ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ |
06.05.2020 16:46 |
Գյուղատնտեսությունն Արցախի Հանրապետությունում խթանելու, երկրի բնակիչների զբաղվածության հարցը լուծելու համար կառավարության կողմից տարեց -տարի շատանում և բազմաբովանդակ բնույթ են ստանում գյուղատնտեսությանբ զբաղվողներին աջակցություն ցուցաբերելու ծրագրերը։ Մենք ագրարային երկիր ենք և այս բնագավառում անելիքներն ու խնդիրներն առաջնահերթություն են կազմում։ Եվ գաղտնիք չէ, որ պետության կողմից գյուղատնտեսության զարգացմանը միտված ծրագրերը մեծապես նպաստել են մշակվող հողատարածքների և արտադրվող մթերքների ծավալների մեծացմանը։ Ինչպես տեղեկացանք Ասկերանի շրջվարչակազմի աշխատակազմի գյուղատնտեսության բաժնի վարիչ Արվիդ Ղուլյանից՝ 2019 թվականին նախորդ տարվա համեմատ շրջանում ավելի քան 1000 հեկտարով ավելացել են հացահատիկային և տեխնիկական մշակաբույսերի ցանքատարածքները՝ կազմելով 16 154 հա։ Գերակա ճյուղը եղել և մնում է հացահատիկի արտադրությունը։ 2019-ին ստացվել է 25 130 տոննա համախառը բերք, միջին բերքատվությունը կազմել է 19.2 ց/հա: Բնական աղետները բացասական ազդեցություն են թողել գյուղատնտեսական մթերքների արտադրության ակնկալվող արդյունքների վրա։ Շրջանում բնական աղետներից տուժել է ընդհանուր ցանքատարածությունների 34 տոկոսը կամ 5361 հա, այդ թվում 1918 հա կարկտահարությունից, 3443 հա՝ երաշտից: ԱՀ կառավարության կողմից 80-100 տոկոսով տուժած հողօգտագործողներին 46մլն 148 500 դրամի չափով աջակցություն է ցուցաբերվել, փոխհատուցվել են նաև բնական աղետներից վնաս կրած հողօգտագործողների հողի հարկերն ու վարձավճարները՝ ընդհանուր առմամբ 29մլն 233 808 դրամ: Ինչպես միշտ գյուղատնտեսական նշանակության հողերի մշակության արդյունավետության բարձրացման գործում ցանքաշրջանառությունների կիրառման ուղղությամբ տարվող աշխատանքները եղել են ուշադրության կենտրոնում: Նախորդ տարվա համեմատությամբ զգալիորեն ավելացել են գարնանացան սերմերի պահանջարկի հայտերը, իսկ փաստացի ցանքերը կազմել են 6337 հա: ԱՀ բուսաբուծության զարգացման համալիր ծրագրի շրջանակներում շրջանի հողօգտագործողները անհատույց ստացած սերմերից բացի, ստացել են նաև 94.1-ական տոննա ֆոսֆորական և կալիումական պարարտանյութ: Բանջարանոցային մշակաբույսերով զբաղվող 67 հողօգտագործողներ 121,85 հա ցանք կատարելու համար ստացել են 22մլն 797 500 դրամ դրամաշնորհ: Նույն ծրագրով շրջանի բնակչությանն՝ ըստ ներկայացված հայտերի, անհատույց տրամադրվել են նռան տնկիներ։ Ներկա դրությամբ նռան այգիները հասցվել են 860 հետկարի, որից 158.5 հա հիմնադրվել է 2019 թվականին։ Շրջանն ունի 412հա նռան բերքատու այգի։ Նախորդ տարվա համեմատությամբ նռան արտադրությունն ավելացել է 543 տոննայով, կազմելով 2388 տոննա։ Արտադրվել է 758.8 տոննա խաղող, 927 տոննա կարտոֆիլ, ինչը համապատասխանաբար 11.5 և 310 տոննայով զիջում է նախորդ տարվա ցուցանիշը: 2019 թվականին շրջանում բավականին ավելացել են արքայանարնջի, ձմերուկի և սեխի արտադրության ծավալները։ Մեկ այլ ծրագրով շրջանի բարձրադիր գոտում գտնվող 12 համայնքի 30 բնակչի անհատույց տրամադրվել են 17459 հատ 8 տարբեր տեսակի պտղատու ծառերի տնկիներ՝ 44,7 հա այգիներ հիմնադրելու համար: 2019 թվականին որոշակի աշխատանքներ են տարվել ոռոգման համակարգի բարելավման ուղղությամբ: Աշխատանքներ են տարվել Խրամորթի, Խնապատի և Ակնա թաղամասի խորքային հորերի և Սառնաղբյուրի քահրիզի մաքրման ուղղությամբ: Անցած տարում առաջընթաց է գրանցվել գյուղատնտեսական արտադրության տարբեր ճյուղերում առաջատար տեխնոլոգիաների կիրառման, ոռոգման կաթիլային համակարգերի, անձրևացման եղանակով ոռոգման արմատավորման գործում: Կաթիլային ոռոգման համակարգերը գործել են 390 հա այգիներում և 32 հա սոխի, ինչպես նաև եգիպտացորենի ցանքատարածություններում։ Գյուղբաժնում ընդունվում են նոր հայտեր՝ ոռոգման կաթիլային համակարգի անցնելու համար: Շրջանում անասնապահության բնագավառում ՝ նախորդ տարվա համեմատությամբ, 2019թ. արձանագրվել է գյուղատնտեսական կենդանիների գլխաքանակի որոշակի աճ. խոշոր եղջերավոր անասունների գլխաքանակն ավելացել է 822 գլխով, կազմելով 8588, մանր եղջերավոր անասուններինը՝ 11 076 կամ 627 գլխով ավելի, խոզերինը՝ 6409 գլուխ՝ 135 գլխով ավելի։ Գրանցվել է 97 285 թև թռչուն՝ 5304 - ով ավելի: Միաժամանակ, անասնագլխաքանակի մասնատված և անկանոն պահվածքի, հոտում բարձր մթերատու անասունների ցածր տեսակարար կշռի, կերարտադրության նկատմամբ ուշադրության պակասի և այլ թերացումների հետևանքով շրջանում ցածր է մնում մթերատվությունը: Նախորդ տարվա համեմատությամբ կաթի արտադրությունը նվազել է 3 տոկոսով, ձվինը՝ 1մլն 63 000 հատով, մեղրի արտադրությունը՝ 23.9 տոննայով: Առաջընթաց գրանցվել է միայն մսի արտադրությունում, որի ծավալը՝ կենդանի քաշով, կազմել է 860.3 տոննա: Գաղտնիք չէ, որ գյուղատնտեսական արտադրության բնագավառում բարձր ցուցանիշներ կարող ենք ակնկալել միայն հողերի մշակության աշխատանքների ագրոտեխնիկական ժամկետներում և որակով կատարման, նոր տեխնիկական միջոցների և տեխնոլոգիական լուծումների, աջակցության ծրագրերի կիրառման, ջրային ռեսուրսների խնայողաբար, արդյունավետ և համակարգված օգտագործման, ճիշտ կառավարման, անասնագլխաքանակի կանոնավոր պահվածքի և կերարտադրության բարելավման պայմաններում: ԱՀ կառավարության կողմից նախանշված, գյուղատնտեսական արտադրության բոլոր ճյուղերի զարգացմանն ուղղված ծրագրերի իրականացման և գյուղմթերքների ծավալների ավելացման համար շրջանում առկա են պոտենցիալ հնարավորություններ, որոնց էլ նպատակաուղղված են գյուղբաժնի աշխատակիցների ջանքերը: 2020 թվականի բերքի տակ շրջանում կատարվել է 12065.3հա աշնանացան և 2959.2 հա գարնանացան մշակաբույսերի ցանքս։ Կատարվել է 4978հա հերկ և 95հա ենթացանքս։ 2357 հեկտարի վրա տարվել է պայքար վնասատուների և 3734հա մոլախոտերի դեմ։ Շրջանում ընթացքի մեջ են գարնանացան մշակաբույսերի ցանքսերի աշխատանքները, որոնց զուգահեռ բերքահավաքի նախապատրաստական - կանխարգելիչ աշխատանքներ են իրականացվում։ Անահիտ ՊԵՏՐՈՍՅԱՆ |