ԲԱՐԵԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿԱԿԱՆ ԲՆՈՒՅԹ ԵՆ ԿՐԵԼՈՒ |
09.06.2020 09:25 |
Հիրավի, մարդու իսկական վեհությունն արտահայտվում է նրա կատարած գործերով, իսկ, երբ այդ գործերն անշահախնդիր ու բարի են, ինքնին նման մարդիկ դառնում են ժողովրդի սիրելին, արժանանում ակնածանքի: Այսօր, փառք Ամենաբարձրյալին, մեր շրջապատում կան բազում հայրենանվեր մարդիկ, որոնք ապրելով մեր երկրի սահմաններից դուրս՝ մտահոգված են հարազատ ժողովրդի բարեկեցությամբ, նրա ապագայով: Առանձնապես մատաղ սերունդն է նրանց ուշադրության կենտրոնում և պատահական չէ, որ բազմաթիվ բարեգործական ծրագրեր միտված են մեր երեխաների ամեն մի օրը գեղեցիկ ու հագեցած տեսնելուն: Այս անգամ հերթական բարեգործությունն Ասկերանի շրջանի Լուսաձորի համայնքում էր: Ուսումնական տարվա ավարտը Լուսաձորի հիմնական դպրոցի 16 աշակերտների համար հաճելի անակնկալներով էր համեմված: Հեռավար ուսուցում կազմակերպելու համար 9 ընտանիքներ ստացան պլանշետներ, որոնց հեղինակներն արմատներով լուսաձորցի Ռոման Եդիգարյանն ու Նարինե Օհանջանյանն էին: Հանդիսավոր միջոցառմանը ներկա էին համայնքի ղեկավար Միքայել Այվազյանը, դպրոցի տնօրինությունը, ուսուցիչներ, համագյուղացիներ և հյուրեր: Արարողությանը ներկա էր նաև ստեփանակերտաբնակ Հրանտ Կարապետյանը, ում թոռնուհին սովորում է Վիեննայում և իր այս քայլով ցանկացել է օգտակար լինել համերկրացիներին՝ իր լուման ներդնելով երեխաների հեռավար ուսուցումը կազմակերպելու համար: Պապիկի խոսքով՝ թոռնուհին հպարտանում է իր արմատներով և գյուղի ճակատագրին նայում յուրահատուկ զգացմունքներով ու հույսերով: Իսկ Ստավրոպոլում բնակվող և գործարարությամբ զբաղվող Ռոման Եդիգարյանի համար դեռևս նոր են սկսվում բարեգործությունները հարազատ համայնքի համար: Նա մեծ ծրագրեր է նախատեսում իրականացնել գյուղում, իսկ պապենական տան վերակառուցումը համարում է առաջնահերթ: Ինչպես նշում է դպրոցի տնօրեն Սվետա Մակվեցյանը, աշակերտները հեռավար ուսուցումը կազմակերպել են ինչպես կարողացել են, ոչ բոլոր ընտանիքներն ունեին հնարավորություն համացանցից օգտվելու, կամ չունեին համապատասխան սարքավորումներ և պատշաճ մակարդակով ուսումը չէին կարող կազմակերպել: Ստանալով այս պլանշետները՝ նրանք կկարողանան այսուհետ ուսուցմանը մասնակցել ինչպես հարկն է: <<Ցանկանում եմ մեծ երախտագիտություն հայտնել մեր հայրենակիցներին, ովքեր անտարբեր չեն համայնքի երեխաների հանդեպ: Այսօրինակ բարեգործությունները կբազմապատկեն մեր ուժերն ու եռանդը, մեզանից յուրաքանչյուրն ավելի մեծ պատասխանատվությամբ կլծվի իր աշխատանքին՝ հույս ունենալով, որ շարունակական բնույթ կկրեն այս բարի գործերը: Հեռավար կրթությունն այս պահին, կարծես թե տիրող իրավիճակից է թելադրվում, սակայն այն կարող է նաև ապագայի կրթություն դառնալ և մենք պետք է կարողանանք նախապատրաստվել ու արագ զարգացնել ուսման այդ ձևաչափը: Կարծում եմ՝ կհասնենք արդյունավետության>>,-ասաց դպրոցի տնօրենը: Իսկ դպրոցի ռուսաց լեզվի ուսուցչուհի Ալվինա Հակոբյանը մի առանձին ջերմությամբ խոսեց բարերարների մասին: Նա ավելացրեց, որ Ռոման Եդիգարյանն ամենօրյա կապի մեջ է լուսաձորցիների հետ, նա նախապատրաստվում է նոր ուսումնականի նախաշեմին դպրոցին տրամադրել առաջնահերթ հարկավոր պարագաները, ինչպես նաև աջակցություն ցուցաբերել գյուղի բազմաերեխատեր ընտանիքներին: Ինչ խոսք, ակնհայտ էր, որ լուսաձորցիները լցված էին հպարտությամբ և անթաքույց գնահատանքով: Մարդկանց պայծառ դեմքերը վկայում էին, որ ինչքա՜ն քիչ բան է հարկավոր մարդուն երջանիկ լինելու համար: Երեխաները հանդես եկան գեղեցիկ ասմունքով, նրանք խոսք տվեցին լավ սովորել, բարձր պահել համայնքի պատիվը և իրենց բարերարների անունները: Իսկ քաղցրավենիքը, որ ստացան բարերարների անունից, օրվա խորհրդին ավելի հաճելի երանգ հաղորդեց: Իրավմամբ, ճիշտ է ասել մեծերից մեկը, որ հայրենասիրություն՝ չի նշանակում միայն սիրել իր հայրենիքը: Դա նաև հայրենիքից իր անբաժանելիության գիտակցումն է ու նրա լավ ու վատ օրերն անբաժանելիորեն վերապրելը, և այսօր մեծ հպատրությամբ գիտակցում ենք, որ ունենք բազում հայրենասերներ, որոնք երջանկանում են հայրենի եզերքի ամեն մի հաջողությամբ և անում են հնարավորը դրանք բազմապատկելու համար: Կարծում ենք՝ արմատներով լուսաձորցի Ռոման Եդիգարյանն ու Նարինե Օհանջանյանն այսօր անչափ հպարտ են, որ կարողացան ուրախացնել համերկրացի երեխաներին և պատրաստակամ են շարունակելու իրենց հայրենանվեր գործը, քանզի լավ գիտեն, որ բարի գործերի հիշատակը պահպանելու ամենալավ եղանակը դրանք կրկնելն է… Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ |