ԱՍՏԾՈ ՕՐՀՆՈՒԹՅԱՄԲ ԹՈՂ ՄԻՇՏ ՊԱՇՏՊԱՆՎԱԾ ԼԻՆԵՔ … |
01.06.2020 17:30 |
Հունիսի 1-ը նշանավորվել է ոչ միայն ամռան առաջին օրը լինելով, այլև երեխաների պաշտպանության միջազգային օրվա շնորհիվ: Օրը կոչ է համայն մարդկությանը, որ երեխաները հասարակության խոցելի խմբերից են և պահանջ ունեն ամենօրյա ուշադրության, սիրո և պաշտպանության: Երեխաները մեր երջանկությունն են, կյանքի իմաստը, մեր հույսը, հավատն ու ապագան կերտողները… Երեխաների տոնն Ասկերանում այս տարի նշվեց այլ ձևաչափով: Հաշվի առնելով երկրում տիրող արտակարգ իրավիճակը՝ Ասկերանի քաղաքապետարանը որոշեց մանուկների հրաշալի այս տոնը կազմակերպել քաղաքի տարբեր թաղամասերում և անել ամեն ինչ, որպեսզի օրն ուրախ և անմոռաց լինի: Ասկերանի քաղաքապետ Հայկ Շամիրյանի նախաձեռնությամբ քաղաքը հունիսի 1-ին վեր էր ածվել իսկական հեքիաթի, որտեղ միայն տեղ ուներ բարին ու գեղեցիկը: Այդ հեքիաթի գլխավոր հերոսները մանուկներն էին՝ աշխարհի ամենաանմեղ էակները: Միջոցառումն իրականացնելու համար բարեգործությամբ հանդես էին եկել <<Ազատ Հայրենիք>>, <<Միասնական Հայրենիք>> կուսակցությունները, <<Սպարտակ Գրուպ>> ՍՊԸ-ն , <<Գայանե Շամիրյան>> և <<Յաշա Աղաջանյան>> անհատ ձեռնարկությունները: Սիրված մուլտհերոսների մասնակցությամբ քաղաքի վեց թաղամասերում կազմակերպվող հանդեսները մեծ խանդավառություն պարգևեցին փոքրիկ ասկերանցիներին, իսկ նրանց ծնողների աչքերը փայլում էին՝ տեսնելով, թե ինչպես են երեխաները շողում հրճվանքից: Մուլտհերոսները կազմակերպեցին տարբեր խաղեր, երգեցին ու պարեցին երեխաների հետ: Հիրավի, պետք էր տեսնել, թե ինչպես էին անմեղ թռչունների պես թռվռում երեխաները, ոգևորված նկարվում մուլտհերոսների հետ: Ասկերանի քաղաքապետը շնորհավորելով երեխաների պաշտպանության միջազգային օրը՝ նշեց, որ այդ տոնը մի յուրահատուկ և անկրկնելի տոն է: Քաղաքապետն ու իր հասակակիցները հասակ են առել հետպատերազմյան Արցախի դժվարին տարիներին։ Ուստի նա՝ ստանձնելով Ասկերանի քաղաքապետի պատասխանատու պաշտոնը՝ պարտավորված է իրեն զգում քաղաքի փոքրիկ բնակիչների տոնական այս օրն անմոռանալի դարձնելու, նրանց մշտապես ուշադրության կենտրոնում պահելու համար։ -Մեզանից յուրաքանչյուրն իր հոգու խորքում իրեն մանուկ է զգում՝ տեսնելով այսքան հիասքանչ ու երջանիկ դեմքեր: Այո՛, մենք ապրում և արարում ենք մեր երեխաների աչքերում ծիծաղ տեսնելու, նրանց բարեկեցիկ կյանքով ապահովելու համար: Մենք պարտավոր ենք նրանց դաստիարակել հայեցի արժանապատվությամբ ու ոգով, որպեսզի կարողանանք ունենալ հզոր ու բարգավաճ երկիր: Թող բոլորիս մանուկները մեծանան կապույտ երկնքի ներքո, որտեղ կսավառնեն միայն խաղաղության աղավնիները: Թող սերն ու ջերմությունն անպակաս լինեն մեր փոքրիկներից, և նրանք միշտ զգան, որ սիրառատ ուշադրության և հոգածության կենտրոնում են մեծերիս կողմից,-իր մաղթանքներն ուղղեց բոլոր երեխաներին Հայկ Շամիրյանը՝ շնորհակալություն հայտնելով բոլոր նրանց, ովքեր աջակցել են տոնի կայացմանը: Ասկերանի համայնքի ավագանու անդամ Արման Ավանեսյանն իր տպավորությունները կիսեց մեզ հետ.-<<Այս ձևաչափով միջոցառումները ևս կարևոր են, առանձնապես, որ կազմակերպվում են տարբեր թաղամասերում և ինքնին ավելի շատ երեխաներ են մասնակցում: Տպավորիչ էր,կարծում եմ՝ նոր շունչ է զգացվում քաղաքում: Ավագանու կազմով պատրաստ ենք աջակցել քաղաքապետարանին՝ այսպիսի ծրագրեր կյանքի կոչելու համար>>… Իսկ երկու տղաների մայր Ալիսա Քարամյանը երախտագիտությամբ էր լցված այս հաճելի միջոցառումների կազմակերպիչների հանդեպ. -Մեր երեխաների ու ծնողների անունից ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Ասկերանի քաղաքապետին, ով նախաձեռնել ու կազմակերպել է այս հրաշալի միջոցառումը: Միաժամանակ մեր գնահատանքն ենք հայտնում բոլոր աջակցողներին, որոնց բարեգործության շնորհիվ մենք վայելեցինք այս օրը: Հույս ենք հայտնում, որ նմանօրինակ միջոցառումները շարունակական կլինեն, իսկ մենք հանձն ենք առնում միշտ համագործակցել քաղաքապետարանի հետ և լինել արժանի քաղաքացիներ մեր քաղաքի համար… Ասկերանի երեխաները հյուրասիրվեցին պաղպաղակով, ինչն ավելի ցայտուն ազդարարեց երկար սպասված ամառամուտը: Քաղաքապետն այցելեց նաև քաղաքի հաշմանդամ երեխաներին, շնորհավորեց նրանց տոնը և նվերներ հանձնեց նրանց: Կարծում ենք՝ աշխարհում ոչինչ համեմատելի չէ երեխայիդ գեթ մի ժպիտի և ուրախության հետ: Ինքնին երջանկանում և փառավորվում ես՝ տեսնելով նրա ամեն մի քայլը, անմեղ չարաճճիությունը: Դու պարզապես քո փոքրիկի համար անհոգ մանկություն, պայծառ ապագա ես ակնկալում և պարտավորվում նրա համար անել անկարելին… Շնորհավոր մեր երեխաների տոն օրը, Աստծո օրհնությամբ թող նրանք միշտ պաշտպանված և իրենց սիրող և հոգ տանող հարազատներով շրջապատված լինեն… Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ Լուսանկարները՝ ՎԱԼԵՐԻ ՊԵՏՐՈՍՅԱՆԻ |