ՋՐԱՂԱՑՆԵՐԸ ՄԱՆԿԱԿԱՆ ԽԱՂԱՀՐԱՊԱՐԱԿ ՈՒՆԻ
18.05.2020 17:30

Ասկերանի շրջանի Ջրաղացների համայնքում կրկին տոնական տրամադրություն էր տիրում: Գարնանային այդ օրն արեգակը մի առանձնահատուկ ջերմությամբ էր ժպտում երկնքից ու աչքով անում, ասես ինքն էլ էր սպասում այս օրվան, որպեսզի իր պայծառ ճաճանչները տարածեր գյուղի վրա՝ յուրօրինակ սիրով լցնելով մարդկանց սրտերը: Չէ որ իրականություն էր դարձել ջրաղացներցիների վաղեմի երազանքը, գյուղը վերջապես մանկական խաղահրապարակ ունի:

Մայիսի 16-ին հավաքվել էին մեծով ու փոքրով, հավաքվել էին այդ հիշարժան օրը գյուղովի նշելու համար: Ջրաղացներցիներին շնորհավորելու էին եկել Ասկերանի շրջվարչակազմի ղեկավարի տեղակալ Վահագն Առստամյանը, շրջվարչակազմի աշխատակազմի ՔՃՎ բաժնի վարիչ Ալբերտ Ավանեսյանը, գործարար Արման Հակոբջանյանը, հյուրեր:

Ողջույնի և բացման խոսքով հանդես եկավ համայնքի ղեկավար Արսեն Հայրապետովը.

-Հիրավի, այսօր տոն է մեզ համար: Հաղթական մայիս ամսում, սխալված չեմ լինի, եթե ասեմ, որ սա ևս հաղթանակ է՝ յուրովի մի հաղթանակ, որին շատ ենք սպասել: Ջրաղացներում առաջին անգամ կարմիր ժապավեն է կտրվում, և հուսանք, որ նման միջոցառումները շարունակական են լինելու:

Այս հրապարակի կառուցումը ցույց տվեց մեր գյուղացիների միասնական ուժը, համախմբվածությունը, համայնքի հանդեպ սերը:

Բոլորիս անունից ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Ասկերանի շրջվարչակազմի ղեկավար Հակոբ Ղահրամանյանին, գործարար և բարերար Արման Հակոբջանյանին, Արմավիր Գալստյանին, բոլոր մեր համագյուղացիներին: Նրանց աջակցության շնորհիվ իրականություն դարձավ այս գեղեցիկ մտահղացումը:

Խաղահրապարակի կառուցման գործում ջրաղացներցիներիս համար անգնահատելի էր Արման Հակոբջանյանի աջակցությունը: Նրա շնորհիվ ձեռք բերեցինք խաղահրապարակի ողջ գույքը, և այսօր մեր մանուկների ուրախությանը չափ չկա:

Ունենք նաև մի շարք ծրագրեր, որոնք անպայման իրականություն կդարձնենք:

Ես բարձր եմ դասում նաև մեր հարևան համայնքների հետ մեր ջերմ փոխհարաբերությունները և պատահական չէ, որ այստեղ են  Ավետարանոցի, Ակնաղբյուրի, Սարուշենի, Սղնախի Մադաթաշենի, Մոշխմհատի համայնքների ղեկավարները: Բնակչությունը տեսնելով մեր միասնականությունը՝ ինքնին լցվում է նույն ոգով և պատրաստակամությամբ:

Կարմիր ժապավենը կտրելու իրավունքը վերապահվեց Արման Հակոբջանյանի դստրերին՝ Մարիին և Եվային:

Ապա երախտագիտության խոսք ասաց համայնքի մշակույթի տան տնօրեն Քնար Քարամյանը.

-Թող չափազանցություն չթվա, եթե բարությամբ և պատասխանատվությամբ պարուրված մի գեղեցիկ կոլեկտիվ անվանեմ Ջրաղացներ գյուղը: Իզուր չէ, որ հարևան գյուղերում առանձնակի անունով են շեշտում մեր այս փոքրիկ ու կազմակերպված համայնքի անունը: Գյուղի հանդեպ անշահախնդիր ու սրտացավ ղեկավար Արսեն Հայրապետովն անմնացորդ նվիրումով է կատարում իր բոլոր պարտականությունները: Նրա ծրագրերում միշտ էլ կար գյուղը շենացնելու համար երիտասարդների համար ժամանցի վայր, երեխաների համար խաղահրապարակ կառուցելը, և այսօր ժամանցի այս վայրը մեծ ձեռքբերում է համայնքի համար:

Ակներև է, որ բարի գործ կատարելը կրկնվում է: Արման Հակոբջանյանն արժանի զավակն է իր հոր՝ մեր համայնքի պատվավոր քաղաքացի, երջանկահիշատակ Մարատ Հակոբջանյանի, ով իր ողջ գործունեությամբ ժողովրդի մեջ արմատավորվեց իր բարի անվամբ:

Համայնքի անունից երախտագիտություն ենք հայտնում մեր բարերարին՝ համոզմունք հայտնելով, որ ժողովուրդը չի մոռանա բոլոր այն բազում գործերը, որ կատարվել ու շարունակվում են կատարվել նրա կողմից:

Ցանկանում եմ նաև խոսքս ուղղել Ջրաղացներ գյուղում ծնված բոլոր այն մարդկանց, ովքեր ապրում են գյուղից դուրս: Նրանցից շատերն ապրում են գյուղի կյանքով, օգնում են, ինչով կարողանում են, քանզի հարազատ համայնքի ճակատագիրը հուզում է նրանց՝ ստիպելով անտարբեր չմնալ:

Փառք տանք այն բարերարներին, ովքեր իրենց ներդրումն են կատարում այսպիսի վեհ գործերի համար: Արցախ աշխարհին մաղթենք խաղաղություն, իսկ մեր մանուկներին ՝ անհոգ մանկություն:

Գնահատենք և պատվենք բոլոր այն անձնվեր մարդկանց, որոնք անում են ամեն ինչ, որպեսզի ծիծաղը չպակասի մեր մանուկների դեմքերից…

Ապա դպրոցականները հանդես եկան գեղեցիկ ելույթներով: Նրանք մեծարեցին հարազատ գյուղը, որն այնքա՜ն շատ էին սիրում, խոստացան իրենց ուսմամբ, պահվածքով միշտ բարձր պահել համայնքի պատիվն ու անունը, իսկ ներկայացրած փոքրիկ և զավեշտալի երգային կատարումները մեծ խանդավառություն պարգևեցին ներկաներին:

Հիրավի, օրվա խորհուրդն անգնահատելի էր: Մանուկների ուրախությունից փայլող աչքերը, նրանց ծնողների գնահատանքով լեցուն հայացքներն ասում էին ամեն ինչ, իսկ այն, որ համայնքի ղեկավարի աշխատելու էներգիան, գյուղը շենացնելու և բարգավաճ տեսնելու ցանկությունն անթաքույց ու ակնհայտ է, ավելի է ոգևորում համայնքի բնակչությանը և նրանց պատում լավատեսությամբ:

<<Երիտասարդին պետք է թևեր տալ, օգնել, որ հաղթահարի դժվարությունները, հասնի նպատակների իրականացման: Մեր համայնքի ղեկավարի համար մենք ուժ ենք, թև ու թիկունք և համոզված ենք՝ մեր այս չքնաղ գյուղում նորանոր հաջողություններ կարձանագրվեն>>,- ասում է Ջրաղացների բնակչուհի Բելլա Պետրոսյանը, ապա հպարտությամբ շեշտում, որ համայնքի երիտասարդ ընտանիքներն ակտիվորեն մասնակցում են գյուղի հասարակական բոլոր աշխատանքներին և մտածում իրենց երեխաների վաղվա օրվա մասին:

Ուշագրավ էր լսել Ջրաղացների դպրոցի տնօրեն Լիանա Գրիգորյանին. <<Համայնքում կա 20-ից ավելի նախադպրոցական տարիքի և 14 դպրոցահասակ երեխա: Մեր երեխաներն ու նրանց ծնողներն ունեին այսպիսի ժամանցային վայրի կարիք: Այս վայրը ես կանվանեի նաև համախմբման և համերաշխության յուրահատուկ մի վայր: Հաճելի է տեսնել, թե ինչպես են երիտասարդ մայրերը հավաքվում, կազմակերպում հյուրասիրություններ, իսկ երեխաները խաղում են նրանց աչքի առաջ: Կարծում եմ, որ երեխան տեսնելով միայն լավն ու գեղեցիկը՝ ինքնին կդաստիարակվի նույն ոգով:

Շնորհակալություն ենք հայտնում բոլոր աջակիցներին և ակնկալում, որ այս գողտրիկ ու փոքրիկ գյուղը կշարունակի մնալ նրանց ուշադրության կենտրոնում>>:

Իսկ մենք Ջրաղացներից վերադարձանք բարձր տրամադրությամբ և պայծառ տպավորություններով: Կարծում ենք՝ եթե համայնքը ղեկավարում է պատասխանատու, իր գործին նվիրված և գիտակ ղեկավար, եթե նա ունի հասարակությունից կազմված ամուր թիկունք, ապա նման համայնքում իրականություն կդառնան անգամ ամենադժվար ծրագրերը…

Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ

 
mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter