ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՇՐՋՎԱՐՉԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՄՈՏ
28.04.2020 09:59

Ապրիլի 27-ին Ասկերանի շրջվարչակազմի ղեկավար Հակոբ Ղահրամանյանի մոտ տեղի ունեցավ խորհրդակցություն ղեկավարի տեղակալների, շրջվարչակազմի աշխատակազմի ղեկավարի, բաժինների վարիչների, Ասկերանի քաղաքապետի, Ասկերանի <<Խաչենշին>> ՓԲԸ-ի պատասխանատուների մասնակցությամբ:

Տարբեր բնագավառների պատասխանատուները տեղեկություններ հաղորդեցին շրջանում տիրող իրավիճակի մասին:

Շրջվարչակազմի աշխատակազմի գյուղբաժնի վարիչ Արվիդ Ղուլյանը տեղեկացրեց, որ շրջանում սկսված է գարնանացանը: Ընդհանուր առմամբ շրջանում արդեն կատարվել է 4978 հա հերկ, 2959.2 հա ցանքս և 95 հա ենթացանքս: Ընթացքի մեջ են ընդհանուր պայքարի աշխատանքները վնասատուների և մոլախոտերի դեմ: Կատարվել են նաև 6296 հա արմատային և տերևային սնուցման աշխատանքներ:

Շրջանում իրականացվող շինարարական աշխատանքներին անդրադարձավ շրջվարչակազմի աշխատակազմի ՔՃՎ բաժնի վարիչ Ալբերտ Ավանեսյանը:

Նրա խոսքով, դեռևս իրականացվել են ոչ այնքան շատ ծրագրեր: 2020 թվականի պետական բյուջեի միջոցների հաշվին իրականացվող կապիտալ ներդրումների պետական պատվերով սկսված են Ասկերանի Էդմոն Բարսեղյանի անվան միջնակարգ դպորցի նախադպրոցական մասնաշենքի հիմնանորոգման, Ասկերանի Շահումյան փողոցի 76 շենքի շրջակա տարածքի բարեկարգման, Խնածախի համայնքի ջրամատակարարման համակարգի կառուցման, ծրագրից դուրս մնացած Ասկերան քաղաքի որոշ թաղամասերի ջրամատակարարման համակարգերի կառուցման աշխատանքները:

Կան բազմաթիվ ծրագրեր, որոնք կսկսվեն իրագործվել մոտ ապագայում:

Կրթության բնագավառին անդրադառնալով՝ շրջվարչակազմի աշխատակազմի կրթության և սպորտի բաժնի վարիչ Կառլեն Մայիլյանը նշեց, որ շրջանի հանրակրթական դպրոցներում բավականին հագեցած էր առաջին կիսամյակը, առարկայական օլիմպիադաների արդյունքով շրջանը կրկին առաջատար էր, ինչպես նախորդ տարիներին: Այս ուսումնականում ևս խոստումնալից արդյունքներ էին սպասվում:

Այսօր բոլոր հանրակրթական դպրոցներն անցել են հեռավար ուսուցման: Ուսուցիչներն ու աշակերտներն ամենօրյա կապի մեջ են իրար հետ, արվում է հնարավորը, որպեսզի ավարտին հասցվի ուսումնականը: Իհարկե, կան խնդիրներ՝ կապված համակարգիչների և բջջային հեռախոսների հետ, որոնցով ոչ բոլոր աշակերտներն են ապահովված: Ուրախալին այն է, որ այդ հարցում մեծ օգնություն են ցուցաբերում բարերար մարդիկ՝ տրամադրելով պլանշետներ ու համակարգիչներ:

Կրթության բաժնի վարիչի խոսքով՝ սպասվում է ծանր փուլ, որը կապված է լինելու ավարտական և միասնական քննությունների հետ, դեռևս ճշտված չէ դրանց անցկացման ձևաչափը:

Ասկերանի քաղաքապետ Հայկ Շամիրյանն խոսեց քաղաքում իրականացվող շինարարական և սանիտարական մաքրման աշխատանքների մասին, ինչը քաղաքապետարանի աշխատակազմի ամենօրյա ուշադրության կենտրոնում է գտնվում: Ասկերանի <<Խաչենշին>> ՓԲԸ-ի հետ պայմանավորվածությամբ, պարբերաբար կատարվում են քաղաքի աղբահանման աշխատանքները: Որոշ թաղամասերում աղբամանների տեղափոխման խնդիր էր ծագել, որը լուծվել է, իհարկե,  բնակիչների հետ համաձայնության գալուց հետո:

Քաղաքապետը խոսելով քաղաքում ընթացող շինարարական աշխատանքների մասին՝ նշեց, որ հաճախակի է այցելում տվյալ թաղամասերը և տեղերում ծանոթանում կատարվող աշխատանքների հետ: Այսօրվա դրությամբ սկսված է Ասկերանի Էդմոն Բարսեղյանի անվան միջնակարգ դպորցի նախադպրոցական մասնաշենքի հիմնանորոգման, Ասկերանի Շահումյան փողոցի 76 շենքի շրջակա տարածքի բարեկարգման և Ն.Ստեփանյան փողոցի ասֆալտապատման աշխատանքները:

Հակիրճ տեղեկատվություններով հանդես եկան նաև Ասկերանի <<Խաչենշին>> ՓԲԸ –ի տնօրեն Արմեն Բախշիյանը, շրջվարչակազմի աշխատակազմի ընդհանուր բաժնի վարիչ Սուսաննա Մինասյանը, մշակույթի և երիտասարդության հարցերի բաժնի վարիչ Ռուզաննա Մկրտչյանը, ֆինանսատնտեսագիտական բաժնի վարիչ Նելլի Միրզոյանը:

Իհարկե, ամենակարևոր և մտահոգիչ հարցը նոր կորոնավիրուսի տարածման կանխարգելման աշխատանքներն էին շրջանում, որի մասին տեղեկություններ հաղորդեց կորոնավիրուսի տարածումը կանխարգելող աշխատանքները համակարգող շրջանային հանձնաժողովի նախագահ Արթուր Հարությունյանը:

Ուրախալին այն է, որ շրջանում մինչ այսօր վարակ չի արձանագրվել և շրջանի արտադրամասերից մեկում ինքնամեկուսացված 14 աշխատակիցների թեստավորման պատասխանները բացասական էին:

Ասկերանի շրջանային ՀՀ բաժնի աշխատակիցների կողմից կատարվել է եզրափակիչ ախտահանում ինքնամեկուսացման վայրում և արտադրամասում:

Արտուր Հարությունյանը բարձր գնահատեց Ասկերանի հակահամաճարակային բաժնի աշխատողների պատասխանատու և քրտնաջան աշխատանքը՝ շեշտելով, որ նրանց կողմից տարվում են բոլոր կանխարգելիչ միջոցառումները շրջանում: Պարբերաբար ախտահանման աշխատանքներ են իրականացվում բոլոր համայնքներում, սննդի օբյեկտներում և արտադրամասերում, ինչպես նաև Ասկերան քաղաքի կենտրոնական պուրակում և բոլոր խաղահրապարակներում: Բաժինը համագործակցում է Ասկերանի <<Խաչենշին>> ՓԲԸ-ի հետ:

Արթուր Հարությունյանը շեշտեց, որ պահպանելով անձնական հիգիենայի համապատասխան կանոնները և առաջնորդվելով ԱՀ առողջապահության նախարարության հրահանգներով՝ շրջանում հնարավոր կլինի պահպանել կայուն իրավիճակը:

Լսելով պատասխանատուների կողմից հնչեցված տեղեկատվությունները՝ շրջվարչակազմի ղեկավարը հորդորեց յուրաքանչյուրին պատասխանատվությամբ լծվել իրենց վերապահված աշխատանքին և միշտ հիշել, որ յուրաքանչյուր աշխատանք պետք է թափանցիկ և բաց լինի: Միայն այդ դեպքում որևէ բնագավառի պատասխանատուն կկարողանա  պատասխանել իր աշխատողի կամ ցանկացած բնակչի բարձրացրած հարցին:

Հակոբ Ղահրամանյանն անդրադաձավ նաև շրջվարչակազմի ֆեյսբուքյան էջում բնակչության կողմից բարձրացվող հարցերին՝ հորդորելով, որպեսզի այդ հարցերին տրվեն պատասխաններ համապատասխան բնագավառների պատասխանատուների կողմից:

Շրջվարչակազմի ղեկավարը տվեց հրահանգներ և խոսեց հետագա անելիքների մասին:

Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ

 

 
mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter