ԱՍԿԵՐԱՈՒՄ ՄԵԿՆԱՐԿԵԼ Է ՙSTOP COVID - 19՚ ԾՐԱԳԻՐԸ
10.06.2020 19:21

Ասկերանի շրջվարչակազմի աշխատակազմի մշակույթի և երիտասարդության հարցերի բաժնի և ոստիկանության շրջբաժնի հետ համատեղ նախաձեռնությամբ Ասկերանում ՙStop Covid - 19՚ ծրագրի շրջանակներում մեկնարկել են քաղաքացիների շրջանում իրազեկման, բացատրական և նախազգուշական աշխատաքները։ Ծրագրի շրջանակներում շրջակենտրոնում և շրջանի համայնքներում ստեղծվել են կամավորականների խմբեր, ովքեր ոստիկանության աշխատակիցների հետ բնակչության շրջանում տանում են բացատրական աշխատանքներ՝ համավարակի հնարավոր տարածումը կանխարգելելու նպատակով։

-Կորոնավիրուսային հիվանդության դեմ պայքարի և հանրության շրջանում իրազեկվածության աստիճանի բարձրացման ուղղությամբ տարվող աշխատանքների համար շրջանում հավաքագրել ենք կամավորականների խմբեր, որոնց անդամների հետ տարվել են իրազեկման աշխատանքներ, որպեսզի նրանք ամենուր տանեն բացատրական աշխատանքներ հասարակության հետ՝ այդ ընթացքում խստորեն պահպանելով հակահամաճարակային կանոնները,- մեզ հետ զրույցում ասաց Ռ. Մկրտչյանը՝ նշելով, որ շրջկենտրոնում այդ աշխատանքները համակարգում է բաժնի երիտասարդության հարցերի գծով մասնագետ Իննա Մուսայելյանը։

Ընդհանուր առմամբ շրջանում հավաքագրվել է 214 կամավոր, ովքեր պատրաստակամորեն արձագանքել են բաժնի հայտարարությանն ու շարունակում են ակտիվ հասարակական աշխատանք իրականացնել բնակչության շրջանում։

Ասկերանցի 13 կամավորների հետ այսօր հանդիպել է շրջբաժնի ոստիկանապետի տեղակալ Նվեր Մելքումյանը  և իրազեկել համավարակի կանխարգելման ուղղությամբ ԱՀ պարետ, պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանի նոր տիպի կորոնավիրուսի տարածումը կանխարգելող միջոցառումներ անցկացնելու մասին  նոր որոշումը։ Ապա ոստիկանության աշխատակիցների, մշակույթի և երիտասարդության հարցերի բաժնի վարիչ Ռուզաննա Մկրտչյանի և բաժնի երիտասադրության հարցերի գծով մասնագետ Իննա Մուսայելյանի ուղեկցութամբ կամավորները եղել են քաղաքի խանութներում, հանրային վայրերում և իրազեկել քաղաքացիներին ԱՀ պարետի նոր որոշման մասին։ Որոշմամբ սահմանվում է, որ դիմակ կրելը պարտադիր է փակ տարածքներում` բացառությամբ բնակելի տարածքից։ Հանրային սննդի օբյեկտների աշխատողները պարտադիր պետք է կրեն դիմակներ և ձեռնոցներ։ Թաղման միջոցառումների ժամանակ, կանոնավոր ուղևորափոխադրումներ իրականացնող տրանսպորտային միջոցներում դիմակ և ձեռնոց կրելը ևս պարտադիր է դառնում։
Որոշումն ուժի մեջ է մտնելու հունիսի 15-ի կեսգիշերից։ Պարետի որոշումը չկատարելու, սահմանված սոցիալական հեռավորություն չպահպանելու համար նախատեսվում են տուգանքներ։

Իրազեկման և բացատրական աշխատանքները շարունակական բնույթ են կրելու։

Անահիտ ՊԵՏՐՈՍՅԱՆ


 

 
mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter