ԿԱՏԱՐՎԱԾԸ ՔԻՉ ՉԷ, ԲԱՅՑ ԱՆԵԼԻՔՆԵՐԸ ԵՎՍ ՇԱՏ ԵՆ |
27.04.2020 12:29 |
Շրջանի տարածքում 2019 թվականի կապիտալ ներդրումների ծրագրերով իրականացվող շինարարական աշխատանքների և հետագա խնդիրների ընթացքի մասին տեղեկություններ ստացանք Ասկերանի շրջվարչակազմի աշխատակազմի ՔՃՎ բաժնի վարիչ Ալբերտ Ավանեսյանից: 2019 թվականի ԱՀ կապիտալ ներդրումների պետական պատվերի ծրագրով, <<Հայաստան>> համահայկական հիմնադրամի միջոցներով և ֆինանսական այլ աղբյուրների հաշվին նշանակալի աշխատանքներ են իրականացվել կապիտալ շինարարության, օբյեկտների վերակառուցման-վերանորոգման, շրջանի կարողությունների զարգացման ծրագրի շրջանակներում համայնքների և համայնքների բնակիչներին շինանյութերով օգնություն ցուցաբերելու ուղղությամբ: Կապիտալ շինարարությունում զգալի բաժինը շարունակվում է մնալ պետական պատվերի ծրագրերով իրականացված ներդրումները, որը կազմել է 1381349.0 միլիոն դրամ: Ընթացիկ տարում զոհված ազատամարտիկների, առաջին կարգի հաշմանդամների ընտանիքների համար վերանորոգվել է 7 բնակելի տուն, զոհված ազատամարտիկի մեկ և սոցիալական այլ խմբերում ընդգրկված 2 ընտանիքների տրամադրվել փոխհատուցում: Բազմազավակ ընտանիքների համար Նորագյուղի և Աստղաշենի համայնքներում գնվել է 3 բնակելի տուն: Ընթացքի մեջ է բազմազավակ ընտանիքի համար Ուղտասարի համայնքում 1 բնակելի տան շինարարությունը: Այլ սոցիալական խմբերին պատկանող ընտանիքների համար Ուղտասար, Սղնախ և Այգեստան գյուղերում կառուցվում են մեկական բնակելի տներ: Կառուցվել և շահագործման է հանձնվել Շոշի համայնքի մանկապարտեզի շենքը, Խնձրիստանի համայնքային կենտրոնը, Ասկերան քաղաքի մարզադաշտի հանդերձարանները, Բերքաձորի համայնքում մեկ բնակելի տան շինարարությունը: Աշխատանքներ են տարվել Ավետարանոցի միջնակարգ դպրոցի, Ակնաղբյուրի սպորտդահլիճի, Հիլիսի հանդիսությունների սրահի, Ասկերան քաղաքի բազմաբնակարան շենքերի տանիքների վերանորոգման ուղղությամբ: Ընթացքի մեջ է Ասկերան քաղաքում 3 բազմաբնակարան շենքերի, Աստղաշենի համայնքի 30 տեղանոց մանկապարտեզի շենքի շինարարությունը, Խանցքի համայնքի գազիֆիկացման աշխատանքները: Շոշափելի աշխատանքներ են տարվել նաև շրջանի տարածքով անցնող պետական և ընդհանուր օգտագործման տեղական նշանակության ավտոճանապարհների վերանորոգման, վերակառուցման և պահպանման ուղղությամբ: Մասնավորապես իրականացվել են աշխատանքներ Ստեփանակերտ-Ասկերան ավտոճանապարհի փոսային վերանորոգման, Ստեփանակերտ-Վանք ավտոճանապարհահատվածում Ցեխ Ձոր, Խաչեն և Այգեստան գյուղերի տեղամասերում որոշ հատվածների ծածկի կապիտալ և փոսային վերանորոգման, Ստեփանակերտ-Մարտունի ճանապարհահատվածի Քռասնի-Ննգի փլված ճանապարհի վերականգնման իրականացման ուղղությամբ: ԱՀ պետական բյուջեի միջոցների հաշվին իրականացվող <<Ընթացիկ նորոգման, բարեկարգման և կոմունալ տնտեսության գծով ԱՀ շրջանների կարողությունների զարգացման ծրագրով>> նախատեսված ենթածրագրերով իրականացվել են բազմաթիվ աշխատանքներ: Ասկերանի <<Խաչենշին>> ՓԲԸ-ի կողմից վերանորոգվել են Նախիջևանիկի, Վարդաձորի և Սառնաղբյուրի համայնքներով անցնող ճանապարհահատվածները, Իվանյան-Նորագյուղ-Սարդարաշեն, Աստղաշեն-Պատարա, Խանցք, Հարավ ավտոճանապարհները, Ասկերան քաղաքի ծայրամասային փողոցները: Համագործակցելով ԱՀ ՊԲ-ի հետ ՝ աշխատանքներ են տարվել առաջնագծում առկա ճանապարհների վերականգնման և վերանորոգման ուղղությամբ: Ընդհանուր գումարը կազմել է 104.0 միլիոն դրամ: Վերանորոգվել են Ասկերան քաղաքի բազմաբնակարան շենքերի մուտքերի աստիճանները, Իվանյանի համայնքի բազմաբնակարան երկու շենքերի տանիքները: Ընթացքի մեջ է <<Ղլիժբաղ>> տեղամասում Ն.Ստեփանյանի անվան փողոցի երկայնքով միակողմանի մայթի կառուցման և արտաքին լուսավորության բարելավման գործընթացը: 2019 թվականին շրջանի համայնքներին, բնակիչներին տրամադրվել են շինանյութեր: Շրջվարչակազմի կողմից օգնության կարգով շինանյութեր են ստացել շրջանի 478 բնակիչներ և 14 համայնքներ, գումարը կազմել է 158.2 միլիոն դրամ: Աշխատանքներ են տարվել նաև ջրամատակարարման համակարգերի զարգացման ծրագրով շրջանի Դաշուշենի, Սղնախի, Քռասնու, Շոշի և Այգեստանի համայնքների ջրամատակարարման համակարգերի կառուցման ուղղությամբ, ընթացքի մեջ է Դահրավի և Իվանյանի ջրամատակարարման համակարգերի կառուցումը: Բարեկարգման հիմունքներով <<Ղարաբաղ Տելեկոմ>> ՓԲԸ միջոցներով կառուցվել են Փառուխի և Նորագյուղի համայնքների արտաքին լուսավորության համակարգերը: Ընթացիկ տարում միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհների, Ասկերանի և Իվանյանի համայնքների տարածքներում ԱՀ քաղաքաշինության նախարարության և Ասկերանի շրջվարչակազմի պատվերով Ասկերանի <<Խաչենշին>> և <<Արցախուղի>> ՓԲ ընկերությունների կողմից տեղադրվել է 7 կանգառ-տաղավար: ԱՀ աշխատանքի, սոցիալական հարցերի և վերաբնակեցման նախարարության կողմից շրջանի 33 փախստական ընտանիքի բնակարանային պայմանների բարելավման համար օգնության կարգով 19.4 միլիոն դրամ գումարի չափով շինանյութ է տրամադրվել։ Համաձայն ԱՀ կառավարության որոշման՝ հաշվետու տարում վերաբնակեցվող համայնքներում առնվազը 10 տարի բնակված 12 ընտանիքների օգտագործման իրավունքով հատկացված բնակելի տները նվիրատվության կարգով տրամադրվել են վերջիններիս: Անդրադառնալով 2020 թվականի հունվարից սկսված աշխատանքներին՝ Ալբերտ Ավանեսյանը տեղեկացրեց, որ 2020 թվականի պետական բյուջեի միջոցների հաշվին իրականացվող կապիտալ ներդրումների պետական պատվերով սկսված են Ասկերանի Էդմոն Բարսեղյանի անվան միջնակարգ դպորցի նախադպրոցական մասնաշենքի հիմնանորոգման, Ասկերանի Շահումյան փողոցի 76 շենքի շրջակա տարածքի բարեկարգման, Խնածախի համայնքի ջրամատակարարման համակարգի կառուցման, ծրագրից դուրս մնացած Ասկերան քաղաքի որոշ թաղամասերի ջրամատակարարման համակարգերի կառուցման աշխատանքները: Ասկերանի շրջվարչակազմի աշխատակազմի ՔՃՎ բաժնի վարիչ Ալբերտ Ավանեսյանի հավաստմամբ 2020 թվականին նախատեսվում են բավականին աշխատանքներ, որոնց նա կանդրադառնա, երբ այդ ծրագրերն սկսվեն իրագործվել: Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ |