ԱՐԱՅԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆՆ՝ ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ
17.04.2020 11:43

Ապրիլի 14-ին Արցախի Հանրապետությունում տեղի ունեցավ նախագահական ընտրությունների 2-րդ փուլը։ Առավոտյան ժամը 8-ին՝ սահմանված կարգով բացվել են հանրապետության բոլոր ընտրական տեղամասերը։ Ասկերանի շրջանում դրանց թիվը 42 է, իսկ քվեարկության իրավունք ունեցող քաղաքացիներինը՝ 12104։ Ելնելով ստեղծված իրավիճակից և ընտրողների անվտանգությունն ապահովելու համար բոլոր ընտրական տեղամասերը շրջանի համակամաճարակային կայանի աշխատակիցների կողմից վաղօրոք ախտահանվել էին։ Իսկ տարածքային ընտրական հանձնաժողովը ընտրական տեղամասերն ապահովել է անձնական հիգիենային կանոնները պահպանելու միջոցներով։ Տեղամասային կենտրոնների սանիտարահիգիենիկ վիճակն ու տեղամասային ընտրական հանձնաժողովների անդամների, ընտրողների և այլ անձանց առողջական վիճակի անվտանգության ապահովման ուղղությամբ արվել է հնարավոր ամեն ինչ:  Բոլոր ընտրական տեղամասերն ապահովվել են դիմակներով, ձեռնոցներով, անհատական գրիչներով, ախտահանիչ նյութերով։

Ընտրություններն Ասկերանի շրջանում անցել են հանգիստ, արդար և թափանցիկ մթնոլորտում, որի ընթացքին հետևում էին միջազգային դիտորդներ, տեղական լրատվամիջոցներ և դիտորդական առաքելություն իրականացնող ՀՀ և ԱՀ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ։ Տեղամասերը մեծ ուշադրությամբ և օրենքի խիստ պահպանումով հսկում էին ոստիկանության շրջանային աշխատակիցները, որպեսզի ընտրատարածքներում հերթեր կամ կուտակումներ չգոյանան։ Ընտրողները պահպանում էին անվտանգության բոլոր նորմերը, կատարում իրենց ընտրությունն ու անմիջապես լքում ընտրատարածքը։

Ասկերանի 2/1 ընտրական տեղամասում գրանցված 1619 քաղաքացիներից ընտրությանը մասնակցել է 769 ընտրող։ Տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահ Ռուզաննա Մկրտչյանի հավաստմամբ, ընտրությունների ընթացքը հանդարտ էր, հերթեր չէին գոյանում։ Բոլորն անխտիր պահպանում էին սանիտարական նորմերը, պահպանում սոցիալական հեռավորությունը։ Ընտրատեղամասում գործում էր տեսաձայնային հեռարձակում՝ օնլայն եղանակով։

Տեղամասային կենտրոնները երեք ժամը մեկ հաղորդագրություն էին ուղարկում տարածքային ընտրական հանձնաժողովին՝ ընտրությունների ընթացքի մասին։ Իսկ ժամը 20։00-ին՝ օրենքով սահմանված կարգով փակվեցին շրջանի բոլոր ընտրական տեղամասերը։ Եվ դիտորդների ու ԶԼՄ-ների ներկայացուցիչների ներկայությամբ սկսվել է քվեաթերթիկների հաշվարկը։

Ինչպես տեղեկացել ենք Ասկերանի տարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Կարեն Միրզոյանից, Ասկերանի շրջանում, ինչպես և ընտրությունների 1-ին փուլի ժամանակ, ընտրություններն անցել են բավականին հանգիստ մթնոլորտում։ Ընտրությունների ընթացքում ոչ մի խախտման դեպք կամ թերություն չի գրանցվել, ՏարԸՀ ոչ մի դիմում-բողոք չի մուտքագրվել։

Ասկերանի շրջանում  ընտրողների ընդհանուր 12104 թվից ընտրություններին մասնակցել է 6712 քաղաքացի։ Արայիկ Հարությունյանի օգտին քվեարկել է  5672,  Մասիս Մայիլյանի օգտին՝ 802 քաղաքացի,  238 քվեաթերթիկ անվավեր է ճանաչվել։

Ամփոփելով Արցախի նախագահական ընտրությունների արդյունքները՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է վերջնական արդյունքները, ըստ որի քվեարկության իրավունք ունեցող 104748 (ներառյալ քվեարկության օրը ընտրական տեղամասերում կազմված ընտրողների լրացուցիչ ցուցակների ընտրողների թիվը) քաղաքացիներից ընտրություններին մասնակցել է 47165 ընտրող, որից 39860-ը կամ 84,5 տոկոսն իր վստահության քվեն տվել է ԱՀ նախագահի թեկնածու Արայիկ Հարությունյանին։ Մասիս Մայիլյանի օգտին քվեարկել է՝ 5428 քաղաքացի կամ ընտրողների 11.5 տոկոսը:

Անվավեր քվեաթերթիկների թիվը հանրապետությունում կազմել է 1876 կամ 4 տոկոս:

Արցախի Հանրապետության նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանը պաշտոնը կստանձնի օրենքով սահմանված կարգով՝ Ազգային ժողովի առաջին նստաշրջանի բացման օրը հրավիրված հատուկ նիստում, ժողովրդին տրված հետևյալ երդմամբ. §Ստանձնելով Արցախի Հանրապետության նախագահի պաշտոնը` երդվում եմ. անվերապահորեն կատարել Սահմանադրության պահանջները` հարգել մարդու և քաղաքացու իրավունքներն ու ազատությունները, ապահովել Հանրապետության ինքնիշխանությունը, անկախությունը, տարածքային ամբողջականությունը և անվտանգությունը` ի փառս Արցախի Հանրապետության և ի բարօրություն Արցախի ժողովրդի¦:

Անահիտ ՊԵՏՐՈՍՅԱՆ


 
mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter