ՄՆԱՍ ԲԱՐՈՎ ՀԱՐԱԶԱՏ ԿՐԹՕՋԱԽ
27.05.2020 17:15

Դպրոցականների ուսումնառության տարիների ավարտն ազդարարող վերջին զանգի տոնի գաղափարը պատկանում է ՌՍՖՍՀ վաստակավոր ուսուցիչ Ֆեդոր Բրյովովեցկուն:Վերջին զանգին նվիրված առաջին միջոցառումը տեղի է ունեցել 1948 թվականի մայիսի 25-ին՝ Մոսկվայում։ Տարածվելով ամբողջ աշխարհում տոնը դարձել է բազմաթիվ մարդկանց՝ հատկապես շրջանավարտների համար ամենասիրված և ամենասպասված տոնը…

Եվ արդեն 72 տարի է վերջին զանգի ղողանջներն աշխարհի տարբեր ծայրերում հազարավոր շրջանավարտների համար հնչում է որպես ապագա հաղթանակների, փայլուն հայտնագործությունների և հիանալի նվաճումների խորհրդանիշ։

Վերջին զանգ, անմոռանալի հուշեր… Տարիներ, որոնք հետ չեն դառնալու, հուշեր, որոնք չեն կրկնվելու։ Վերջին զանգի տոնակատարությունները, որոնք այնքան սպասված էին ոչ միայն շրջանավարտների, այլև նրանց ծնողների և հարազատների համար անսպասելիորեն չեղարկվեցին հայտարարված արտակարգ իրավիճակի պատճառով։ 2019-2020 ուսումնական տարին ավարտած բազմաթիվ շրջանավարտներ այդպես էլ չվայելեցին իրենց վերջին հրաժեշտը հարազատ կրթօջախին, ուսուցիչներին և դեպի երազանքների իրականում տանող դժվարին ճանապարհին հավատարմորեն իրենց հետ քայլող անձնավորություններին՝ ծնողներին, դպրոցում ծնողի պարտականությունը ստանձնած դասղեկներին։

Ինչպես տեղեկացանք Ասկերանի շրջվարչակազմի աշխատակազմի կրթության և սպորտի բաժնի վարիչ Կառլեն Մայիլյանից՝ շրջանի հանրակրթական դպրոցների շրջանավարտների ընդհանուր թիվը 136 է, 9-րդ դասարանն ավարտել է 186 աշակերտ։ Բաժնի վարիչի առաջարկով շրջանի հանրակրթական դպրոցների շրջանավարտներին իրենց դասղեկների հետ դպրոցական վերջին օրը հնարավորություն է ընձեռվել այցելելու դպրոց՝ հարազատ կրթօջախին, դասղեկին և դասընկերներին հրաժեշտ տալու և լուսանկարվելու համար։

Խոսելով ուսումնական տարվա 2-րդ կիսամյակի հեռավար ուսուցման մասին Կ. Մայիլյանը նշեց, որ ընդհանուր առմամբ, ուսուցիչներին հաջողվել է ավարտին հասցնել ուսումնական տարվա պլանը և պատվով դուրս գալ համավարակի պատճառով ստեղծված անսպասելի իրադրությունից։ Նա դպրոցականներին շնորհավորելով հերթական ուսումնական տարվա ավարտի կապակցությամբ՝ մաղթեց ուրախ և անհոգ արձակուրդային օրեր՝ հույս հայտնելով, որ նոր ուսումնականը կմեկնարկեն առանց արտակարգ իրավիճակի պայմանների։ Առանձնակի գորովանքով բաժնի վարիչը շնորհավորեց 2019-20 ուսումնական տարվա շրջանավարտներին, ովքեր բախտի քմահաճույքով չկարողացան արժանվույնս հրաժեշտ տալ հարազատ դպրոցին և ուսուցիչներին։ Սակայն դա համարելով նրանց գիտակից կյանքի առաջին լուրջ փորձությունը հույս հայտնեց, որ շրջանավարտները միշտ արժանապատվորեն կհաղթահարեն կյանքի բոլոր փորձությունները։ Կ. Մայիլյանը նրանց մաղթեց հաջողություններ, ուժ և կորով, կամք և համբերություն՝ կյանքի ցանկացած փորձությունից պատվով դուրս գալու համար։
Այդ օրերին համացանցը հեղեղված էր ամենաջերմ ու ամենահուզիչ գրառումներով, շնորհավորանքներով, ուղերձներով։

Ասկերանի շրջանի 136 շրջանավարտներին վերջին զանգի կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել շրջվարչակազմի ղեկավար Հակոբ Ղահրամանյանը, որտեղ մասնավորապես նշված էր.

-Սիրելի շրջանավարտներ, շնորհավորում եմ դպրոցական վերջին զանգի ու կյանքի նոր փուլ մտնելու առիթով։
Համոզված եմ, որ դուք հաղթահարելու եք բոլոր արգելքները և ի կատար եք ածելու ձեր երազանքները։
Մաղթում եմ ձեզ բարձր տրամադրություն և հաջողություններ ամենուրեք:
Միշտ գիտակցեք, որ դո՛ւք եք պաշտպանը և ապագան մեր հայրենիքի:
Նախորդ տարի Ասկերանի շրջանի հանրակրթական դպրոցների շրջանավարտների հետ հանդիպման ժամանակ շրջանավարտներն առաջարկել են այսուհետ մայիս ամսին պաշտոնապես նշել շրջանավարտի օրը:
Ցավում եմ, որ §Covid-19¦ համավարակի պատճառով հնարավոր չեղավ կազմակերպել և միջոցառումներ անցկացնել դպրոցական վերջին զանգի կապակցությամբ:
Համոզված եմ, առիթներ կունենանք համագործակցելու և երիտասարդությանը հուզող ծրագրերն իրականություն դարձնելու համար:
Ձեզ բարի երթ դեպի մեծ կյանք, պարտադիր հիշեք, որ միայն ուժեղ անհատականություններն են հասնում իրենց նպատակներին:
Շնորհակալություն Ձեր ծնողներին և ուսուցիչներին։

Ասկերանի Էդմոն Բարսեղյանի անվան միջնակարգ դպրոցի 14 շրջանավարտներին բարեմաղթանքի խոսք ուղղեց նույն դպրոցի նախկին շրջանավարտ, Ասկերանի քաղաքապետ Հայկ Շամիրյանը։

- Ասկերանի Էդմոն Բարսեղյանի անվան միջնակարգ դպրոցի սիրելի շրջանավարտներ. սրտանց շնորհավորում եմ ձեզ վերջին զանգ կապակցությամբ։ Թող որ այն այս տարի չի նշվում ավանդական ձևով, սակայն դրանից չի փոխվում նրա դերն ու նշանակությունը բոլորիս համար։ Վերջին զանգը նոր կյանք մտնելու ազդարարիչ է և մաղթում եմ ձեզ, որպեսզի հաջողությունն ու երջանկությունը ձեր հավերժ ուղեկիցները լինեն։ Հաստատակամ քայլերով ընթացեք դեպի նոր կյանք, դեպի նպատակների իրականացում,- գրված էր ուղերձում։

Սիրելի շրջանավարտնե՛ր. կյանքը գիրք է և այսօր ձեր առջև բացվել է հերթական էջը՝ լի բազում հույսերով և սպասելիքներով։ Հետևում մնացին դպրոցական անհոգ տարիները, անվերջանալի թվացող դասերը, իսկ առջևում դժվարին քննություններն են։ Ուստի մաղթում ենք ձեզ վստահորեն և արժանապատվորեն հաղթահարել այս և կյանքի բոլոր մյուս դժվարությունները։ Բարի երթ դեպի նոր կյանք…

 Անահիտ ՊԵՏՐՈՍՅԱՆ

 

 
mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter