ԲԱՐԻ ՃԱՆԱՊԱՐՀ ԴԵՊԻ ՆՊԱՏԱԿՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄ
01.06.2020 16:49

Այսօր Ասկերանի շրջանի վարչակազմի ղեկավար Հակոբ Ղահրամանյանն ընդունել է 2019-20 ուսումնական տարվա հանրապետական առարկայական օլիմպիադայում առաջնակարգ տեղեր զբաղեցրած շրջանի 6 շրջանավարտներին և նրանց ուսուցիչներին։

Հանդիպմանը ներկա էին §Ապագա սերունդ¦ հիմնադրամի հիմնադիր Գրիգորի Գաբրիելյանցը, վարչակազմի աշխատակազմ ղեկավար Արթուր Մելքումյանը, վարչակազմի աշխատակազմի կրթության և սպորտի

բաժնի վարիչ Կառլեն Մայիլյանը, քաղաքապետ Հայկ Շամիրյանը։

Ողջունելով ներկաներին Հ. Ղահրամանյանը շնորհավորել է շրջանավարտներին դպրոցը բարձր առաջադիմությամբ ավարտելու կապակցությամբ՝ մաղթելով նրանց հաստատակամություն, վճռականություն և հաջողություններ ուսումնառության հաջորդ փուլում՝ բարձրագույն ուսումնական հաստատություններում։

Գրիգորի Գաբրիելյանցը, ով արցախցիներիս քաջածանոթ է հայրենանպաս, բարեգործական առաքելություն իրականացնելով, ով §Ապագա սերունդ¦ բարեգործական հիմնադրամի միջոցներով բազմաթիվ ծրագրեր է իրականացրել նաև մեր շրջանում՝ շրջանավարտներին դեպի նոր կյանք, դեպի նպատակների և իղձերի իրականացում տանող ճանապարհին մաղթեց լինել վճռական և հաստատակամ, երբեք չնահանջել ծառացած դժվարություններից և միշտ առաջ նայել, առաջ շարժվել։

-Յուրաքանչյուր մարդու կյանքում գալիս է մի պահ, երբ աննկատ և անկախ մեզանից մտնում ենք կյանքի նոր փուլ։ Այսօր ձեզ համար կյանքի նոր փուլ է սկսվել, իսկ ձեզանից շատերը կարողացել են գերազանցությամբ անցնել կյանքի առաջին փուլը։ Առջևում նոր կյանք է՝ լի նորություններով։ Մաղթում եմ, որպեսզի ընդունվեք այն ուսումնական հաստատությունները, որը դուք եք ցանկանում և նույն հաջողությամբ ու գերազանցությամբ սովորեք, ինչպես որ դպրոցում։ Որպեսզի դառնաք լավ մասնագետներ և ձեր ունակություններն ու գիտելիքները ծառայեցնեք մեր Հայրենիքին։ Այս ամենը կախված է ձեզանից, -ասաց Գ. Գաբրիելյանցը և ի հավաստումն ասածների՝ օրինակ բերեց իր անձնական կյանքի փորձը։ ԽՍՀՄ նախարարը, ակադեմիկոսն ու գիտնականը ծնվել է հասարակ հայկական ընտանիքում։ Ծնողները, որ ծնվել էին եղեռնի աղետալի տաներիներին՝ զուրկ էին նույնիսկ տարրական կրթություն ստանալու հնարավորությունից։

-Ուզում եմ ասել, որ ձեզանից յուրաքանչյուրը կարող է դառնալ այն, ինչ ինքն է ուզում։ Ուղղակի կյանքի ցանկացած փուլում և ասպարեզում պետք է ունենալ հստակ նպատակ և ցանկություն՝ այն իրագործելու համար։ Չպետք է բավարարվեք գերազանցիկի ատեստատով, քանի որ ոչ մի բանում չկա սահմանափակում, և դուք ի զորու եք անընդհատ կատարելագործվել և առաջ շարժվել։

Որպեսզի այսօրը միշտ շրջանավարտների հիշողություններում վառ մնա Գ. Գաբրիելյանցը վերջիններիս համար պատրաստել էր հուշանվերներ՝ անհատական անվանական մեդալներ՝ §Այսօր երեխաներ, վաղը՝ ժողովուրդ¦ գրառումով, Արցախ աշխարհի գլխավոր հարստությունը՝ թանկարժեք հանքային քարեր - հուշանվերներ, որպեսզի նրանք իրենց օջախներում ունենան Հայրենիքի գլխավոր հարստությունը։ Շրջանավարտները ստացան արդեն Արցախում գրված §Մարդը և քարը¦ Գ. Գաբրիելյանցի գիրքը։

-Պատմության մեջ մարդու կյանքը միշտ կապված է եղել քարի հետ։ Թող պարադոկսալ չհնչի, բայց եթե չլիներ քարը, չէր լինի և մարդը։ Պատկերացրեք նախամարդուն, որն ապրել է 3 կամ 5մլն տարի առաջ։ Ի՞նչն է ծառայել նրան որպես զենք, ապաստարան, վերջապես կրակը նա ստացավ քարի միջոցով,- ասաց Գ. Գաբրիելյանցը՝ ներկաներին հրամցնելով գրքում տեղ գտած յուրահատուկ քարերի մասին պատմող էջերը։

Շրջանավարտները նաև շոկոլադե կոնֆետների տուփ նվեր ստացան՝ կյանքի նոր փուլը քաղցրությամբ ոտք դնելու համար։

Գ. Գաբրիելյանցի կողմից Ասկերանի Էդմոն Բարսեղյանի անվան միջնակարգ դպրոցի տնօրեն Մարելլա Ավանեսյանը ևս նվեր ստացավ։

Հանրապետական օլիմպիադայում 2-րդ և 3-րդ կարգի դիպլոմների արժանացած շրջանավարտների ուսուցիչները, ովքեր ջանք ու եռանդ չեն խնայել ուսումնառության տարիներին իրենց աշակերտներին կայուն գիտելիքներով զինելու համար, շրջվարչակազմի ղեկավարի կողմից արժանացան պատվոգրերի։

Հակոբ Ղահրամանյանը մեկ անգամ ևս շնորհավորելով շրջանավարտներին նաև տոնական օրվա՝ երեխաների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ՝ մաղթեց նրանց իղձերի և նպատակների իրականացում։

-Գրիգորի Գաբրիելյանցի հետ այլ կերպ էինք պլանավորել անցկացնել այս տարվա 136 շրջանավարտների հետ հանդիպումը, սակայն, ցավոք, կապված արտակարգ իրավիճակի հետ չկարողացանք այն կյանքի կոչել,-ասաց Հ. Ղահրամանյանը։

Շրջանավարտների տոնական օրն ավարտվեց համատեղ լուսանկարով։

Շրջանավարտներ Ալեքսանդր Շահրամանյանը (Ասկերանի Է. Բարսեղյանի անվան միջնակարգ դպրոց) և Աննա Մանուչարյանն (Ակնաղբյուրի Վ. Ջիվանշիրյանի անվան միջնակարգ դպրոց) իրենց սրտի երախտագիտական խոսքն ուղղեցին բարերար Գրիգորի Գաբրիելյանցին՝ կյանքի մեկ կարևոր դաս իրենց հետ անցկացնելու համար։ Նրանք նաև շնորհակալություն հայտնեցին վարչակազմի ղեկավար Հակոբ Ղահրամանյանին՝ միշտ ուշադրության կենտրոնում պահելու համար։ Իրենց հասակակիցներին շրջանավարտները մաղթեցին իղձերի և նպատակների իրականացում, որպեսզի նրանցից և ոչ մեկը երբեք չզգա հուսահատության որևէ ալիք, այլև հաստատուն քայլերով գնան դեպի նպատակակետ։

Ասկերանի քաղաքապետ Հայկ Շամիրյանը շնորհավորելով շրջանավարտներին կյանքի նոր փուլ մտնելու առիթով՝ նշեց, որ բարերար և մեծանուն հայ Գրիգորի Գաբրիելյանցի հետ քննարկել են նաև Ասկերանում բարեգործական որոշ ծրագրեր կյանքի կոչելու համար։ Քաղաքապետը շնորհակալություն հայտնեց Գ. Գաբրիելյանցին Ասկերան քաղաքի հանդեպ ցուցաբերած հատուկ վերաբերմունքի համար։ 

Հիրավի բարձր և վեհ կոչում է հայ լինելը, առավել ևս արժանավոր հայ՝ ի դեմս Գրիգորի Գաբրիելյանցի, ով օտար երկրներում վաստակելով բարի համբավ և հասնելով բարձր նվաճումների՝ մեկ անգամ ևս աշխարհին ի ցույց դրեց հայ ազգի զավակների հոգու ու մտքի թռիչքի անգերազանցելի լինելու փաստը։

Սիրելի շրջանավարտներ, ձեզանից այսուհետ պահանջվելու է կրկնապատիկը՝ գուցե և ավելին՝ մեր անվանի հայերի արժանանավոր հետնորդը դառնալու համար։

Վերջում շրջվարչակազմի ղեկավարի անունից շրջանավարտներին և նրանց ուսուցիչներին տոնական ճաշկերույթ մատուցվեց։

Անահիտ ՊԵՏՐՈՍՅԱՆ



Լուսանկարները՝ ՎԱԼԵՐԻ ՊԵՏՐՈՍՅԱՆԻ

 

 

 

 
mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter