ՈՉ ՈՔ ՉԻ ՄՈՌԱՑՎԵԼ, ՈՉԻՆՉ ՉԻ ՄՈՌԱՑՎԵԼ...
12.06.2020 21:57

Հունիսի 12-ը որքան հիշատակի և խոնարհումի, նույնքան էլ փառքի օր է։ 1992-93 թվականների այդ օրը ճակատագրական եղավ ասկերանցիներիս համար։ Թշնամու առաջխաղացումը կասեցնելու և Աղդամի մատույցների կրակակետերը, որտեղից օր ու գիշեր տեղատարափ կրակ էր թափվում հայկական գյուղերի և քաղաքների վրա, ոչնչացնելու նպատակով ձեռնարկված ռազմագործությունների ժամանակ տասնյակ մարտիկներ հերոսացան և անմահացան՝ իրենց անունները փառքով

պասկելով արցախյան ազգային-ազատագրական պայքարի տարեգրության մեջ։ Այդ հերոսական օրերին հանուն Հայրենիքի ազատագրման մարտնչած քաջարի տղաներից շատերն այսօր էլ շարունակում են իրենց անվեհեր գործը բանակաշինության, պետականաշինության բնագավառներում։

Արտակարգ իրավիճակի պայմաններում Ասկերանի քաղաքապետ Հայկ Շամիրյանի նախաձեռնությամբ այսօր հունիսի 12-ի զոհերի հիշատակին նվիրված միջոցառումներն անցան երկու փուլով։

Վաղ առավոտյան Ասկերանի քաղաքապետը, ավագանու անդամներարցախյան պատերազմի վետերաններն ու զոհված հերոսների հարազատները ծաղիկներ խոնարհեցին Ասկերանի զոհված ազատամարտիկների հիշատակը հավերժացնող հուշավահանակին, ապա այցելեցին հունիսի 12-ի զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձան, այնտեղից էլ՝ Տանկ հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելով նահատակված ընկերների հիշատակին։ Ներկաների հետ այդ օրերի հերոսապատումներով և հուշերով կիսվեցին Սլավիկ Առուշանյանն ու Վիգեն Գաբրիելյանը։

Երեկոյան Տանկ հուշահամալիրի մոտ տեղի ունեցավ Արիության դաս՝ Ասկերանի Էդմոն Բարսեղյանի անվան միջնակարգ դպրոցի մի խումբ աշակերտների և հունիսի 12-ի մարտերի մի շարք մասնակիցների հետ։ Միջոցառմանը մասնակցում էին քաղաքապետ Հայկ Շամիրյանը, տեղակալ Կարեն Ջումշուդյանը, զինղեկ, համայնքի ավագանու անդամ Արման Ավանեսյանը, զոհված ազատամարտիկների հարազատներ։

Արիության դասն անցկացրեցին այդ դաժան օրերին մեր ազատամարտիկների առաջին շտապ օգնությունն ապահովող Թաթուլ Շեկյանը, լեգենդար տանկի անձնակազմի անդամ Աշոտ Սարգսյանը, գումարտակի հրամանատար, շրջվարչակազմի ղեկավարի տեղակալ Արթուր Հարությունյանը։

Անբարենպաստ եղանակն ի զորու չեղավ խանգարելու միջոցառումը, որը հայրենապահպանության և մեծ հայրենասիրական դաս էր։

Ողջունելով քաղաքապետի՝ մատաղ սերնդի հետ նման ձևաչափով հանդիպում կազմակերպելու նախաձեռնությունը Ա. Հարությունյանը նշեց, որ Ասկերանի գումարտակի անցած մարտական ճանապարհում բազմաթիվ չբացահայտված հերոսական էջեր կան՝ մեկը մյուսից փառավոր ու ընդօրինակելի։  Նա համոզմունք հայտնեց, որ այսօրվա սերունդը նույնքան հայրենապաշտ է և վճռական տրամադրված Հայրենիքի պաշտպանության գործում, քանզի քաջապես գիտակցում և գնահատում է անկախության գինը։

Ա. Հարությունյանը մանրամասն ներկայացրեց այդ և դրանց հաջորդած օրերի իրադարձությունները՝ ներկայացնելով ռազմական գործողությունները և մեր մարտիկների հերոսական դրսևորումները՝ փաստելով, որ պատերազմի թոհ ու բոհով անցած ազատամարտիկներն այսօր մեր շարքերում ապրող և արարող հասարակ քաղաքացիներ են, որոնց անցած մարտական ճանապարհը լի է խիզախումներով և անձնազոհությամբ։ Ուստի այսօրվա սերնդի առջև խնդիր կա դրված պահել ու պահպանել ավագ սերնդի ձեռքբերումները, քանզի դարերով, հազարամյակներվ Արցախ աշխարհը եղել է և պիտի մնա հայկական։ Իսկ որ մենք ունենք հայրենասեր, պատրաստված և ռազմական գործին փայլուն տիրապետող սերունդ՝ համոզվեցինք ապրիլյան պատերազմի օրերին։

Շուրջ մեկ ու կես ժամ տևած արիության դասից ոչ ոք չէր ուզում հեռանալ, տպավորությունները չափազանց վառ էին, հերոսները՝ քաջածանոթ...

Ներկաները համոզմունք հայտնեցին, որ այսօրինակ հանդիպումներն ավանդույթ կդառնան։

Անահիտ ՊԵՏՐՈՍՅԱՆ

Լուսանկարները՝ Վալերի ՊԵՏՐՈՍՅԱՆԻ


 
mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter