ՓԱՓԱԳՍ Է՝ ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ ԼԻՆԻ ԱՐՑԱԽ ԱՇԽԱՐՀՈՒՄ…
14.05.2020 11:09

Ասկերանի <<Բերդ>> թերթի խմբագրության հավատարիմ այցելուներից է Արցախյան պատերազմի մասնակից Թամարա Նազարյանը։ Մարդ, ում կյանքը հավերժ պայքար է, փնտրտուք, թշնամու կողմից գերեվարված մորը տեսնելու տենչ, որն այլևս պատրանք է դարձել…

Ամեն անգամ, երբ ազատամարտիկն այցելում է խմբագրություն, նրա աչքերը շողում են ուրախությունից, քանզի նա համոզված է. այստեղ նրան կընդունեն ըստ արժանվույն և հաճույքով կլսեն հետաքրքիր պատմությունները: Իսկ այդ պատմություններում այնքա՜ն

հույզեր կան՝ շաղախված անցյալի անմոռանալի հուշերով, հպարտությամբ, անդառնալի կարոտով: Թամարա Նազարյանն իր մարտական ընկերների անունները սիրում է մեկ առ մեկ հիշել և յուրաքանչյուրին մտաբերելով՝ ընկնում է անձկալի հիշողությունների գիրկը:

Այս անգամ երբեմնի զինվորի այցելությունը Մայիսյան Եռատոնին էր նվիրված: Ինչպես միշտ, նրա խոսուն աչքերից հասկացանք, որ պատմելու անհագ ցանկություն ունի: Մեր փառապանծ հաղթանակի օրվա բերկրանքն ամեն տարի յուրովի վայելող զինվոր Թամարան եկել էր թերթի միջոցով բոլորին շնորհավորելու Եռատոնի առթիվ:

Նա, ով միշտ առաջնագծում էր և մեկ վայրկյան անգամ դեպի թիկունք չի նայել, ով տղաների համար մայր է եղել, գթության քույր և վստահելի մարտընկեր, այսօր դարձյալ պատրաստակամ է լինել սահմանում՝ զինվորի կողքին:

<< Մենք միշտ խիզախ ազգ ենք եղել և ոչ ոք չի կարող մեզ հաղթել, ծնկի բերել: Իսկ ես, որպես կին, ինչպես կարող էի ուժեղ և դիմացկուն չլինել՝ կողքիս ունենալով այնպիսի առյուծ տղաների: Մեծ զորություն և ուժ էի ստանում նրանցից և երբեմն էլ մենակ դիրք էի պահում՝ հորդորելով տղաներին գոնե մի քիչ քնել ու հանգստանալ: Վտանգի դեպքում անմիջապես ազդանշան էի տալիս և տղաները վայրկյաններ հետո կանգնած էին դիրքում:

Այսօր միակ փափագս է, որ Արցախ աշխարհում խաղաղություն լինի, ապրողներս գնահատենք ու միշտ հիշենք զոհված ազատամարտիկներին: Ախր շատ էին նրանք երիտասարդ, երազանքներ և նպատակներ ունեին, որոնք այդպես էլ իրականություն չդարձան: Փառք ու պատիվ նրանց…>>,-ասում է ազատամարտի մասնակիցը:

Մեր զրույցը երբեմն ընդհատվում էր ծերացած կնոջ հառաչանքով, նա իր գերեվարված մորն էր հիշում և անհուն տխրությամբ էին պատվում խաժ աչքերը: Հետո հանգիստ ասում է,-<<Վերջերս տեսիլքներ եմ ունենում՝ իմ մարտական ընկերները՝ ձեռք ձեռքի տված դեպի ինձ են գալիս: Գալիս են ժպտալով, զինվորական համազգեստներով ու զենքերով: Հետո հանկարծ մայրս է կանգնում աչքերիս առաջ, տարիներ շարունակ սպասում եմ այդ օրվան: Ավա՜ղ…>>:

Հանկարծ կնոջ դեմքը ողողվում է բարի ժպիտով: Մենք հասկանում ենք, որ նա անցյալից վերադարձել և հիմա մեզ հետ է: Պայծառացած կինը չի մոռանում, որ մայիս ամսում Արցախի ժուռնալիստների միության մասնագիտական օրն է նաև նշվում: Նա շնորհավորանքի խոսք է հղում <<Բերդ>> թերթի խմբագրության աշխատողներին և մաղթում արգասաբեր և ակտիվ աշխատանքներ՝ ասելով, որ հյուրընկալ այս օջախում նա իրեն զգում է, ինչպես իր տանը:

Իսկ մեզ մնում է ավելի պարտավորված աշխատել և գնահատել գնահատելին՝ մշտապես հիշելով, որ այս ազատ ու անկախ երկրի կայացման համար յուրաքանչյուրը կատարել է իրենից կախված ամեն մի հնարավորը՝ չվարանելով անգամ մեկ վայրկյան…

Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ

 
mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter