ԱՍԿԵՐԱՆԸ ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ԵՎ ԲԱՐԵԿԱՐԳՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԱԿՏԻՎ ՓՈՒԼՈՒՄ Է
29.05.2020 11:00

Ասկերանում ակտիվ շինարարական աշխատանքներ են ընթանում։ Այս տարվա պետական բյուջեի հաշվին քաղաքում բազմապիսի շինարարական և բարեկարգման աշխատանքներ են իրականացվելու, որոնց մի մասն արդեն ավարտվել, մյուսներն էլ՝ ընթացքի մեջ են։

Ինչպես տեղեկացանք Ասկերանի քաղաքապետ Հայկ Շամիրյանից, ներկայում քաղաքում շարունակվում են բազմաբնակարան երեք շենքերի շինարարական աշխատանքները։ Առաջին շենքի չորրորդ և երրորդ շենքի երրորդ հարկերում ընթանում են պատերի շարվածքի և երկաթբետոնե սյուների պատրաստման,  իսկ երկրորդ շենքի հինգերորդ հարկում ավարտման փուլում են երկաթբետոնե բազմախոռոչ ծածկի սալերի տեղադրման աշխատանքները: Դրանց զուգահեռ վերապլանավորվում և բնակելի տան պայմաններին են հարմարեցվում  Ստեփանյան 10 դ1 և 10դ2 հասցեներում գտնվող շենքերի կիսանկուղներն ու ձեղնահարկերը։ Այստեղ արդեն ներքին հարդարման աշխատանքներ են իրականցվում։ Աշխատանքների ավարտից հետո քաղաքում կունենանք 8 բնակարան, որոնք կտրամադրվեն բնակարանային պայմանների բարելավման կարիք ունեցող և սոցիալական տարբեր խմբերի պատկանող քաղաքացիներին։ Տրամադրման կարգը դեռևս հստակեցված չէ, սակայն քաղաքապետի կարծիքով գործելու են արտոնյալ պայմաններ։

-Ասկերանի Էդմոն Բարսեղյանի անվան միջնակարգ դպրոցին կից երկու մասնաշենքերում իրականացվում են բարեկարգման և վերակառուցման շինարարական աշխատանքներ, որոնք շուրջ երկու ամիս է, ինչ մեկնարկել են։ Արդյունքում ունենալու ենք նախակրթարանի շենք՝ բոլոր հարմարություններով։ Աշխատանքներն իրականացնում է §Ստրոյ Տեխ¦ ՍՊ ընկերությունը։ Ընդհանրապես քաղաքում իրականացվող բոլոր շինարարական և բարեկարգման աշխատանքները կատարվում են տարբեր ընկերությունների կողմից, ինչը նաև այս դժվարին և արտակարգ իրավիճակների պայմաններում այդ  ընկերությունների աշխատակիցների զբաղվածության հարցն է լուծում,- ասաց քաղաքապետը՝ ավելացնելով, որ ծրագրի շրջանակներում կվերակառուցվեն դպրոցի սպորտդահլիճի և նախադպրոցական մասնաշենքերի ջեռուցման համակարգերը։

Շահումյան 76 բազմաբնակարան բնակելի շենքի բակի բարեկարգման աշխատանքներն արվարտական փուլ են մտել։ Առաջիկայում կկատարվեն ասֆալտապատման աշխատանքներ։ Շենքի բակում իրականացվել են մայթեզրերի ընդգծման, հենապատերի կառուցման, խճապատման, կանաչապատման, ջրահեռացման աշխատանքներ, աղբամանների տեղադրման համար հատուկ տեղ է կառուցվել։ Կվերակառուցվի բնակիչների ազատ ժամանացն ապահովող կիսափակ թեթև շինությունը, հարևանությամբ կտեղադրվի մանկական ճոճանակ։

Ասկերանում ընթացող շինարարական և բարեկարգման աշխատանքներից են Ղլիժբաղ տեղամասում 50 տեղանոց ապաստարանի տեղակապման աշխատանքները, որն իրականացնում է §Եռակցում¦ ՍՊ ընկերությունը։ Թաղամասում ընթացիկ տարում իրականացվել են մայթերի եզրագծման և դրանց ասֆալտապատման աշխատանքներ։ Քաղաքի Բերդ նորակառույց թաղամասում ընթանում են գազաֆիկացման, իսկ Արցախյան և Դանիլյան փողոցներում խմելու ջրի հաշվիչների տեղադրման աշխատանքներ։

Խոսելով առաջիկա ծրագրերի մասին Հայկ Շամիրյանը նշեց, որ քաղաքում անելիքները շատ են և փուլ առ փուլ դրանք բոլորն էլ կյանքի են կոչվելու։

-Օրակարգային են մշակույթի պալատի, զինվորական բազմաբնակարան շենքերի շինարարության աշխատանքները։ Քաղաքի բազմաբնակարան բոլոր շենքերի բակերում բարեկարգման աշխատանքներ կիրականացվեն, կկառուցվեն մանկական խաղահրապարակներ։ Քաղաքի թաղամասերը նստարաններով ապահովման և փողոցների լուսավորության ծրագրերը ևս շարունակական բնույթ են կրում։ Մի խոսքով արվում է հնարավոր ամեն ինչ, որպեսզի ասկերանցին և նրա փոքրիկ բնակիչներն իրենց ապահով և հարմարավետ զգան հարազտ քաղաքում։ Մեր ամենօրյա ուշադրության կենտրոնում են քաղաքի շինարարական և բարեկարգման աշխատանքները և հաճախակի լինելով շինհարթակներում՝ հետևում ենք աշխատանքների ժամանակին և որակով կատարմանը, - նշեց Հ. Շամիրյանը։

Քաղաքում §Խաչենշին¦ ՓԲ ընկերության կողմից իրականացվել են կանաչապատման աշխատանքներ։ Ընթացիկ տարում կանաչապատվել են հուշարձանների տարածքներն ու քաղաքի կենտրոնական փողոցների որոշակի հատվածներ։ Նախկինում կանաչապատված տարածքների ու ծառուղիների մշակման, քաղաքի մաքրության պահպանման աշխատանքները ևս իրականացվում են ընկերության կողմից։

-Ընկերության հետ կնքված պայմանագրի համաձայն, պահպանում ենք ամուր աշխատանքային հարաբերություններ, որոնք ուղղված են մեր հարազատ քաղաքը մշտապես մաքուր պահպանելու և սանիտարահիգիենիկ կայուն վիճակ ապահովելու, ինչպես նաև Ասկերանին արտաքին գեղեցիկ տեսք հաղորդելու համար,- ասաց քաղաքապետը՝ հավելելով որ քաղաքապետարանի աշխատակազմի ուշադրությունը սևեռված է ոչ միայն շինարարական և բարեկարգման աշխատանքնեին այլ նաև մշակութային միջոցառումներին։

Չնայած հանրապետությունում հայտարարված արտակարգ իրավիճակին՝ Ասկերանի քաղաքապետի անձնական նախաձեռնությամբ և տարբեր բարերարների ներգրավվածությամբ հունիսի 1-ին՝ երեխաների պաշտպանության միջազգային օրվան նվիրված տոնական ուրախ միջոցառումներ կկազմակերպվեն քաղաքի տարբեր թաղամասերում՝ մուլտհերոսների մասնակցությամբ։ Բազմամարդ հավաքներ կազմակերպելուց խուսափելու համար մուլտհերոսները կշրջեն քաղաքի տարբեր փողոցներով և իսկական հեքիաթ կպարգևեն փոքրիկ ասկերանցիներին։

Հաջողություններ մաղթենք Ասկերանի քաղաքապետարանին՝ բոլոր բարի և համընդհանուրի բարեկեցությանն ուղղված ծրագրերին, և հուսանք, որ առաջիկայում կունենաք ավելի բարեկարգ և բոլորիս երազած քաղաքը, և յուրաքանչյուր ասկերանցի պատվախնդրորեն կմոտենա նրա մաքրությանն ու կզգա իրեն ապահով, ինչպես սեփական տանը։

Անահիտ ՊԵՏՐՈՍՅԱՆ

 

 

 

 

 

 
mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter