ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՆՎԻՐՎԱԾ ԲԵՐՔԱՀԱՎԱՔՆ ԱՆԿՈՐՈՒՍՏ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒՆ |
30.04.2020 20:17 |
Ապրիլի 30-ին Ասկերանի շրջվարչակազմում կայացավ շրջանային հակահրդեհային անվտանգության հանձնաժողովի նիստ: Այն վարում էր շրջվարչակազմի ղեկավարի տեղակալ, հանձնաժողովի նախագահ Արթուր Հարությունյանը: Նա ներկայացրեց Ասկերանի շրջվարչակազմի ղեկավարի որոշումը, որը հացահատիկային մշակաբույսերի բերքահավաքի անկորուստ անցկացմանը, հակահրդեհային անվտանգության հանձնաժողովի կազմի և հակահրդեհային կանխարգելիչ միջոցառումների պլանը հաստատելու մասին էր: Արթուր Հարությունյանը նշեց, որ հացահատիկային կուլտուրաների բերքահավաքը կազմակերպված և անկորուստ անցկացնելու նպատակով անհրաժեշտ է համայնքներում ևս ստեղծել հակահրդեհային անվտանգության հանձնաժողովներ՝ համայնքների ղեկավարների գլխավորությամբ և կամավորական հրշեջ-փրկարար խմբեր ու մինչև մայիսի 15-ը ցուցակները ներկայացնել քաղաքացիական պաշտպանության շրջանային շտաբ: Հանձնաժողովի նախագահը հանձնարարեց ԱՀ ԱԻՊԾ Ասկերանի շրջանային բաժնի պետ Արամ Ասրյանին մինչև բերքահավաքի սկիզբը բերքահավաքին մասնակցող բոլոր մեխանիզատորների և վարորդների հետ անցկացնել հակահրդեհային անվտանգության կանոններին համապատասխան հրահանգավորում, իսկ չհրահանգավորված անձանց չթույլատրել մասնակցել բերքահավաքի աշխատանքներին: Ապա քննարկվեցին հրդեհավտանգ ժամանակաշրջանում անխափան և հուսալի հեռախոսակապի, բժշկական ապահովման, էլեկտրահաղորդման գծերի փայտե հենասյուների շրջակայքը չոր խոտերից մաքրելու հետ կապված հարցեր: Հանձնաժողովականները հատուկ կանգ առան մինչև բերքահավաքի սկիզբը բերքահավաքի և կերակուտակման աշխատանքներին ներգրավված բոլոր ինքնագնաց գյուղագրեգատները, կոմբայնները, տրակտորները և մեքենաները սկզբնական հրդեհամարիչ միջոցներով ապահովված լինելու վրա: Քննարկվեցին նաև մի շարք հարցեր և արվեցին տարբեր առաջարկություններ հացահատիկային մշակաբույսերի բերքահավաքն անկորուստ և անվտանգ անցկացնելու վերաբերյալ: Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ |