ՈՐԴԵԿՈՐՈՒՅՍ ՄԱՅՐԵՐԻ ԿՅԱՆՔԸ ՀԱՅՐԵՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ՀԱՐԱՏԵՎ ԴԱՍ Է |
14.05.2020 12:46 |
Ասում են՝ կյանքը փոխում է մարդուն։ Սակայն ես հակված եմ մտածելու, որ մարդն իր կյանքի ընթացքում կարող է բազում փորձությունների միջով անցնել, բազմաթիվ խոչընդոտների հանդիպել ու հաղթահարել, սակայն չկորցնել մարդկային իր դիմագիծը, և այս ամենը գալիս է գթասրտությունից, բարեխղճությունից։ Բայց երբ ստիպված ես լինում կյանքն ապրել զրկանքներ ու անդառնալի կորուստներ կրելով, և անելանելի թվացող պահերին անգամ չես կորցնում մարդկային որակական հատկանիշներդ՝ դա արդեն իմաստնություն է… Անկանխատեսելի է ճակատագիրը, գուցե և հետաքրքիրն էլ հենց դա է։ Խորհրդային տարիներին կարծես թե կյանքը հեշտ էր տրվում։ Եվ մարդիկ սովորել էին դրան։ Ամեն ինչ քողարկված էր կարմիր լույսի քողի տակ, և մարդկանց կերակրելով սովետական գաղափարախոսությամբ, լռեցրած պահում էին։ Այդ տարիներին էլ Ասկերանի շրջանի Խրամորթ գյուղում հիմք դրվեց Բաբայանների հայկական ավանդական ընտանիքին։ Ամուսիններ Վարդուշ և Վոլոդյա Բաբայանները մինչ խորհրդային միության փլուզումը մեծ նվիրվածությամբ աշխատում էին հարազատ գյուղի կոլտնտեսությունում։ Մարտակերտի շրջանի Թբլղու գյուղից Խրամորթ հարս եկած Վարդուշը շատ շուտ համակերպվեց նոր բնակավայրում և լավ հարսի համբավ վաստակեց։ Ամուսինները 5 զավակ լույս աշխարհ բերեցին։ Եվ ապրում էին իրենց արդար վաստակով, գիշերները հանգիստ գլուխները բարձին դնում։ 1950 թվականի մայիսի 1-ին է ծնվել Վարդուշ Բաբայանը և օրվա խորհրդին համահունչ՝ ողջ կյանքի ընթացքում չի սիրել ու չի սիրում պարապ նստել։ Հարազատ գյուղի կոլտնտեսությունում օղակավար էր աշխատում, իսկ արցախյան ազատամարտից հետո աշխատանքի անցավ Իվանյանի հոսպիտալում՝ մինչև վաստակած թոշակի անցնելը։ Կյանքի երջանիկ տարիները սակայն եղել և մնացել են խորհրդային անհոգ տարիները, երբ կենդանի էր ավագ որդին՝ Արմենը։ Հազարավոր հայ երիտասարդների նման Արմենին էլ դժվարին ճակատագիր է բաժին հասել։ Արմենը նոր էր զորացրվել խորհրդային բանակի շարքերից, երբ պայթեց Արցախյան ազգային ազատագրական շարժումը՝ իր հորձանուտն առնելով կյանքի գնով հայրենիքի լինելիությունը փրկելու պատրաստ բազմաթիվ քաջազունների, որոնց շարքերում էին Արմեն և Ալբերտ Բաբայանները։ Նրանք մարտնչեցին անվեհեր, անմնացորդ նվիրվեցին Հայրենիքի ազատության վեհ գործին, մասնակցեցին բազմաթիվ ազատագրական և պաշտպանական մարտերի։ Եղբայրների համար մեծ ու ծանր կորուստ էր հայրենի Խրամորթի գրավումը թշնամու կողմից, և անվերապահորեն կատարում էին հրամանատարության բոլոր հանձնարարությունները՝ միայն թե ազատագրվեր ծննդավայրը։ Ու եկավ այդ բաղձալի օրը։ Ազատ շնչում էր Խրամորթը և կամաց-կամաց վերակենդանանում և շենանում էր հարազատ գյուղը։ Ազատագրված էր Աղդամը, ոսոխը ետ էր շպրտվել իր որջի խորքերը և վաշտի առաջնագիծն արդեն Ղարբանդն էր դարձել։ Պատերազմական ամեն մի օրն ավելի էր մոտեցնում բաղձալի հաղթանակը, որին այնքան հավատում և սպասում էին մեր ազատամարտիկները։ Ավաղ նրանցից շատերի համար այն անհասանելի երազանք մնաց։ 1994 թվականի փետրվարի 7-ին Քելբաջարի շրջանում գումարտակի հրամանատարի հետախուզական հատուկ առաջադրանքը կատարելիս թշնամու գնդակից մահացու վիրավորում ստացավ քաջ հետախույզ Արմենը՝ թողնելով հարազատների սրտերում անամոք ցավ, աչքերում դրոշմելով հավերժ թախիծ ու վիշտ։ Մինչդեռ հաղթանակն այնքա՜ն մոտ էր… Արմենի զոհվելուց հետո կարծես թե կյանքը կանգ էր առել Բաբայանների գերդաստանում, սակայն ծնողներն ուժ գտան իրենց մեջ։ Չէ որ երիտասարդ ճյուղերը պիտի ապրեին և արմատները պարտավոր էին սնուցել դալար շիվերին։ Ու գլորվեցին տարիները… Բաբայանների օջախում կրկին մանկան ճիչ հնչեց։ Ծնվեց Վարդուշ և Վլադիմիր Բաբայանների անդրանիկ արու թոռը՝ Արմենը, ով պատվով է կրում հորեղբոր հերոսական անունը։ Այսօր Վարդուշ մայրիկի բոլոր զավակներն օրինակելի ընտանիքների տերեր են, որտեղ մեծ տեղ է հատկացվում մարդամոտությանը, մեծի հանդեպ հարգանքին և ուշադրությանը, և իհարկե, կարեկցանքին։ Հիրավի, նա ով չի տառապել չի կարող և կարեկցել։ Օրերս Վարդուշ մայրիկի ծննդյան 70 ամյակն էր։ Հավաքվել էին երեխաները, թոռները, բարեկամները՝ կիսելու Բաբայանների գերդաստանի ուրախությունը։ Անթաքույց ուրախություն և հպարտություն էր պատել հոբելյարին՝ իզուր չէ ապրած կյանքը։ Նա Հայրենիքի համար պիտանի զավակներ է դաստիարակել, գերազանցապես կատարել իր քաղաքացիական պարտքը Հայրենիքի նկատմամբ։ -Կյանքիս և ոչ մի օրն անգործ նստել չեմ սիրել։ Անգործությունը տանջալից բեռ է, և բոլոր չարիքներն անգործությունից են ծնվում, - համոզված է Վարդուշ մայրիկը։ - Աշխատանքից լավ բան չկա, այն օրդ իմաստալից է դարձնում։ Իմ զավակներին, թոռներին միշտ հորդորում եմ ոչ մի աշխատանքից չխուսափել։ Բաբայանների օջախը հարս եկած օրվանից էլ նկատել եմ, որքան մեծ տեղ է հատկացվում աշխատանքին ու հյուրասիրությանը։ Ամուսինս արհեստավոր էր` հյուսն, միաժամանակ աշխատում էր գյուղի կոլտնտեսությունում։ Գործի բերումով շատ էին նրան դիմում, այդ թվում նաև հարևան գյուղերից։ Եվ առանց մի կտոր հաց կտրելու տնից և ոչ մեկին բաց չէր թողնում։ Մանկության իմ հիշողություններում դեռ թարմ է Վլադիմիր Բաբայանի փայտամշակման հաստոցների հռնդյունը, ինչը խաթարվեց մեզ պատուհասած պատերազմի պատճառով։ Գյուղն արկակոծությունների, թալան ու ավար-ավերի վերածվեց… Գյուղի՝ երբեմնի մարդաշատությունը, հանդերում իշխող աշխատանքի թոհն ու բոհը, տիրող աշխուժությունը լոկ հիշողություններ մնացին, դառը հիշողություն… Տարիներ առաջ, երկարատև հիվանդությունից հետո երկրային կյանքին հրաժեշտ տվեց Վլադիմիր Բաբայանը՝ այդպես էլ չհամակերպվելով որդու անդառնալի կորուստի հետ։ Խոսելով հայոց բանակի, մեր զինվորների կատարած քաջագործությունների մասին Վարդուշ մայրիկը բոլոր զինվորներին, ժամկետային ծառայողներին, որոնց շարքերում է թոռը՝ Վլադիմիրը, մաղթեց անփորձանք ծառայություն և բարի վերադարձ հարազատ օջախները։ -Բոլոր ժամանակներում հայրենիքի մեր պաշտպաններն իրենց քաջ են դրսևորել, և Հայրենիքի շահը միշտ բարձր դասել անձնականից։ Իմ երազանքն է որպեսզի Արցախում և ամբողջ աշխարհում կայուն խաղաղություն հաստատվի։ Թող ի սպառ կորչի պատերազմը, որը չարիք է ծնում։ Հերիք է ինչքան տառապանք ենք տեսել։ Մեղք են մեր երիտասարդները, թող գոնե նրանք վայելեն կյանքը,- անթաքույց լավատեսությամբ ասում է զրուցակիցս։ Շնորհավոր 70-ամյա հոբելյանդ, Վարդուշ Բաբայան։ Թող այլևս երբեք վիշտ ու դառնություն չտեսնեք, ապրեք առողջ և շրջապատված ձեր հարազատների ջերմությամբ ու հոգատարությամբ։ Չգիտես սփոփանքի ինչպիսի խոսքերով, ինչպիսի բառերով դիմես հերոսածին մեր մայրերին, որ կարողանաս փոքր-ինչ փարատել նրանց ծանր վիշտը։ Փաստորեն, նրանց կյանքը՝ իրենց զավակներին կորցնելուց հետո հերոսության հարատև դաս է։ Եվ այսօր բոլորս պարտավոր ենք գլուխ խոնարհել մեր հերոսածին մայրերի, նրանց առյուծասիրտ զավակների վառ ու անշեջ հիշատակի առջև։ Անահիտ ՊԵՏՐՈՍՅԱՆ |