ՄԵՆՔ ՊԱՐՏԱՎՈՐՎԱԾ ԵՎ ԴԱՏԱՊԱՐՏՎԱԾ ԵՆՔ ՀԱՎԵՐԺ ԱՅՍ ՍՐԲԱԶԱՆ ՀՈՂԻ ԶԻՆՎՈՐԸ ՄՆԱԼ
09.05.2020 11:22

Հարցազրույց Ասկերանի շրջանի վարչակազմի ղեկավարի տեղակալ,  Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 75-րդ տարեդարձի, Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի և Շուշիի ազատագրման օրվա տոնակատարության միջոցառումների կազմակերպման և համակարգման շրջանային հանձնաժողովի նախագահ Արթուր Յուրիի Հարությունյանի հետ։

-Պարոն Հարությունյան, շնորհավորում ենք Ձեզ Մայիսյան Եռատոնի կապակցությամբ։ Մեծ է ձեր ավանդն ու ներդրումն արցախյան ազատագրական պայքարում։ Այս տարի արտակարգ իրավիճակի պայմաններում ենք նշելու մեր ժողովրդի սիրելի տոներից մեկը՝ Մայիսյան Եռատոնը, սակայն դրանից նրա վեհությունն ու խորհուրդը չի փոխվելու։

-Շնորհակալություն։ Մայիսի 9-ն ամբողջ հայության տոնն է, և այն մեծ խորհուրդ ունի։ Մեծ է տոնի խորհուրդը ոչ միայն հայերիս՝ այլև տասնյակ ազգերի համար, սակայն մեզ համար այն եռակի նշանակություն և իմաստ է

ձեռք բերել հայոց հինավուրց բերդաքաղաք Շուշիի ազատագրումով և Արցախի Պաշտպանության բանակի կազմավորմամբ։ Տոնին ընդառաջ շրջանի համայնքներում իրականացվել են սանիտարական մաքրման աշխատանքներ։ Որոշվել է մայիսի 9-ին փոքր խմբերով (մինչև 20 մարդ) այցելել հուշարձաններ և հարգանքի տուրք մատուցել բոլոր ժամանակներում հանուն Հայրենիքի մատնչած հերոսների հիշատակին։

-Պարոն Հարությունյան, խոսենք 75 տարի առաջ ֆաշիզմի դեմ տարած փայլուն հաղթանակում մեր շրջանի ներդրման մասին։

-Փաստորեն, խորհրդային իշխանությունները երկար ժամանակ հրաժարվում էին ուշադրություն դարձնել արևմտյան տերությունների նախազգուշացումներին, որ Գերմանիան աստիճանաբար ընդլայնում է ռազմական հզորությունը։ Եվ այդ առավելության պայմաններում ֆաշիստական Գերմանիային հաջողվեց անակնկալի բերել սովետական զորքերին, որոնք ստիպված էին նահանջել։ Ամբողջ Խորհրդային Միությունում սկսվեց զորահավաք և ռազմաճակատ զորակոչվեցին զենք բռնելու ունակ ոչ միայն տղամարդիկ, այլև կանայք ու աղջիկներ։ Զորակոչից անմասն չմնաց նաև Արցախը, որի բնակիչների 1/3 կամ 90 հազարը զորակոչվեց ռազմաճակատ։ Ցավոք, մեծ ու անդառնալի կորուստներ ունեցանք Մեծ հայրենականում, զորակոչվածների շուրջ 45 տոկոսը զոհվեց հանուն քաղաքակրթության փրկության, որից 2767 զոհ տվել է մեր շրջանը, իսկ 55 զինվորի ճակատագիր մնացել է անհայտ։ Ասկերանի շրջանը տվել է խորհրդային միության 7 հերոս՝ Սուրեն Գրիգորի Պետրոսյան և Վլադիմիր Աբրահամի Հովհաննիսյան (գ. Ռև), Երեմ Իվանի Դանիելյանց և Գևորգ Թամրազի Հակոբյանց (գ. Արանզամին), Սուրեն Հակոբի Գասպարյան (գ. Ն. Ղլիժբաղ), Վալենտին Սողոմոնի Իզրայելյան (գ. Կարմիր գյուղ) և փառքի երեք աստիճանի մեկ շքանշանակիր՝ Շահեն Հովհաննեսի Սարգսյան (գ. Հարավ)։

-Շուշիի ազատագրումը մեր հետագա հաղթանակների սկիզբը դարձավ։ Ասկերանի պաշտպանական շրջանն ի՞նչ դեր էր ստանձնել Շուշիի ազատագրման ժամանակ։

-Շուշիի ազատագրումը մեր նորագույն պատմության փառավոր էջերից է, որը պատմության մեջ մնացել է Հարսանիք լեռներում ռազմագործություն անվանումով։ Անվերահսկելի ուժ էր մղում մեր ազատամարտիկներին դեպի հայոց հինավուրց բերդաքաղաք։ Հայոց լեռնաշխարհի մարգարտի, մեր հնամյա եկեղեցիների ազատագրումը բարբարոսներից իսկական հրաշք էր։ Այն իսկական հարսանիք էր հիշեցնում, քանզի ազատագրված Սուրբ Ղազանչեցոց եկեղեցում շուրջպար բռնած ազատամարտիկների համար կյանքի այդ պահը, համոզված եմ, անմոռանալի ու անկրկնելի է։ Շուշիի ազատագրմամբ և Լաչինի միջանցքի բացումով Հայաստանի հետ ցամաքային կապի վերականգնումն արցախյան պատերազմի ծանրակշիռ նվաճումներից է, ինչն իրական դարձրեց անկախությունը։

Շուշիի ազատագրման ռազմագործողությանն Ասկերանի պաշտպանական շրջանը ստանձնել էր Աղդամի, Քարագլխի ուղղություններով սահմանների անառիկության ապահովումը։ Եվ արցախյան ազատամարտի ողջ ընթացքում Ասկերանի ՊՇ-ն պատվով է կատարել իր առջև դրված առաջադրանքը։ Ասկերանն ընդմիշտ անառիկ է մնացել, քանզի նրա նվիրյալ զավակները հարկ եղած ժամին նաև կյանքի գնով են պաշտպանել Հայրենիքը։

-Պարոն Հարությունյան մինչ Արցախյան ազգային ազատագրական շարժումը դուք խոհրդային բանակի սպա էիք և ծառայում էիք Գերմանիայում։ Ի՞նչը ստիպեց ձեզ վերադառնալ Արցախ։ Չէ որ հեռանկարներն այնտեղ ավելի խոսուն էին։

-1983 թվականին զորակոչվել եմ Գերմանիայում տեղակայված ԽՍՀՄ ԶՈՒ ծառայելու։ 1984-ին ավարտելով ենթասպաների դպրոցը՝ շարունակել եմ ծառայությունս։1989 թվականին համաշխարհային պատմության մեջ առանցքային իրադարձություն տեղի ունեցավ, որը բնորոշվեց Երկաթե վարագույրի փլուզմամբ։ Հայտարարվեց սառը պատերազմի ավարտի մասին, այնուհետև տեղի ունեցավ Գերմանիայի վերամիավորումը։ 1990 թվականին էլ Գերմանիայում տեղակայված խորհրդային բանակի զորախումբը, որի կազմում ծառայում էի ես՝ տեղափոխվեց Ռուսաստան։ Այդ ժամանակ ես արդեն ընտանիք էի կազմել և ծնվել էր առաջնեկս։ Ալեկոծված Արցախում խաղաղ ցույցերն աստիճանաբար զինված հակամարտության էին վերածվում։ Եվ ես անկարող էի հեռվից-հեռու հետևել իմ Հայրենիքում տեղի ունեցող իրադարձություններին։ Չնայաց երկրորդ երեխային էինք սպասում, սակայն որոշումս վճռական էր. վերադառնալ  ծննդավայր և խորհրդային բանակում ձեռք բերած ռազմական հմտություններս ծառայեցնել սեփական ազգիս փրկությանն ու լինելիությանը։

-Մեր հաղթական բանակի կազմավորման ակունքներում եք կանգնած։ Ինչպե՞ս եք գնահատում նրա մարտունակությունն այսօր։

-1991 թվականին նշանակվել եմ Ասկերանի վաշտի հրամանատար։ Իսկ պաշտպանության բանակի կազմավորմամբ նշանակվել եմ Ասկերանի ՊՇ կենտրոնական ուղղության 33-րդ գումարտակի հրամանատար։ ԱՀ զինված ուժերում ծառայությունս շարունակել եմ մինչև 2018 թվականը, որից հետո անցել եմ թոշակի։ Այդ ժամանակաընթացքում եղել եմ ՊԲ մի շարք զորամասերի հրամանատար։ Սակայն ցանկացած պահի ես ինձ հայրենիքի պաշտպան և զինվոր եմ զգում…

Եթե արցախյան ազատամարտում ապացուցվեց մեր երիտասարդների մարտական ոգու ամրությունն ու հարազատ երկրին նվիրվածությունը, ապա ապրիլյան պատերազմում այն վերահաստատվեց, նոր իմաստ ու նշանակություն ստացավ։ Մեր զինվորները, ժամկետային ծառայողներն անհավատալի խիզախություն և քաջություն ցուցաբերեցին։ Այսօր էլ հավատացած եմ, որ մեր սահմանների պաշտպանությունը հուսալի ձեռքերում է։ Սահմանների՝ նորագույն տեխնիկական միջոցներով վերազինումը շարունակվում է և այսօր ունենք կայացած, մարտունակ բանակ, որն ի զորու է կատարել իր առջև դրված ցանկացած առաջադրանք։

-Պարոն Հարությունյան ի՞նչ կմաղթեիք շրջանի բնակչությանը Եռատոնի կապակցությամբ։

-Ցավոք, տարեց-տարի նոսրանում են Մեծ Հայրենականում և Արցախյան ազատամարտում քաջաբար մարտնչած մեր հերոսների շարքերը։ Այսօր ես գլուխ եմ խոնարհում նրանց բոլորի առջև և իմ հարգանքն ու երխտագիտությունը հայտնում անմահության ճանապարհը բռնած բոլոր քաջամարտիկների հիշատակի և նրանց հարազատների առջև։ Նրանց սխարանքն անմահ է, որոնցով սերունդներ են դաստիարակվում։ Այդ նրանց հայրենասիրական ոգին էր, որ երիտասարդ սերնդին առաջնորդեց անհավասար մարտի ելնել և փառավոր հաղթանակ կռել։ Մեր շրջանի բնակչությանն ու ամբողջ հայությանը մաղթում եմ երբեք չկորցնել զգոնությունն ու համախմբվածությունը։ Լինել միասնական, և երբեք չմոռանալ մեզ ազատություն և անկախություն պարգևած հերոս նահատակներին, քանզի նրանց կերտած ազատ Հայրենիքն ամենամեծ ու թանկագին նվերն է բոլորիս համար։ Մենք էլ՝ ազատամարտի վետերաններս, պարտավորված և դատապարտված ենք հավերժ մեր սրբազան Հայրենիքի զինվորը մնալ։

Հարցազրույցը՝ Անահիտ ՊԵՏՐՈՍՅԱՆԻ

 

 
mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter