՊՐԻԼՅԱՆ ՊԱՏԵՐԱԶՄԻՑ
10.04.2020 16:22

Ապրիլի 2-ը համայն հայության համար որքան ափսոսանքի, ցավ ու կսկիծի, նույնքան հպարտության, ակնածանքի ու խոնարհումի օր է՝ բոլոր այն հերոսների հիշատակի առաջ, ովքեր Ազգն ու Հայրենիքը գերադասեցին սեփական կյանքից։ Ու եթե Արցախյան ազատամարտը հայի ազատատենչ ոգու, անկախ ու ազատ երկրում ապրելու հաստատակամությունը վճռեց, ապա ապրիլյան պատերազմով մեկ անգամ ևս վերահաստատվեց այն։

2016-ի ապրիլին Հայոց երկնակամարում նոր հերոսներ ծնվեցին՝ նվիրյալ ու քաջ, ովքեր կենդանի վահան դարձան Հայրենիքի անվտանգությունը պաշտպանելու գործում, և որոնց օրինակով այսօր սերունդներ են դաստիարակվում։ Եվ արդեն չորս տարի է, ինչ ֆիզիկապես մեզ հետ չեն ապրիլյան պատերազմի հերոսները, ովքեր արժանապատվորեն դիմակայեցին թշնամու չարանենգ դավադրությանն ու մեկ անգամ ևս հայ զինվորի անձնվիրաբար ու անձնուրաց տեսակի մասին ի լուր աշխարհի հայտարարեցին։ Ողջ մնացածներն էլ դատապարտված են հավետ իրենց հիշողություններում կրելու այդ օրերի մղջավանջը, ընկերների կորստյան ծանր վիշտը, որը երբեք չի ամոքվելու։

Փաստորեն, հայկական բանակը տեխնիկական որոշակի հարցերում զիջելով ադրբեջանական կողմին՝ պատրաստված, վճռական հրամանատարների ու նվիրյալ զինվորների շնորհիվ կարողանում է հաղթանակ ապահովել և ստիպել թշնամուն նորից զինադադար մուրալ։

Պետք է գիտակցել, որ ապրելով ոչ պատերազմ, ոչ խաղաղության պայմաններում միշտ պիտի պատրաստ լինենք ցանկացած շրջադարձի։ Քանի որ նույնիսկ համաշխարհային համավարակի այս պայմաններում էլ թշնամին շարունակում է դավադրական նենգ քայլերի դիմել։

Չորս տարի է անցել ապրիլյան ահասարսուռ օրերից։ Եվ հայոց նորագույն պատմությունը կարծես թե երկու մասի է բաժանվել՝ մինչև ապրիլյան պատերազմ և դրանից հետո։ Անկասկած հայոց բանակում բազմաթիվ նորարարություններ են մտցվել, թե ռազմատեխնիկական բազայի և սպառազինության վերազինման, թե զինվորների սննդամատակարարության գծով... Սակայն անելիքները շատ են...

Ապրիլյան պատերազմն ու նրա հետևանքները դեռևս շատ երկար կմնան մեր հիշողություններում, որպես հայի ամրակուռ ոգու դրսևորում, մեր միասնականության ու միաբանության յուրօրինակ մարտակոչ ու տասնյակ սրբացած նորօրյա հերոսների թարմ շիրմաքարեր, որոնք հետայսու սրբատեղի են…

Այո, քանզի կան այսպիսի քաջարի տղաներ, ու նրանց օրինակով դաստիարակվող սերունդներ՝ հայի ոգին հավերժ անսասան ու անպարտելի կմնա։

 Անահիտ ՊԵՏՐՈՍՅԱՆ

 
mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter