ՇԱՐՈՒՆԱԿԵՆՔ ԱՇԽԱՏԵԼ ՆՈՒՅՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ |
30.04.2020 20:06 |
Ապրիլի 30-ին Ասկերանի շրջվարչակազմում կայացավ նոր կորոնավիրուսի տարածումը կանխարգելող աշխատանքները համակարգող Ասկերանի շրջանային հանձնաժողովի նիստը, որը վարում էր հանձնաժողովի նախագահ Արթուր Հարությունյանը: Օրակարգի հարցը մեկ ամսվա ընթացքում կատարված աշխատանքներն էին, որոնց մասին տեղեկություններ հաղորդեցին հանձնաժողովի անդամները: Ասկերանի հակահամաճարակային շրջանային բաժնի սանիտարական բժիշկ Համլետ Աղաբալյանը ներկայացնելով հակահամաճարակային իրավիճակը շրջանում՝ շեշտեց, որ բաժինն աշխատում է ուժեղացված ռեժիմով: Ավելի է խստացվել հսկողությունը շրջանի սանիտարահիգիենիկ ռեժիմի և ախտահանման լրացուցիչ միջոցառումների իրագործման նկատմամբ: Ամենօրյա ուշադրության կենտրոնում են տրանսպորտային միջոցների, բազմաբնակարան շենքերի շքամուտքերի, հասարակական վայրերի ախտահանման աշխատանքները, որոնք իրականացվում են Ասկերանի <<Խաչենիշին>> ՓԲԸ-ի հետ միասին: Շրջանում վարակի դեպքեր չեն գրանցվել, սակայն որոշ համայնքներում կան մեկուսացվածներ, որոնց հանդեպ վերահսկողություն են տանում շրջանային ՀՀ բաժինը, <<Ասկերանի ՇԲՄ>> ՓԲԸ-ն, ոստիկանության շրջբաժինը: Ասկերանի սոցիալական ծառայության տարածքային գործակալության պետ Գարիկ Պետրոսյանը տեղեկացրեց, որ Արցախի Հանրապետության աշխատանքի, սոցիալական հարցերի և վերաբնակեցման նախարարության կողմից շրջանի 63 տարին լրացած չաշխատող միայնակ 44 քաղաքացու տրամադրվել է մեկ ամսվա պարենամթերք և հիգիենիկ պարագաներ: Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի Թեմի կողմից շրջանի Հայրենական Մեծ պատերազմում զոհվածների ընտանիքները, հաշմանդամները, մասնակիցները և նրանց հավասարեցված անձինք /21 հոգի/ ևս ստացել են պարենամթերք և հիգիենիկ պարագաներ: Ինչպես նաև բաժինն օգնություն է ստացել տարբեր բարեգործական ընկերություններից և այն բաժանել հասցեատերերին: Գարիկ Պետրոսյանն ավելացրեց, որ ԱՀ կառավարության որոշման համաձայն, որը վերաբերում է կորոնավիրուսի սոցիալական հետևանքների չեզոքացման միջոցառումներին, բաժինը սկսել է փաստաթղթերի հավաքագրում, որոնք վերաբերում են սոցիալական մի շարք խմբերի: Այդ մասին գրավոր տեղեկացված են բոլոր համայնքների ղեկավարները և իրազեկված են համապատասխան խմբերի ներկայացուցիչները: Ասկերանի քաղաքապետ Հայկ Շամիրյանն անդրադառնալով կատարված աշխատանքներին՝ շեշտեց, որ Ասկերան քաղաքում ևս ուժեղացվել է վերահսկողությունը սանիտարահիգիենիկ վիճակի հանդեպ: Ժամանակին կատարվում են աղբահանման և ախտահանման բոլոր աշխատանքները և համագործակցելով Ասկերանի ՀՀ շրջանային բաժնի և Ասկերանի <<Խաչենշին>> ՓԲԸ-ի հետ՝ քաղաքում պահպանվում է կայուն սանիտարահիգիենիկ վիճակ: Հայկ Շամիրյանը նշեց նաև, որ <<Առողջ Արցախ>> հասարակական կազմակերպության կողմից քաղաքի 10 միայնակ ծերեր ստացել են մեկ ամսվա պարենամթերք: Արթուր Հարությունյանն ամփոփելով աշխատանքները՝ շեշտեց, որ, իրոք, կատարվել են բավականին աշխատանքներ: -Բարեբախտաբար, մեր շրջանում դեպքեր չեն գրանցվել, իսկ մեկուսացված բնակիչների հանդեպ իրականացվում է պատշաճ վերահսկողություն: Պետք է նշենք, որ Ասկերանի ՀՀ շրջանային բաժինն իր պարտականությունները կատարել է ամենայն պատասխանատվությամբ և որպես փորձառու աշխատախումբ՝ մասնակցել է նաև այլ շրջանների կանխարգելիչ միջոցառումներին: Սակայն չպետք է կորցնենք մեր զգոնությունը, շարունակենք լինել հետևողական, կարգապահ՝ պահպանելով անվտանգության բոլոր նորմերը: Վերջում Արթուր Հարությունյանը տվեց մի շարք հանձնարարականներ և հորդորեց առաջիկայում ևս աշխատել նույն պատասխանատվությամբ: Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ |