ԹՈՂ ՀԱՄԱՅՆՔԸ ՓՈՔՐ, ԲԱՅՑ ՄԻՇՏ ԿԱՆԳՈՒՆ ԼԻՆԻ
13.05.2020 12:16

Ասկերանի շրջանի Վերին Սզնեք գյուղն Արցախյան հինավուրց գյուղերից մեկն է: Անտառապատ այս գողտրիկ գյուղն ունի հարուստ և գեղատեսիլ բնություն, զուլալ և սառնորակ աղբյուրներ, անմահական օդ:

Գյուղը գտնվում է Քիրս լեռնաշղթայի հյուսիս-արևելյան փեշին, հարևան Ներքին Սզնեքից քիչ ավելի բարձրադիր լանջի վրա:

Գյուղը միշտ էլ ունեցել է զավակներ, որոնցով, իրավմամբ, հպարտանալ կարելի է: Հայրենական Մեծ պատերազմին Վերին Սզնեքից մասնակցել է 40 մարդ, որից 22-ը զոհվել է: Նրանց հիշատակին հուշարձան է կանգնեցված Ներքին Սզնեք գյուղում:

1988 թվականի ազգային-ազատագրական շարժմանն անմասն չմնացին նաև այս փոքրիկ գյուղի տղաները և ակտիվորեն մասնակցեցին գոյամարտի ողջ ընթացքին:

Բարենպաստ բնական պայմաններ ունեցող Վերին Սզնեքի բնակչությունը միշտ էլ զբաղվում էր գյուղատնտեսությամբ: Այստեղ սիրում են աշխատել, և ինչպես իրենք են ասում, հալալ քրտինքով վաստակել օրվա հացը:

Համայնքի վարչական տարածքը կազմում է 350 հա, որից 226 հա գյուղատնտեսական նշանակության, իսկ 100հա-ն՝ վարելահող: 100 հա-ից 75 հա սեփականաշնորհված է ՝ 9 հա Վերին Սզնեքի և 66 հա Շուշիի շրջանի Քարին տակի համայնքի բնակիչների կողմից: Վարձակալված է գյուղատնտեսական նշանակության 56 հա հող, որից 15-ը՝ վարելահող, 16-ը՝ ընդերքօգտագործման <<Սթուն Պարկ>> ընկերության կողմից, որպես մարմարի հանք: Այդ ընկերությունը շարունակում է մնալ համայնքի խոշոր հարկատուն և համայնքի ու շրջակա համայնքներից 10 ընտանիքների համար հանդիսանում է որպես կայուն աշխատատեղերի ու աշխատավարձերի ապահովողը: Այսօր լրիվ հզորությամբ աշխատում է երկրորդ հանքավայրը: Ընկերության կողմից մայրուղուց համայնք մտնող նոր ճանապարհահատվածի բացումը հնարավորություն է ընձեռել համայնքի բնակիչներին ձմեռային ժամանակահատվածում անխափան օգտագործել ճանապարհը:

Համայնքն ապահովված է էլեկտրականությամբ, խմելու ջրով, անխափան գործում է փողոցային լուսավորումը:

Վերին Սզնեքը շրջանի ամենափոքր համայնքն է՝ 10 տնային տնտեսությամբ, բնակչության թիվը կազմում է 35 մարդ: 0-18 տարեկանների թիվը կազմում է 5 հոգի, կենսաթոշակառուներինը՝ 4:

2019 թվականին համայնքում ծնունդ և մահ չի գրանցվել:

2019 թվականին բնակություն հաստատելու համար 4 հոգոց բաղկացած մեկ ընտանիք է տեղափոխվել Վերին Սզնեք և ապահովվել ժամանակավոր կացարանով, սակայն մշտական բնակություն հաստատելու դեպքում ընտանիքին բնակարանով ապահովելու անհրաժեշտություն է առաջանալու։

Այսօր Վերին Սզնեքի համայնքի ղեկավարն է Ալբերտ Վանյայի Մարգարյանը, ով ունի բազում տարիների ղեկավարչական ու կազմակերպչական փորձ, բարձր ինտելեկտ և կարծում եմ՝ նրան ճանաչող շատ շատերը կվկայեն, որ մեղմ, բարի և ազնիվ այս անձնավորությունը հարգանք ու պատիվ է վայելում ոչ միայն իր համայնքում, այլ նաև շրջակա բոլոր համայնքներում:

Ծնվել է 1962 թվականին Ասկերանի շրջանի Ներքին Սզնեք գյուղում: Միջնակարգն ավարտելուց հետո՝ ստացել է բարձրագույն կրթություն՝ ավարտելով Ստեփանակերտի մանկավարժական ինստիտուտի բանասիրական ֆակուլտետը:

1992-96 թթ. նշանակվել է Սզնեքի միջնակարգ դպրոցի տնօրեն: 1996 թվականից եղել է ՎերինՍզնեքի ԳԿ(Փ)Տ նախագահը:

1998-2010 թթ. ղեկավարել է Վերին Սզնեքի համայնքը: 2015 թ. կրկին վերընտրվել և առայսօր ղեկավարում է համայնքը:

Վերջերս որոշեցինք զրուցել համայնքի ղեկավարի հետ և պարզել, թե ինչպես է ընթանում կյանքն այդ փոքրիկ համայնքում, քանզի նման գյուղերով, որոնք ամեն կերպ ցանկանում են հաղթահարել յուրաքանչյուր դժվարություն և ապրել, կանգուն և հզոր է մեր երկիրը:

Ալբերտ Մարգարյանի խոսքով՝ այսօր համայնքի բնակչության հիմնական զբաղմունքը մարմարի հանքի աշխատանքն է, անասնապահությունը, հողագործությունը, մեղվաբուծությունը:

Համայնքը չունի դպրոց, դպրոցահասակ երեխաները հաճախում են Ներքին Սզնեքի դպրոցը: Երկու համայնքների համար կառուցված է մեկ հուշահամալիր:

-Պարոն Մարգարյան, ակնհայտ է, որ Վերին Սզնեքում գյուղատնտեսությունն է ավելի զարգացած:

-Այո, այդպես է: Եթե Ներքին Սզնեքում միշտ էլ կրթությունն ու արհեստն էին հարգի, ապա Վերին Սզնեքի բնակչությունը զբաղվում էր գյուղատնտեսությամբ:

Մի քանի տարի առաջ խոշոր եղջերավոր անասունների գլխաքանակը 17 էր, նախորդ տարի՝ 32, այս պահին՝ այն կազմում է 65 գլուխ: Բարենպաստ պայմաններ կան նաև ոչխարաբուծության համար և հույս ունենք, որ այդ ճյուղը ևս կկարողանանք զարգացնել: Ասեմ, որ առանձնակի ուշադրություն է դարձվում որակյալ անասնակերերի կուտակման գործընթացին: Այսօր համայնքում գործում է երկու անասնապահական ֆերմա:

2019 թվականին ցանվել է 17 հա հացահատիկային մշակաբույս, որից 13-ը աշնան ցորեն, իսկ 2020 թվականի բերքի տակ ցանված 17 հա-ից աշնանացանը կազմում 8 հա: Համայնքը վարկերի գծով պարտքեր չունի, գարնանացանի հետ կապված սերմացուների ձեռք բերման հայտերը ըստ դիմումատուների ներկայացված են համապատասխան մարմիններին:

-Ի՞նչ կասեք բնակչության սոցիալ-կենցաղային պայմանների մասին…

-Նախ շեշտեմ, որ համայնքն ունի նորակառույց, կահավորված բուժկետի շենք: Այն ապահովված է առաջին բուժօգնության միջոցներով ու դեղամիջոցներով: Համայնքում ինֆեկցիոն հիվանդությունների դեպքեր չեն գրանցվել, տարվա ընթացքում պարբերաբար ստուգվում են աղբյուրների ջրերը, մշտական ուշադրության կենտրոնում են պահվում նաև համայնքի սանմաքրման աշխատանքները:

Բնակչության սոցիալ-կենցաղային պայմանների բարելավումը միշտ եղել է համայնքի ղեկավարության ու նրա աշխատակազմի գործունեության հիմնական ուղղություններից մեկը, սակայն նշեմ, որ միշտ չէ, որ աշխատանքները հաջողությամբ են պսակվում: 2019 թվականին հաջողվել է շրջվարչակազմի կողմից հատկացված շինանյութերի հաշվին վերանորոգել 2 փախստական ընտանիքներից մեկի բնակելի տան տանիքը, արժեքը կազմել է 764000 դրամ: Հույս ունենք, որ մյուս ընտանիքի հարցը կլուծվի այս տարի:

Համայնքում կա երկու եկեղեցի (17-րդ և 19-րդ դարերի)։ <<Սզնեք>> բարեգործական հիմնադրամի շնորհիվ հաջողվել է ձեռք բերել որոշակի ֆինանսական միջոցներ, որոնց շնորհիվ տեղի վարպետների և բանվորների միջոցով նորոգվել են եկեղեցու փլված պատերը:

ԱՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության աջակցությամբ ձեռք է բերվել եկեղեցու տանիքը փոխելու համար  փայտանյութ: Մեր առաջնահերթ խնդիրը տանիքի թիթեղյա մասը ձեռք բերելու համար ֆինանսական միջոցների հայթայթումն է լինելու, որը կազմում է 600000 դրամ:

-Ինչպիսի՞ առաջնային խնդիրներ ունի համայնքը:

-Անհրաժեշտություն է գյուղ մտնող ջրագծի 1000 մետր հատվածի փոխելը, որտեղ օրըստօրե շատանում են կորուստները: Խմելու ջրի պակաս համայնքում ևս զգացվում է:

Անհրաժեշտություն կա բուժկետի շենքին կից առանձնասենյակի կառուցման, որը կհանդիսանա հավաքների, ժողովների կազմակերպման վայր, կամ գոնե որպես համայնքապետարան: Գյուղամիջյան աղբյուրի շրջակա տարածքն ունի կապիտալ նորոգման կարիք, եկեղեցու վերանորոգման աշխատանքներից արդեն խոսեցի և կարևորում եմ դրանց շարունակումը:

-Պարոն Մարգարյան, ի՞նչ կմաղթեիք Արցախի ժողովրդին:

-Մեր ժողովուրդն աշխատող, արարող և ստեղծող ժողովուրդ է: Համոզված եմ՝ մենք մեր աշխատասիրությամբ, կամքի ուժով և լավատեսությամբ կկարողանանք ստեղծել ավելին: Բոլորիս ցանկանում եմ առողջություն, խաղաղ և անամպ երկինք:

Մենք նաև հաղթանակած ժողովուրդ ենք, բազում հաղթանակներ ենք կռել մեր միասնականության, խիզախության և վճռականության շնորհիվ: Եվ այսօր մեծագույն հպարտությամբ Եռատոն ենք նշում և փառք տալիս մեր ժողովրդին՝ հարգելով ու հիշելով մեր նահատակված տղաներին, որոնց արյան գնով ապրում ենք այս սուրբ հողում:

Շնորհավորում եմ բոլորիս մայիսյան տոների առթիվ և մաղթում ամենակարևորը՝ հարատև խաղաղություն…

Դե ինչ, կարծում եմ՝ եթե ավելին ստեղծելու մեծ ցանկություն ունես, ապա կարող ես իրականություն դարձնել բոլոր նպատակներդ, իսկ Վերին Սզնեքի համայնքի ղեկավարի ցանկությունները գյուղը պահելու և զարգացնելու ուղղությամբ՝ ակներև են …

Հաջողություններ մաղթենք մեր շրջանի ամենափոքր համայնքին, թող համայնքը փոքր, բայց միշտ կանգուն լինի…

Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ

 

 
mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter