ԵՐԲԵՄՆԻ ՀԶՈՐՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ՓԱՌՔԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ ՀՈՒՅՍԵՐՈՎ
27.05.2020 16:03

Ով պատմություն ունի, չի կարող ետ չնայել…

Պարույր Սևակ

Ասում են՝ հնօրյա ավանդույթների համաձայն, Ասկերանի շրջանի Ավետարանոց գյուղը գոյություն է ունեցել դեռևս մեկուկես հազարամյակ առաջ: Այդ են հուշում այնտեղի մեծ ու փոքր հուշարձանները: Ավետարանոցը Վարանդայի մելիքության բերդավանն էր, նստավայրը, մելիքանիստը:

Միջնադարում, հատկապես մելիքության տիրապետության ժամանակաշրջանում, այն ամրացված է եղել ամուր պարիսպներով: Ավետարանոցում և շրջակայքում պահպանվել են Ս. Աստվածածին եկեղեցին (XIII դար), Ս. Նշան Կուսանաց անապատ (XV դար), Սրբոց Ղևոնդյանց վանքերը, Վարանդայի մելիքների գերեզմանները, Մելիք-Շահնազարյանների ապարանքները և տոհմական դամբարանները:

Քիրս լեռան ստորոտում գտնվող Ավետարանոց գյուղն ունի հեքիաթային բնություն, կուսական անտառների մեջ ընկղմված գյուղն այնքա՜ն գեղեցիկ է և անքա՜ն կախարդիչ, իսկ ավետարանոցցին՝ հպարտ և կանգուն, չէ որ իր նախնիների պատմությամբ միայն հպարտանալ  կարող է:

Այս գյուղում փոքրից մինչև մեծ սիրում են պարծենալ. <<Մեր գյուղը մելիքների գյուղ էր, իսկ Աղվանից Վաչե Բ թագավորը 5-րդ դարում ճգնել է հենց այստեղ և զբաղվել Ավետարանական քարոզչությամբ>>…

Հիրավի, ավետարանոցցին կարող է պարծենալ ոչ միայն իր անցյալով: Այսօր նա շարունակում է ապրել, արարել ու ստեղծել, քանզի գիտի, որ արդար քրտինքով վաստակած հացն է ամենահամովն ու ազնիվը:

2020 թվականի հունվարի 1-ի դրությամբ Ավետարանոցի համայնքի բնակչության թվաքանակը կազմում է 1170 մարդ, որոնցից 95-ը ժամանակավոր բնակիչներ են: Առկա է 250 տնային տնտեսություն:

Գյուղում կա դպրոցական տարիքի 139, իսկ նախադպրոցական՝ 18 երեխա։

Աշխատունակ բնակչությունից 150 մարդ ունեն հիմնական աշխատանք և աշխատում են տարբեր կազմակերպություններում և հիմնարկներում:

Ինչպես մեզ տեղեկացրեց համայնքի ղեկավար Սևակ Բաղդասարյանը, համայնքի տնտեսության հիմնական ճյուղը գյուղատնտեսությունն է, որի մեջ գերակշիռ մասը կազմում է հողագործությունը և անասնապահությունը:

Համայնքի հողային տարածքը կազմում է 946 հա, որից սեփականաշնորհված է 565.3 հա, վարձակալության տրված՝ 61.65 հա, իսկ արոտն ու բնական խոտհարքերը կազմում են 301 և 60 հա:

Բացի հողագործությունից համայնքում գյուղատնտեսական արտադրության մյուս կարևոր ճյուղն անասնապահությունն է: Հաշվառված անասուններին ժամանակին կատարվում են բոլոր պրոֆիլակտիկ սրսկումներն ու արյան զննումը:

Համայնքում գործում է միջնակարգ դպրոց՝ 139 աշակերտների ընդգրկմամբ, դասավանդում է 32 ուսուցիչ, աշխատում՝ 13 աշխատակից:

Համայնքն ունի նաև մանկապարտեզ, որտեղ գործում է 2 խումբ, հաճախում է 42 երեխա: Մանկապարտեզն ապահովված է մասնագետներով և համապատասխան գույքով: Դպրոց, համայնք, մանկապարտեզ կապը միշտ ամուր հիմքերի վրա է և տալիս է իր դրական արդյունքները:

2019 թվականին սկսվել և ընթացքի մեջ է դպրոցի շենքի կապիտալ վերանորոգումը, իսկ տանիքն արդեն փոխվել է լրիվությամբ:

Համայնքն ունի բուժամբուլատորիա, որտեղ աշխատում է 5 բուժքույր և 1 տեխաշխատակից:

Համայնքի ղեկավարի հավաստմամբ պարբերաբար կազմակերպվում են շաբաթօրյակներ, գյուղամիջյան փողոցների, բակերի, աղբյուրների սանտիրական մաքրման աշխատանքներ, տարվա ընթացքում մաքրվում և ախտահանվում է ջրամբարը:

Խոսելով համայնքի խնդիրների և անելիքների մասին՝ համայնքի ղեկավարն ասաց.

-Նշեմ, որ համայնքում ունենք ջրի դիֆիցիտ և ոչ միայն ամառային, այլ նաև ձմռան ամիսներին: Թեև ջրային ցանցին ավելացրել ենք ևս մեկ աղբյուր, սակայն դրանով հարցը լուծված չի համարվում:

Համայնքի կողմից շարունակվել են աշխատանքները փողոցային լուսավորման ուղղությամբ, տարբեր փողոցներում ավելացել է լապտերների տեղադրումը: Ասեմ, որ համայնքի կենտրոնական փողոցները և որոշ թաղամասեր լուսավորված են, սակայն մեծ անհրաժեշտություն կա որոշ ծայրամասային փողոցներ և խուլ թաղամասեր նույնպես ապահովել լուսավորությամբ:

Այսօր համայնքում մեծ թիվ են կազմում երիտասարդները, ովքեր երազում են համայնքում ունենալ նորմալ մշակույթի տուն, հանդիսությունների սրահ, որպեսզի հաճախակի կազմակերպվող միջոցառումներն անցկացվեն հենց հարազատ համայնքում, այլ ոչ թե հարևան գյուղերում:

Անմխիթար վիճակում է ինչպես ներհամայնքային, այնպես էլ համայնքը մայրաքաղաքին կապող ճանապարհը:

Կարծում եմ՝ համայնքի առջև ծառացած հրատապ խնդիրները պետական աջակցության կարիք ունեն: Ժամանակակից պայմաններ ստեղծելու միջոցով միայն հնարավոր կլինի ապահովել համայնքի զարգացումը և բնակչության աճը:

Համայնքի ղեկավարն անթաքույց ուրախությամբ ավելացրեց նաև, որ այս վերջին ժամանակահատվածում համայնքում իրականացվել են նաև մի շարք բարեգործական աշխատանքներ: Գտնվեցին սրտացավ մարդիկ, որոնք անտարբեր չեղան համայնքի խնդիրների, դժվարությունների հանդեպ: Այդ մարդկանց շարքին են դասվում Վիտալի Բալասանյանը, Ռոբերտ Ղահրամանյանը, Սամվել Բաբայանը, Սևակ Ստեփանյանը, Կարեն Աթայանը, Լևոն Շահնազարյանը, Արման Հակոբջանյանը:

Արցախի ՀՅԴ ԿԿ-ն հունվար, փետրվար և մարտ ամիսներին աշխատավարձ է տրամադրել դպրոցում գործող <<Ավանդական ուշու>> մարզախմբի մարզչին: Մարզումները դադարեցվել են նոր տեսակի կորոնավիրուսի պատճառով:

Գյուղի համար մեծ գործ էր Արման Հակոբջանյանի կողմից իրականացվող աջակցությունը: Նա լրիվությամբ վարձատրում է համայնքի սալիկապատում և հենապատերի վերանորոգում իրականացնող վարպետներին ու բանվորներին, իսկ անհրաժեշտության դեպքում տրամադրում է նաև տեխնիկա:

Ինչ խոսք, բարեգործությունը միշտ էլ գնահատվում է հասարակ ժողովրդի կողմից:

Սևակ Բաղդասարյանը համայնքի բնակիչների անունից շնորհակալություն հայտնեց բարեգործությունների համար՝ հույս հայտնելով, որ բարի գործերը դրանով չեն սահմանափակվի:

Մեր զրույցի վերջում Ավետարանոցի համայնքի ղեկավարը հատուկ շեշտադրեց, որ ամեն մի հաջողության հիմքում ընկած է համախմբվածությունը:

<<Մեր բոլորիս պարտքն է լինել համախմբված, միասնական և դրսևորելով բարձր կազմակերպվածություն ու պատասխանատվություն՝ կկարողանանք համայնքային բոլոր խնդիրները աստիճանաբար լուծել: Համոզված եմ՝ մեզանից յուրաքանչյուրը հարազատ համայնքի զարգացման համար կանի հնարավոր ամեն ինչ՝ ներդնելով համատեղ ջանքերը, ընդունելով և բարձր գնահատելով դրսից եկող ցանկացած բարեգործություն:

Իմ աշխատավոր ժողովրդին մաղթում եմ առողջություն, ուժ և եռանդ:

Համոզված եմ՝ ավետարանոցցին իր աշխատասիրությամբ կկարողանա հասնել բազում հաջողությունների:

Բոլորին մաղթում եմ խաղաղություն և շնորհավորում Հայաստանի առաջին հանրապետության կազմավորման օրվա կապակցությամբ: Լինենք ուժեղ և միասնական>>:

Հիրավի, Ավետարանոցի համայնքի նորընտիր և երիտասարդ ղեկավարի հետ մեր զրույցը բովանդակալից էր և լավատեսությամբ պարուրված: Սևակ Բաղդասարյանի մեջ ակնհայտ էին հարազատ համայնքը զարգացած ու շենացած տեսնելու հույսերը:

Թող իրականություն դառնան ավետարանոցցիների բոլոր երազանքներն ու ծրագրերը, թող պատմական այս գյուղը կարողանա վերականգնել իր երբեմնի հզորությունն ու փառքը…

Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ

 
mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter