ԱՇԽԱՏԱՎՈՐՆԵՐԻ ՏՈՆՆ ԱՍԿԵՐԱՆՈՒՄ ՆՇՎԵՑ ՅՈՒՐՈՎԻ |
01.05.2020 14:56 |
Մայիսի 1-ը Աշխատանքի և աշխատավորների միջազգային օրն է: Այն նշվում է աշխարհի բազմաթիվ երկրներում: Առաջին անգամ տոնը նշվել է 1890թ. Ավստրո-Հունգարիայում, Բելգիայում, Գերմանիայում, Դանիայում, Իսպանիայում, Նորվեգիայում և մի շարք այլ երկրներում: ցույցը ցրելու հետևանքով մահացել էր 8 ոստիկան և 4 ցուցարար, տուժել էին տասնյակ մարդիկ: 1889թ. Երկրորդ ինտերնացիոնալի փարիզյան կոնգրեսը ի հիշատակ Չիկագոյի դեպքերի՝ որոշում ընդունեց մայիսի 1-ին ամենամյա ցույցեր անցկացնելու մասին: Աշխատավորների միջազգային օրն առաջին անգամ նշվել է 1890թ.: Աշխատավորների միջազգային օրը չնայած մի որոշակի ժամանակահատվածում դուրս էր մնացել մեր տոնացույցից, սակայն հաշվի առնելով տոնի կարևորությունը՝ այն կրկին ընդգրկվել է տոնական և ոչ աշխատանքային օրերի ցանկում։ Չնայած համավարակի հետևանքով մեր ամենաօրյա կյանքում մտցված սահմանափակումներին, Ասկերանի քաղաքապետարանը որոշեց Աշխատավորների օրն անցկացնել հանրօգուտ աշխատանք կատարելով։ Ասկերանի երկու գերեզմանատներում կազմակերպվել և անցկացվել են մացառուտներից և մոլախոտերից մաքրման աշխատանքներ։ Մայիսմեկյան շաբաթօրյակը անցավ մարդկանց ակտիվ մասնակցությամբ։ Կազմակերպված շաբաթօրյակի աշխատանքներին հետևելու և նախաձեռնությունը ողջունելու էր եկել վարչակազմի ղեկավար Հակոբ Ղահրամանյանը։ Նա շնորհավորեց բոլորին Աշխատավորների միջազգային տոնի կապակցությամբ, հույս հայտնելով, որ նախաձեռնությունը վարակիչ կլինի նաև մյուս համայնքների համար։ Ասկերանի քաղաքապետ Հայկ Շամիրյանը վստահեցրեց, որ այսօրինակ շաբաթօրյակներն ավանդական են դառնալու։ Նա նաև շնորհավորեց ասկերանցիներին տոնի առիթով և շնորհակալություն հայտնեց համաքաղաքացիներին քաղաքապետարանի հայտարարությանն արագ արձագանքելու և ակտիվ մասնակցություն ցուցաբերելու համար։ Քաղաքապետի կողմից հատուկ շնորհակալության և ուշադրության արժանացան ՙԽաչենշին՚ ՓԲ ընկերության աշխատակիցները։ Անահիտ ՊԵՏՐՈՍՅԱՆ
Լուսանկարները ՎԱԼԵՐԻ ՊԵՏՐՈՍՅԱՆԻ |