ԳՆԱՀԱՏԵՆՔ ՄԱՐԴՈՒ ՀԱՄԱՐ ԱՄԵՆԱԿԱՐԵՎՈՐԸ՝ ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ |
30.04.2020 11:04 |
Ասկերանի շրջանում սանիտարա-համաճարակային հսկողությունը վերահսկվում է համաճարակաբանության և հիգիենայի Ասկերանի շրջանային բաժնի կողմից: Վերահսկողությունը կատարվում է պատշաճ մակարդակով և ամենայն պատասխանատվությամբ: Բաժինը տանում է աշխատանքներ սուր վարակիչ հիվանդությունների կանխարգելման համաճարակային իրավիճակի բարելավման համար: Վերջին ժամանակահատվածում Ասկերանի ՀՀ շրջանային բաժինն աշխատում է բազմապատկված պատասխանատվությամբ ՝ համաշխարհային խնդիր դարձած պանդեմիայի պատճառով: Հակահամաճարակային բաժնի կողմից նոր տեսակի կորոնավիրուսի վարակի թափանցումը կանխարգելելու և շրջանում համաճարակային վիճակը կայուն պահպանելու ուղղությամբ մեծ աշխատանքներ են տարվում: Բարեբախտաբար, շրջանում մինչ այսօր կորոնավիրուսի վարակի ոչ մի դեպք չի արձանագրվել: Տեղեկանալու, թե ընդհանուր առմամբ ինչպիսի իրավիճակ է տիրում շրջանում՝ որոշեցինք հանդիպել Ասկերանի շրջանային ՀՀ բաժնի պետ Իրադա Խաչատրյանի հետ: -Տիկին Խաչատրյան, ինչպիսին է սանիտարահամաճարակային վիճակը շրջանում: -2020 թվականի հունվարից առ այսօր շրջանում վարակիչ հիվանդությունների իրավիճակը կայուն է: Գրանցվել է վարակիչ հիվանդությունների 44 դեպք, որից` 7 ջրծաղկի, 7 քութեշի, 5 տրիխոֆիտիայի, 2 լեյշմանիոզի, 17 սուր աղիքային վարակ չհաստատված ծագման, 3 դիզենտերիայի, 3 գրիպ H1N1-ի դեպքեր: Բոլոր վարակիչ հիվանդությունների օջախներում կատարվել են ընթացիկ և եզրափակիչ ախտահանման աշխատանքներ: Պետք է նշեմ, որ Արցախի Հանրապետությունում 2011- 2020 թվականների ընթացքում համաճարակային իրավիճակը ընդերային լեյշմանիոզ հիվանդության առումով լարվել է: Ընդերային լեյշմանիոզը տարափոխիկ հիվանդություն է, որի առանձնահատուկ փոխանցողները մլակներն են, իսկ հիվանդության աղբյուրը` թափառող շները, շնագայլերը, վայրի կրծողները: Ասկերանի շրջանում 2011-2020թթ. գրանցվել է ընդերային լեյշմանիոզի19 դեպք: Հիմք ընդունելով շրջանում գրանցված լեյշմանիոզ հիվանդության դեպքերը՝ ընդունվել է ծրագիր, որի նպատակն է կանխարգելել հիվանդության առաջացումը և տարածումը: Ըստ ընդունված ծրագրի՝շրջանի բոլոր համայնքներում կատարվում են սեզոնային դեռատիզացիոն և դեզինսեկցիոն աշխատանքներ: Այդ հարցում կարևոր է գյուղական համայնքների, տարածքների սանիտարական պահպանման դրվածքը` կենցաղային աղբահանման ժամանակին կազմակերպումը և տարածքների մաքրումը: Շրջանում համաճարակաբանական իրավիճակը կատաղության հիվանդությունների հետ կապված ևս մնում է կայուն: 2020 թվականին գրանցվել է կենդանիների կողմից տուժածների 27 դեպք: Հիվանդության կանխարգելման նպատակով բոլոր հաշվառված անձիք ստացել են փայտացման և հակակատաղության դեմ պատվաստումներ, նրանք գտնվում են վերահսկողության տակ: -Ինչպես է իրականացվում իմունականխարգելումը: -ԱՀ-ում իմունականխարգելումն իրականացվում է 2011-2015 թթ. Իմունականխարգելման պետական ծրագրի շրջանակում` 11 վարակիչ հիվանդությունների դեմ, պատվաստումների պետական օրացույցի համաձայն: Զանգվածային պատվաստումների շնորհիվ հանրապետությունում, ինչպես նաև մեր շրջանում համաճարակային իրավիճակը կայունացված է : Պատվաստանյութերը մենք ստանում ենք Հայաստանի Հանրապետությունից, դրանք բոլորը համապատասխանում են որակի սահմանված չափանիշներին, և ունենք պատշաճ պայմաններ պատվաստանյութերը տեղափոխելու և պահպանելու համար: 45 օրը մեկ (8 շրջագայությամբ) բոլոր համայնքներում կատարում ենք 0-18 տարեկան երեխաների և բնակչության 26, 36, 46, 56 տարիքային խմբերի պատվաստումները: Շրջանում իրականացնում ենք նաև նախազորակոչի պատվաստումները: Պատվաստանյութերի տեղափոխումն իրականացվում է սառնարան պայուսակներով` խստիվ պահպանելով սառցային շղթան: -Ինչպիսի՞ հետազոտություններ են կատարվում բաժնի կողմից: -Շրջանի ՀՀ բաժինն ունի լաբորատոր ծառայություն, որն իրականացնում է անհրաժեշտ ծավալի մանրէաբանական, սանիտարաքիմիական, մակաբուծաբանական հետազոտություններ: 2020 թվականին կատարվել է մանրէաբանական 1169, մակաբուծաբանական` 535 հետազոտություն, որից 21-ը դրական արդյունքներով էին: Կատարվել է նաև ջրի սանիտարաքիմիական և մանրէաբանական 130 հետազոտություն: Ջրի բարելավման գործում կարևոր են այն աշխատանքները, որոնք իրականացվում են համայնքների ղեկավարների և Ասկերանի <<Խաչենշին>> ՓԲԸ-ի կողմից: Ամառային սեզոնին սուր աղիքային վարակների կանխարգելման նպատակով կարևոր են ջրավազանների մաքրման և ախտահանման աշխատանքները, որոնք, պետք է փաստեմ, Ասկերանի <<Խաչենշին>> ՓԲԸ կողմից իրականացվում են պարբերաբար: Բաժնի կողմից տարվում են բացատրական աշխատանքներ բնակչության շրջանում՝ նրանց ուշադրությունը սևեռելով աղբը և կեղտաջրերը համապատասխան տեղեր թափելու վրա, իսկ ամառային օրերին ավելի է խստացվում մեր կողմից իրականացվող վերահսկողությունը շրջանի սանիտարական կանոնների պահպանման ուղղությամբ: Շեշտեմ, որ բաժինը սերտ համագործակցում է Ասկերանի <<Խաչենշին>> ՓԲԸ, շրջանի բոլոր համայնքների ղեկավարների և շրջանում գործող հիմնարկ-ձեռնարկությունների հետ: - Տիկին Խաչատրյան, այսօր լարված և դժվարին ժամանակաշրջան ենք ապրում, նոր կորոնավիրուսը, ասես, փոխել է մարդկանց բնականոն կյանքի հունը… - Իհարկե, բնական է, որ բնակչության մեջ նկատվում է որոշակի խուճապ, առանձնապես այն երևում է մեծահասակների և քրոնիկ հիվանդների մոտ, որոնք դասվում են խոցելի խմբերին: Միաժամանակ, պետք է նկատենք և ողջունենք, որ բնակչությունը կարողանում է պահպանել անձնական հիգիենայի կանոնները և առաջնորդվել ԱՀ առողջապահության նախարարության հրահանգներով: Անհերքելի է, որ բացատրական աշխատանքները ևս տալիս են դրական արդյունքներ, մարդիկ գիտակցում, հասկանում են այդ հիվանդության ողջ լրջությունը, հետևում են մյուս պետությունների իրադարձություններին և անում են ամեն ինչ, որպեսզի խուսափեն վարակի ներթափանցումից: Ասեմ, որ շրջանում ստեղծվել է կորոնավիրուսի տարածումը կանխարգելող աշխատանքները համակարգող շրջանային հանձնաժողով, որը ղեկավարում է Ասկերանի շրջվարչակազմի ղեկավարի տեղակալ Արթուր Հարությունյանը: Բոլոր տեսակի կանխարգելիչ միջոցառումները կատարում ենք համագործակցելով, և փաստեմ, որ շրջանում այդ աշխատանքները պատշաճ մակարդակի վրա են: Հատուկ ուշադրության կենտրոնում են գտնվում գործող բոլոր հիմնարկ - ձեռնարկությունները, խանութները և սննդի օբյեկտները: Ուժեղացվել է հսկողությունը սանիտարահիգիենիկ ռեժիմի և ախտահանման լրացուցիչ միջոցառումների իրագործման նկատմամբ: Սննդի բոլոր օբյեկտները ապահովված են ախտահանիչ նյութերով, աշխատակիցները կրում են անհատական օգտագործման դիմակներ և ձեռնոցներ՝ պահպանելով հիգիենայի բոլոր կանոնները: Ասկերանի <<Խաչենիշին>> ՓԲԸ-ի աշխատակիցները բաժնի ախտահանողների հետ միասին ախտահանման աշխատանքներ են իրականացնում Ասկերան քաղաքի կենտրոնական պուրակում և բոլոր խաղահրապարակներում: Պարբերաբար կատարվում են բազմաբնակարան շենքերի շքամուտքերի, հասարակական տրանսպորտային միջոցների, հիմնարկ-ձեռնարկությունների շենքերի ախտահանման ամենօրյա աշխատանքներ: Կորոնավիրուսի տարածումը կանխարգելող աշխատանքներն ավելի արդյունավետ իրականացնելու համար բաժինը համագործակցում է Ասկերանի շրջվարչակազմի, ոստիկանության Ասկերանի շրջբաժնի, Ասկերանի շրջանի ԱԻՊԾ բաժնի, Ասկերանի ՇԲՄ-ի, Ասկերանի <<Խաչենշին>> ՓԲԸ-ի և համայնքների ղեկավարների հետ: Կցանկանայի շրջանի բնակչությանը հորդորել խուճապի չմատնվել, սակայն պահպանել ողջամտություն, լինել աչալուրջ և պահպանել անձնական հիգիենայի բոլոր կանոնները: Եկեք, գնահատենք մարդու համար ամենակարևորը՝ առողջությունը և աշխատենք առողջ լինել: Դե ինչ, կարծում եմ՝ մեզանից յուրաքանչյուրը կհամակվի իր շրջապատի սանիտարական մաքրությունը պահպանելու ավելի մեծ ցանկությամբ և այս բարդ ժամանակահատվածում կլինենք զգոն, կարգապահ, որպեսզի կարողանանք համատեղ ուժերով հաղթահարել հանկարածակի բռնկված համավարակը: Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ
|