ՄՇԱԿՈՒՅԹԸ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿԻ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ |
26.05.2020 10:11 |
2020 թվականի տարեսկիզբը բազմաբովանդակ միջոցառումներով էր մեկնարկել Ասկերանի շրջվարչակազմի աշխատակազմի մշակույթի բաժինը, ինչը խոստումնալից շարունակություն էր ենթադրում։ Սակայն COVID-2019-ն իր ուղղումներն է մտցրել յուրաքանչյուր բնագավառում և աշխատաոճում։ Թե ինչպես են աշխատում արտակարգ իրավիճակի պայմաններում և ինչպիսի միջոցառումներ է կազմակերպել և անցկացրել շրջանում մշակույթի բաժինը մինչ համավարակ՝ իմացանք բաժնի վարիչ Ռուզաննա Մկրտչյանից։ -Տիկին Մկրտչյան, նախ խոսնեք 2019 թվականի շրջանի մշակութային կյանքի մասին։ -Մշակույթի և երիտասարդության հարցերի բաժինը բազմաբնույթ միջոցառումների և համերգների կազմակերպմամբ իրականացնում է շրջանի բնակչության մշակութային սպասարկումը, ինչպես նաև կանոնակարգում երիտասարդության հետ տարվող աշխատանքները: Մշակույթի ոլորտը ներառում է 36 համայնքային ենթակայության մշակույթի տներ, ՙԱսկերանի մշակույթի և երիտասարդության կենտրոն՚, ՙԱսկերանի արվեստի դպրոց՚, ՙԱսկերանի Գ.Գաբրիելյանի անվան կենտրոնական գրադարան՚ և ՙԱստղաշենի արվեստի դպրոց՚ ՊՈԱ կազմակերպությունները: 2019թ. կազմակերպվել են բազմաբովանդակ միջոցառումներ: Ոլորտը ներառող մշակութային հիմնարկների հետ կարողացել ենք պատվով իրականացնել բոլոր ծրագրերը, ինչպես նաև նախարարության և շրջվարչակազմի կողմից տրված հանձնարարականները, շրջայցեր ենք կատարել գյուղական մի շարք համայնքներ, ուսումնասիրել արվեստի դպրոցների մասնաճյուղ խմբերի և մշակույթի օջախների աշխատանքային գործունեությունը, օժանդակել և աջակցել համայնքներում կազմակերպվող մշակութային և երիտասարդական միջոցառումներին: Տարվա ընթացքում շրջանում կազմակերպվել են ազգային-եկեղեցական, հիշարժան և տոն օրերին նվիրված մի շարք միջոցառումներ: Երիտասարդության շրջանում նույնպես իրականացրել ենք տարբեր բնույթի մի շարք ծրագրեր՝ կազմակերպել ենք շրջանի երիտասարդության հանդիպումը շրջվարչակազմի ղեկավարի հետ, որտեղ քննարկվել են երիտասարդությանը հուզող հարցերն ու խնդիրները: ՙԱռողջ ապրելակերպ՚, քայլարշավներ, ինտելեկտուալ խաղ-մրցույթներ, ուխտագնացություններ, էքսկուրսիաներ դեպի Արցախի պատմական տեսարժան վայրեր: Կա սերտ համագործակցություն պաշտպանության բանակի զորամասերի հետ: ՙԲերդ՚ համույթը բազմիցս համերգային ծրագրերով հանդես է եկել շրջանի տարբեր զորամասերում: Այդ համերգները դարձել են ավանդական, միշտ լինում ենք մեր զինվորի կողքին, ոգևորում և քաջալերում նրանց: Մեր զինվորներին մասնակից ենք դարձնում նաև շրջկենտրոնում կազմակերպվող բոլոր միջոցառումներին: Մասնակցել ենք նաև հանրապետությունում կազմակերպված մի շարք միջոցառումների՝ ՙԶվարթնոց՚ հայ-երգի մրցույթ-փառատոնին, ՙՀայոց Այբուբենի Սահմանը՚ հայապահպանական ծրագրին, ՙԱրցախյան գորգարվեստ՚ մրցույթին, ՙՀերոսների հետքերով՚ հայրենասիրական դաս-արշավին, ՙՀետհաշվարկ՚ ինտելեկտուալ հեռուստախաղ-մրցույթին, ՙԸնտանեկան ճամբար՚, ՙԱրցախի երիտֆորում՚ ամենամյա ծրագրերին և ՙՎերածնունդ՚ միջազգային 11-րդ մրցույթ-փառատոնին, որտեղ Ասկերանի արվեստի դպրոցի պարարվեստի և նկարչության բաժնի սաներն արժանացել են 2-րդ և 3-րդ կարգի դիպլոմների: Ակտիվ մասնակցություն ենք ունեցել ամռանն Արցախում կազմակերպված ՙԿոնԻՖԱ Եվրո-2019՚ և ՙՀամահայկական 7-րդ խաղեր՚ միջոցառումներին, որոնք աննախադեպ էին հանրապետության, ինչպես նաև շրջանի մարզական կյանքի և զբոսաշրջության զարգացման համար: Շրջվարչակազմի ղեկավար Հակոբ Ղահրամանյանի միջնորդությամբ մշակույթի ոլորտում իրականացվել են մի շարք բարեգործական ծրագրեր։ ՙԱպագա սերունդների հիմնադրամ՚-ի հիմնադիր Գրիգորի Արկադիի Գաբրիելյանցն Ասկերանի Գ. Գաբրիելյանի անվան կենտրոնական գրադարանին է նվիրել գրադարակներ, գրքեր, ինչպես նաև ժամանակակից տեխնիկական սարքավորում՝ նոութբուք, իսկ ՙԱրարիչ՚ բարեգործական հիմնադրամն Ասկերանի արվեստի դպրոցի պարախմբի սաներին՝ ազգային հագուստ: -Փաստորեն, մեր ամենօրյա աշխատանքային օրակարգը նոր կորոնովիրուսի հետևանքով կաթվածահար է եղել, ինչպիսի՞ պայմաններում են աշխատում այժմ մշակույթի բաժինը և նրա ստորաբաժանումները։ -Կորոնավիրուսի հետևանքով աշխարհում առաջացած ճգնաժամային աննախադեպ իրավիճակը հանրապետությունում հանգեցրել է տնտեսական ակտիվության կտրուկ նվազմանը։ Նյդ ամենը, բնականաբար, իր բացասական ազդեցությունն է թողել նաև մշակութային կյանքի ակտիվության վրա: Ստեղծված իրավիճակում քայլեր ենք ձեռնարկում հնարավորինս մշակութային կյանքն աշխուժացնելու ուղղությամբ: Այդ նպատակով բաժինը առցանց ձեռքի աշխատանքների մրցույթ է հայտարարել՝ նվիրված երեխաների պաշտպանության միջազգային օրվան, որտեղ մրցույթի հաղթող մասնակիցները կպարգևատրվեն նվերներով և պատվոգրերով: Ինչ վերաբերում է մշակույթի ոլորտի ստորաբաժանումներին, ապա կարող եմ ասել, որ պահպանում են Արցախում հայտարարված արտակարգ իրավիճակից բխող բոլոր կանոնները: -Ինչպիսի՞ն էին պլանները ընթացիկ տարվա համար՝ մինչ COVID-2019-ը և առաջիկայում ինչպիսի՞ պլաններ կան։ -Ասկերանի շրջվարչակազմի մշակույթի և երիտասարդության հարցերի բաժինը 2020թ. կազմակերպել է մի շարք միջոցառումներ՝ Սուրբ Սարգիս զորավարի տոն, Տեառնընդառաջ ազգային եկեղեցական տոն, Ասկերանի վերածննդի օր, Գրքի նվիրատվության օր, Կանանց միամսյակին նվիրված միջոցառումներ: Համաճարակի հետ կապված մարտի 14-ից չեղարկվել է ՝ Թատրոնի միջազգային օրվան, ՙՍուրբ Զատիկ՚ ազգային - եկեղեցական տոնին, Մեծ եղեռնին, Պարի միջազգային օրվան, Հաղթանակի, ԱՀ պաշտպանության բանակի կազմավորման և Շուշիի ազատագրման օրվան նվիրված միջոցառումների կազմակերպումը: Տարվա կտրվածքով նախատեսված են ազգային-եկեղեցական, հիշարժան և տոն օրերին նվիրված մի շարք միջոցառումներ, ինտելեկտուալ խաղեր, քայլարշավներ, հոգևոր անվտանգություն թեմայով հանդիպումներ երիտասարդների հետ, կլոր սեղաններ, շաբաթօրյակներ, ուխտագնացություններ և առողջ ապրելակերպ ծրագրի շրջանակներում՝ հակածխախոտային ֆլեշմոբ, թատերական էտյուդների բեմադրություն, երաժշտական ֆլեշմոբ, առողջ սնունդ ֆլեշմոբ, վազքի մրցույթ, հեծանվավազք, առողջ ապրելակերպ թեմայով դասախոսություններ և միջոցառումներ զինվորների համար։ Դեռ որոշակի անորոշություն կա ճգնաժամի հաղթահարման ժամանակի առումով։ Այդ իսկ պատճառով աշխատանքներ ենք տանում բազմաթիվ ծրագրեր առցանց տիրույթ տեղափոխելու ուղղությամբ: Այսօր հասարակության առողջության հարցն առաջնային է, ուստի հաջողություն և առողջություն եմ մաղթում բոլորին, թող որ այս ճգնաժամը շուտ հաղթահարվի և նորից սկսենք ապրել ակտիվ մշակութային կյանքով: -Շնորհակալություն։ Շարունակենք ինտեգրված և հավատարիմ մնալ համավարակի թելադրած պայմաններին։ Հուսանք, առաջիկայում ամեն ինչ իր բնականոն հունի մեջ կընկնի և կսկսենք աշխատել նորմալ ռեժիմով՝ հագեցած մշակութային կյանքով։ -Շնորհակալություն. Հաջողություն և առողջություն բոլորիս։ Հարցազրույցը՝ Անահիտ ՊԵՏՐՈՍՅԱՆԻ
|