ՊԱՀԱՆՋԸ ՆՈՒՅՆՆ Է՝ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ ԵՎ ՀԱՏՈՒՑՈՒՄ |
23.04.2020 11:13 |
Ապրիլի 24-ին ամբողջ աշխարհը ոգեկոչում և դատապարտում է Հայոց մեծ եղեռնը, որը 105 տարի անց դեռևս աշխարհի գերտերությունների արժանի գնահատականին չի արժանացել։ 105 տարի մենք մեր սրտերում կրում ենք այս մեծ վիշտն ու ցավը, անասելի ու անբացատրելի ողբերգությունը, որն ընդմիշտ դաջվել է յուրաքանչյուր հայի սրտում։ Մեր սրտերում և հոգիներում դեռ թարմ են դարեր շարունակ մեր ազգը հալածած չարիքի բարբարոսությունները։ Տանը թե դրսում, Հայրենիքում, թե նրա սահմաններից դուրս, յուրաքանչյուր հայ դատապարտում, ոգեկոչում և արդար պատիժ ու հատուցում է պահանջում իր հայրենակիցների համար։ Այս օրերին, երբ ամբողջ աշխարհը պայքար է տանում անտեսանալի չարիքի դեմ, որը ցնցել է աշխարհը, կաթվածահար արել մեր բնականոն կյանքը, մենք կրկին պայքարում ենք մեր թշնամու ոտնձգությունների դեմ։ Աշխարհը կենտրոնացրել է բոլոր ուժերը, սակայն պարզվում է աշխարհի ուժեղագույն զենքն անգամ անզոր է հաղթել այդ անտեսանելի համավարակը, ինչպես որ անզոր է հաղթահարել մարդկության համար չարիք հանդիսացող թուրքին, որի յաթաղանին զոհ են գնացել բազմաթիվ ազգեր, միլիոնավոր մարդիկ։ Ո՞վ կարող է նկարագրել այն զգացումները, որոնք ճմլում են ականատեսի սիրտը, երբ նա խորհում է այս դժբախտ և հերոսական ԱԶԳԻ մասին, որն աշխարհը զարմացրել է իր խիզախությամբ և անվեհերությամբ, երբ դեռ երեկ Օսմանյան կայսրության ազգերից առավել կենսունակ ու առաջավորն էր, որն այսօր դառնում է սոսկ անցյալի հուշ։ Այսպիսի տողերով է նկարագրել հայոց մեծ վիշտը Ֆայեջ Էլ Հույսենը՝ 1917թվականին: Իրոք, մարդկային առողջ բանականության մեջ չտեղավորվող բռնարարաքներ էին կիրառվում հայերի նկատմամբ, սակայն աշխարհը կարծես թե փակել էր աչքերը հայի դժբախտության վրա՝ թողնելով նրան բախտի քմահաճույքին։ Գերմանացի գիտնական Ալբերտ Էյնշտեյնը հայ ժողովրդի ոչնչացումը մարդկության ողջ պատմության ամենամեծ ողբերգությունն ու ամոթն է համարել, այդ թվում և Գերմանիայի, քանի որ վերջինս լինելով Օսմանյան Թուրքիայի առանջնաշնորհյալ դաշնակիցը՝ ոչինչ չի արել մի ամբողջ քրիստոնյա ժողովրդի կոտորածն արգելելու համար: Չնայած, հայերի ցեղասպանությունը սկիզբ էր առել դեռևս 1800-ական թվականների վերջին, սակայն առաջին աշխարհամարտի տարիներին առավել նպաստավոր պայմաններ ստեղծվեցին, որպեսզի երիտթուրքերը հաշվեհարդար լինեն կայսրության հպատակ հայերի հետ՝ իրականացնելով դեռևս 1911-ին Սալոնիկ քաղաքում տեղի ունեցած գաղտնի ժողովի որոշումը։ Ժողովը նախատեսում էր, որ կայսրության տարածքում բնակվող քրիստոնյաները պետք է բնաջնջվեն, իսկ մուսուլմանները՝ թուրքացվեն։ Անմարդկային ծրագրի հեղինակներն էին Թալեաթ փաշան (ներքին գործերի նախարար), էնվեր փաշան (ռազմական գործերի նախարար), Ջեմալ փաշան (Պաղեստինյան ճակատի հրամանատար), Բեհաեդդին Շաքիր բեյը (երիտթուրքական կենտրոնական կոմիտեի անդամ) և ուրիշներ։ Առաջին համաշխարհային պատերազմի նախօրեին Օսմանյան կայսրությունում ապրում էր երկու միլիոնից ավելի հայ: Մոտ 1,5 մլն հայ սպանվեց 1915-1923 թվականներին, իսկ մնացյալ հատվածը կամ բռնի կերպով դավանափոխ եղավ, կամ դարձավ գաղթական։ Հայոց ցեղասպանության իրագործման առաջին փուլը մոտ 60.000 հայ տղամարդկանց զորակոչն էր օսմանյան բանակ, նրանց զինաթափումն ու սպանությունը: 1915թ. ապրիլի 24-ին սկսված ձերբակալությունները (հիմնականում Օսմանյան կայսրության մայրաքաղաք Կոստանդնուպոլսից) և դրան հետևած հարյուրավոր հայ մտավորականների ու ազգային ընտրանու ոչնչացումը հայ բնակչության բնաջնջման երկրորդ փուլն էր: Ցեղասպանության երրորդ փուլը նշանավորվեց կանանց, երեխաների, ծերերի ջարդով, տեղահանությամբ դեպի սիրիական անապատ, դեպի դժոխք, որի ընթացքում հարյուրհազարավոր մարդիկ սպանվեցին թուրք զինվորների, ոստիկանների, քրդական ավազակախմբերի կողմից, մյուսները մեռան սովից, համաճարակային հիվանդություններից: Հազարավոր կանայք ու երեխաներ ենթարկվեցին բռնության: Հայոց ցեղասպանության վերջին՝ չորրորդ փուլը թուրքական կառավարության զանգվածային տեղահանությունների և հայ ազգի դեմ իր իսկ հայրենիքում իրագործված ցեղասպանության համընդհանուր և բացարձակ ժխտումն է առայսօր: Չնայած Հայոց ցեղասպանության միջազգային դատապարտման շարունակվող գործընթացին` Թուրքիան շարունակում է ցանկացած եղանակով պայքարել ընդդեմ Հայոց ցեղասպանության ճանաչման, պատմության նենգափոխության, քարոզչական տարբեր միջոցների դիմելով, լոբբինգային գործողություններ իրականացնելով և այլ իրեն հայտնի հատուկ միջոցներով: Ֆրանսիացի գրող Անատոլ Ֆրանսը, քաջապես գիտակցելով, որ հայ ժողովրդը հանճարեղ ազգ է, փաստում էր՝ Հայաստանը վերջին շունչն է փչում, բայց նա կվերածնվի: Այն մի փոքր արյունը, որ դեռ նրան մնում է՝ թանկագին արյուն է, որից ծնվելու է մի հերոսական սերունդ: Մի ժողովուրդ, որը չի ցանկանում մեռնել՝ չի մեռնում: Մեծ գրողի խոսքերն արդիական են բոլոր դարերի, բոլոր սերունդների համար։ Քանզի տարիներ շարունակ անարդարության դեմ պայքարած մեր զավակների ջանքերը վերջապես ցանկալի արդյունքներ տվեցին և հաջողությամբ պսակվեցին։ Եվ Արցախյան ազգային-ազատագրական պայքարով սկիզբ դրվեց հայ ժողովրդի նորագույն պատմությանը։ Սակայն կիսատ է դեռևս մեր հաղթանակի ճանապարհը, որը պիտի վաղ թե ուշ հանգրվանի Մասիսի սեգ կատարին։ Համավարակով պայմանավորված ամենամյա ավանդական դարձած ջահերթի փոխարեն այսօր Արցախում ի նշան սրբադասված անմեղ զոհերի հիշատակի խնկարկման՝ յուրաքանչյուր օջախում կվառվեն հիշատակի մոմեր, իսկ եկեղեցիներում կմատուցվեն պատարագներ։ Անահիտ ՊԵՏՐՈՍՅԱՆ
|