ՇՆՈՐՀԱՎՈՐ ՄԵՐ ԲՈԼՈՐԻՍ ԵՌԱՏՈՆԸ
09.05.2020 12:41

Հայերիս համար մայիս ամիսը մեծ բովանդակություն և նշանակություն է ձեռք բերել և դարձել հայոց պատմական ու բախտորոշ հաղթանակների խորհրդանիշը: Մայիսը հավերժորեն է մտել մեր հիշողության մեջ, դարձել մեր ժողովրդի համախմբվածության և միասնության, ազատատենչ և ուժեղ ոգու, անկոտրում կամքի և վճռականության առհավատչյան:

Հայրենական Մեծ պատերազմում գերմանական ֆաշիզմի դեմ տարած հաղթանակում հայ ժողովուրդն իր զգալի ներդրումն ունեցավ, իսկ 1992 թվականի նույն օրը հայության կամքով ազատագրվեց

հայոց հինավուրց բերդաքաղաքը՝ Շուշին և կազմավորվեց ԼՂՀ պաշտպանության բանակը: Մարտունակ բանակ, որը մեր հետագա հաղթարշավների կերտողը դարձավ: Բանակ, որ ծնվեց ժամանակի հրամայականով ու պատվով դիմագրավեց բոլոր փորձություններին՝ դառնալով հայրենիքի սահմաններն ամուր պահողն ու մեր երկրի անվտանգության երաշխավորը:

Արդարև, Արցախյան ազատամարտը ցույց տվեց, որ մեր պապերի ու հայրերի հերոսականությունը և հայրենասիրական ոգին փոխանցվել է նաև հաջորդ սերունդներին, փոխանցվել է՝ քանիցս բազմապատկված:

Հիրավի, ոչ մի պատերազմում չէինք հաղթի, եթե արդար ու ճշմարիտ չլիներ մեր նպատակը, եթե չլիներ մեր ժողովրդի ազատ ապրելու կամքը: Այս սուրբ հողի համար մենք կարողացանք անհավասար մարտերում պայքարել ու անհավատալի հաղթանակներ կռել: Մենք ունեցանք և ունենք քաջարի հերոսներ, որոնց անունները զարդարում են հայոց պատմության էջերը: Նրանց շնորհիվ է, որ ապրում, արարում ենք, կանք ու կլինենք: Արցախը, հիրավի, իրական հերոսների երկիր է, այդպես եղել է դարեր առաջ, այդպես է այսօր: Ցավոք, ոչ մի պատերազմ առանց կորուստների չի լինում:

Մենք պարտավոր ենք հավերժ հիշել այն սերունդներին, որոնք ազատագրել են այս հողը, անձնվիրաբար պայքարել ու հաղթել դաժան թշնամուն՝ մեր ազգին հատուկ առյուծի ոգով, բազկի ուժով, եռագույնով և սուրբ խաչով:

Փառք ու պատիվ բոլոր պատերազմներում զոհված քաջ հայորդիներին:

Ասկերանի շրջանի բոլոր համայնքներում մայիսի 9-ը միշտ էլ նշվում էր մի առանձնահատուկ հպարտությամբ, գնահատանքով ու ջերմությամբ: Այս տարի միջոցառումների ձևաչափը այլ էր, սակայն նույնն էր օրվա անգնահատելի խորհուրդը: Եռատոնին ընդառաջ շրջանի բոլոր համայնքներում կազմակերպվեցին շաբաթօրյակներ, ըստ արժանվույն մաքրվեցին ու բարեկարգվեցին Հայրենական մեծ և Արցախյան պատերազմերում զոհված հայորդիների հիշատակին կանգնեցված հուշարձանների մերձակա տարածքնեը, որպեսզի հավուր պատշաճի դիմավորենք մեր հաղթանակների պանծալի տոնը:

Վաղ առավոտից Ասկերանի քաղաքապետ Հայկ Շամիրյանի նախաձեռնությամբ մայիսյան հաղթանակներն ազդարարող երգն ու երաժշտությունն էին թևածում քաղաքում՝ բարձր տրամադրություն պարգևելով մարդկանց: Ամենուր շնորհավորանքի խոսքեր էին՝ պարուրված հիշողությամբ, մարտական ընկերների հանդեպ անհուն կարոտով, հպարտությամբ և ապագայի հանդեպ լավատեսությամբ լցված…

Հայրենական Մեծ պատերազմում տարած հաղթանակի 75-րդ, Շուշիի ազատագրման և Արցախի պաշտպանության բանակի կազմավորման 28-րդ տարեդարձների առթիվ Ասկերանի շրջվարչակազմի ղեկավար Հակոբ Ղահրամանյանի գլխավորությամբ շրջանի ղեկավար մարմինները ծաղիկներ և ծաղկեպսակներ խոնարհեցին Մեծ Հայրենականում և Արցախյան պատերազմում Ասկերանի շրջանի նահատակված քաջորդիների հիշատակը հավերժացնող հուշահամալիրում: Ծաղիկներով պատեցին նաև Ասկերանի զոհված ազատամարտիկների հիշատակը հավերժացնող հուշավահանակը։ Այնուհետև այցելեցին Տանկ հուշահամալիր՝ այնտեղ ևս իրենց խոնարհումը բերելու:

Ապա Ասկերանի սուրբ Աստվածածին եկեղեցում կատարվեց հանրապետական մաղթանք և հոգեհանգիստ՝ նվիրված մայիսյան Եռատոնին:

Նշենք, որ այս հիշարժան օրը հաճելի անակնկալ էր պատրաստվել Հայրենական Մեծ պատերազմի վետերան Ալեքսանդր Ջհանգիրյանի համար, ով, ցավոք, Ասկերանի միակ կենդանի վկան է այդ ահասարսուռ պատերազմի: Ասկերանի քաղաքապետ Հայկ Շամիրյանն այցելելով անկողնուն գամված վետերանին՝ շնորհավորել և հուշանվեր է նվիրել նրան:

ԱՀ Նախագահ Բակո Սահակյանի հրամանագրով «Մարտական Ծառայություն» մեդալի արժանացած ասկերանցիներ Ռոման Աղաջանյանին ու Վահան Բեգլարյանին մեդալները հանձնեցին Ասկերանի քաղաքապետ Հ. Շամիրյանն ու ԱԱՄ Ասկերանի քաղաքային միավորման նախագահ Ա. Աղաջանյանը։

Այո՛, մեր արմատները խորն են խրված մայր հողի մեջ, մենք այս հինավուրց հողում խաղաղ ապրել ու արարել ենք ուզում և մեզ առաջնորդող ազատության ոգին նորանոր նվաճումներով մեզ միշտ կտանի դեպի առաջ: Մեզանից յուրաքանչյուրը քաջ գիտակցում է, որ մեր լինելիության գրավականը շարունակում է մնալ նույնը. ամուր պետականություն, հզոր և մարտունակ բանակ, միասնականություն և համերաշխություն…

Շնորհավոր մեր բոլորիս Եռատոնը:

Թող խաղաղության աղավնիները հավերժ սավառնեն Արցախի երկնակամարում, թող բազմապատկվի մեր ժողովրդի ուժը, կամքը և վճռականությունը:

Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ



Լուսանկարները՝ ՎԱԼԵՐԻ ՊԵՏՐՈՍՅԱՆԻ

 


 

 
mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter