ՀԱԿԱՀԱՄԱՃԱՐԱԿԱՅԻՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ |
16.06.2020 10:12 |
Նոր կորոնովիրուսային վարակի (COVID-19) տարածման կանխարգելման նպատակով Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից շարունակվում են հակահամաճարակաբանական միջոցառումները: Ինչպես մեզ տեղեկացրեց Ասկերանի շրջանային հակահամաճարակային բաժնի պետ Իրադա Խաչատրյանը, շրջանում համաճարաբանական իրավիճակը շարունակվում է գտնվել բաժնի վերահսկողության տակ: Ախտահանման աշխատանքները կատարվում են ամենայն պատասխանատվությամբ, բնակչության հետ տարվում են համապատասխան բացատրական աշխատանքներ, տրվում է մեթոդական օգնություն: Բաժինը համագործակցում է Ասկերանի քաղաքապետարանի, Ասկերանի <<Խաչենշին>> ՓԲԸ-ի, ԱՀ ԱԻՊԾ Ասկերանի շրջանային բաժնի հետ: Պայմանավորվածության համաձայն, օրերս հիմնարկ-ձեռնարկությունների շրջակայքում, քաղաքային մանկական խաղահրապարակներում ԱՀ ԱԻՊԾ Ասկերանի շրջանային բաժնի կողմից իրականացվեցին ախտահանման աշխատանքներ, ինչը, Իրադա Խաչատրյանի հավաստմամբ, ավելի մեծ արդյունավետություն ունի և այդ միջոցառումները շարունակական բնույթ են կրելու: ՀՀ բաժնի պետը տեղեկացրեց, որ Ասկերանի շրջանային բաժնի մասնագետներն ախտահանման աշխատանքներ են կատարել հանրապետության այլ շրջաններում հաստատված օջախներում, կոնտակտավորների բնակարաններում և մեկուսարան հանդիսացող վայրերում: Նա գոհունակությամբ խոսելով բաժնի աշխատողների մասին՝ շեշտեց, որ բաժինն ունի պատրաստակամ և գիտակ թիմ, որը պատրաստ է նույն պատասխանատվությամբ իրականացնել իրեն վերապահված բոլոր աշխատանքները: Շրջանային հակահամաճարակային բաժնի պետը նշեց նաև, որ այժմ կորոնավիրուսի հայտնաբերման և կանխարգելման աշխատանքներ են իրականացվում Ասկերանի շրջանում: Շրջանի համայնքներից մեկում մեկուսարան հանդիսացող կացարանում կան մեկուսացված քաղաքացիներ, որոնց վերահսկողությունը նույնպես իրականացվում է բաժնի կողմից: Իրադա Խաչատրյանն ավելացրեց, որ վարակակիրներն Ասկերանի շրջանից չեն: Նա մեկ անգամ ևս հորդորեց բնակիչներին պահպանել անձնական հիգիենայի կանոնները, լինել կարգապահ, ողջամիտ: -Առաջնորդվելով առողջապահության նախարարության հրահանգներով, հարգելով մեկս մյուսին և բարձր գնահատելով մարդու համար ամենակարևորը՝ առողջությունը, կկարողանանք խուսափել վարակի լայն տարածումից: Կարծում եմ՝ գիտակից ժողովուրդ ենք և այս համավարակին կկարողանանք հաղթել,-շեշտեց ՀՀ բաժնի պետը: Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ
|