ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ ԱՍԿԵՐԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՆԻՍՏ
30.04.2020 20:23

Ապրիլի 30-ին տեղի ունեցավ Ասկերանի համայնքի ավագանու նիստ, որը համայնքի նորընտիր քաղաքապետ Հայկ Շամիրյանի ղեկավարությամբ առաջին նիստն էր։ Մինչ նիստի օրկարգային հարցերի քննարկմանն անցնելը՝ քաղաքապետի առաջարկով ներկաները մեկ րոպե լռությամբ հարգեցին Ասկերանի նախկին քաղաքապետ, երջանկահիշատակ Սամվել Աղաջանյանի հիշատակը։

Ապա Հ. Շամիրյանը ներկաներին ներկայացրեց համայնքի

ղեկավարի նորանշանակ տեղակալ Կարեն Ջումշուդյանին, հույս հայտնելով, որ քաղաքապետի տեղակալը պատվով կկատարի իր առջև դրված պարտականությունները և իր ծառայությունն ու նպաստը կբերի հարազատ համայնքին։

Ավագանու անդամների կողմից նիստի օրակարգը հաստատելուց հետո, նիստի մասնակցիներն անցան օրակարգային հարցերի քննարկմանը։

Առաջին հարցը վերաբերում էր Ասկերանի համայնքի 2020թվականի բյուջեի առաջին եռամսյակի կատարման արդյունքներին, ըստ որի ընթացիկ տարվա առաջին եռամսյակի ցուցանիշներով բյուջեի կատարողականը կազմել է 67.1 տոկոս կամ նախատեսված 15975700 դրամից հավաքագրվել է 10206348 դրամ։ Որոշ հոդվածներով բյուջեի հանդեպ պարտավորությունները գերակատարվել են։ Նույն ժամանակահատվածում համայնքի ծախսերը կազմել են 54.4 տոկոս կամ նախատեսված 15159700 դրամից ծախսվել է 8270418 դրամ։

Անցնելով օրակարգային հաջորդ հարցի քննարկմանը, որը վերաբերում էր Ղլիժբաղի տեղամասում գտնվող գերեզմանոցներում մայիսի 1-ին սանիատարական մաքրման շաբաթօրյակի անցկացմանը, Հ. Շամիրյանը տեղեկացրեց, որ հաշվի առնելով, որ մայիսի 1-ը նշվում է որպես աշխատավորների միջազգային տոն, օրը որոշվեց անցկացնել հանրօգուտ աշխատանք կատարելով։ Նախօրեին Ասկերանի գերեզմանոցներում ՙԽաչենշին՚ ՓԲ ընկերության աշխատակիցների կողմից իրականացվել են  մոլախոտերից և ավելորդ մացառուտներից մաքրման աշխատանքներ։ Ընկերության աշխատակիցները՝ համապատասխան տեխնիկական միջոցներով և սարքավորումներով կմասնակցեն այս շաբաթօրյակին ևս։ Ինչպես նշեց քաղաքապետը, շաբաթօրյակին ակտիվ մասնակցություն ցուցաբերած քաղաքացիները կխրախուսվեն քաղաքապետարանի կողմից։

Որոշումը մեծ գնահատանքի արժանացավ ավագանու անդամների և ներկաների կողմից։

Օրակարգային հաջորդ հարցերը վերաբերում էին քաղաքացիների կողմից հողամասերի վարձակալությամբ տրամադրմանն ու առանձին անհատների կողմից ներկայացրած դիմումների քննարկմանը։

Ավագանու նիստին մասնակից Սուրեն Թովմասյանը սեփական փորձից գիտի հանօրգուտ շաբաթօրյակների արդյունավետությունը։ Ինքն էլ տարիներ շարունակ հայրենի Քյաթուկ գյուղի գերեզմանոցներում շաբաթօրյակներ էր կազմակերպում և անցկացնում։ Դա հարգանք և խոնահրում է նաև մեր նախնիների, մեր անցավորների անմար հիշատակին և յուրօրինակ համախմբվածության և միասնականության դաս։ Ուստի ողջունեց քաղաքապետի անդրանիկ նիստի ձևաչափն ու օրակարգում ընդգրկված հարցերի շուրջ ծավալուն բանավեճերի արդյունքում քաղաքացիների դիմում-հայտերի ուղղությամբ ընդունված արդարացի և ճիշտ որոշումները։

Նիստում քննարկված հարցերի շուրջ ընդունեցին համապատախան որոշումներ, մեկ հարցի քննարկում հետաձգվեց։

Անահիտ ՊԵՏՐՈՍՅԱՆ

 

 
mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter