ԱՐՀԵՍՏԸ ԿԱԹ-ԿԱԹ ԱՂԲՅՈՒՐ Է, ԵԹԵ ՉՎԱՐԱՐԻ, ՉԻ ԷԼ ՊԱԿԱՍԻ |
16.06.2020 10:32 |
§Արհեստավորը մինչև կեսօր է սոված մնում¦ հայտնի արտահայտությունն արդիական է բոլոր ժամանակների համար։ Արհեստը բնութագրում է ոչ միայն արհեստավորին, նրա հոգու և մտքի թռիչքը, այլև բնորոշում է ամբողջ ազգի։ Դարբնագործությունն արհեստ է` արվեստի նրբերանգներով։ Զարմանալ կարելի է, թե ինչպես է կոշտ ու կոպիտ երկաթը ենթարկվում մարդուն։ Իսկ հասարակ երկաթից ստացված դարբնագործական իրերը հաճելիորեն զարմացնում են իրենց նրբությամբ: Մանավանդ, երբ այդ մետաղի հետ աշխատում է իսկական վարպետը: Խնապատցի Վոլոդյա Մելքումյանը ծնվել և հասակ է առել Նավթալան քաղաքում, որտեղ սովորել է ավտոնորոգողի արհեստը, ապա յուրացրել նաև էլեկտրագազաեռակցման գործը։ Դեռևս մանկուց էին նրա մոտ ի հայտ եկել փչացած, կոտրված իրերը վերականգնելու, ավելի գեղեցիկ տեսքի բերելու սերն ու ունակությունները։ Վաղ մանկության տարիներից նա սեր ուներ այն ամենի հանդեպը, ինչը գեղեցիկ ու բարի է, ուսուցանելի և ընդունելի շրջապատի համար։ Արտաքուստ լռակյաց ու խոնարհ պատանին տարված էր նաև երաժշտությամբ, որի նկատմամբ անվերապահ սեր ու ձգտում ուներ։ Ինքնուս սովորել էր կիթառ նվագել, և հաճախ էր ընկերների շրջապատում գեղեցիկ նվագը զուգակցում նույնքան գեղեցիկ երգին։ Ավարտելով տեղի ութնամյակը՝ պատանի Վոլոդյան վերադարձել է հայրենի Խնապատ գյուղը, ապա անցել նաև տրակտորավարի կուրսեր։ Որպես տրակտորավար աշխատել է Խնապատի կոլտնտեսությունում։ 1986-ից մինչև արցախյան ազգային ազատագրական պայքարի տարիներն աշխատել է Ասկերանի §Կոլտնտշին¦-ում որպես էլեկտրագազազոդող։ Հայ ազգի համար ճակատագրական օրերին, ամիսներին, տարիներին Վոլոդյա Մելքումյանն անվարան միացավ հայրենյաց պաշտպաններին և Խնապատի ջոկատի տղաների հետ պայքարեց հանուն արդարության, ազգի հարատևության և անկախ պետականության կերտման։ 1992 թվականի մայիսի 26-ին Հայրենիքի մարտիկը վիրավորվել և մինչև 1993թ. օգոստոս ամիսը բուժում է ստացել ºրևանի Նորք-Մարաշ հիվանդանոցում։ Ապաքինվելով՝ վերադարձել և միացել է մարտական ընկերներին, սակայն վիրավոր ոտքի ցավը հանգիստ չէր տալիս։ Հաղթանակն արդեն շատ մոտ էր, և Վոլոդյան ընկերների հորդորով թողեց զինվորական ծառայությունն ու անցավ խաղաղ, ստեղծագործ իր աշխատանքին։ Պատերազմն իր ծանր հետևանքներ էր թողել արցախյան յուրաքանչյուր ընտանիքի վրա։ ºվ արժանապատվորեն հաղթանակած արցախցին արժանապատիվ կյանք պիտի վայելեր սեփական արյամբ նվաճած ազատ ու անկախ երկրում։ Սակայն ժամանակները ծանր էին ու բազմաթիվ բախտակիցների նման Վոլոդյան նույնպես որոշեց իր բախտը փորձել արտագնա աշխատանքում։ Հաստատվելով Ռուսաստանի Դաշնությունում՝ նա իր ողջ գեղագիտական ունակություններն օգտագործեց՝ զբաղվելով դարբնագործությամբ։ Ազնիվ, շիտակ, մաքուր, արհեստավարժ արհեստավորը չկարողացավ հանդուրժել օտար երկրում աշխատելու ճորտատիրական կարգերին, խաբեությանն ու համակերպվել §օտարական¦ մակդիրի հետ։ Շուտով հայրենադարձվեց և աշխատանքի անցավ §Արցախգազ¦ ՓԲ ընկերության Ասկերանի մասնաճյուղում։ Հմուտ ու բանիմաց մասնագետի կարիք միշտ և ամենուրեք էլ զգացվում է։ Զոդման աշխատանքին զուգահեռ Վոլոդյան այժմ զբաղվում է նաև սիրած արհեստով՝ դարբնագործությամբ։ Սիրով և պարտաճանաչորեն կատարում է պատվիրատուի ցանկացած պատվեր՝ հաճախ նաև մասնագիտական խորհուրդներ տալով։ Ու ելնելով մեր օրերում տիրող իրավիճակից՝ հմուտ վարպետի խորհուրդը երիտասարդ սերնդին մեկն է՝ մասնագիտություն ընտրել սրտի, հոգու կանչով, այլ ոչ թե §ըստ մոդայի¦։ Ինչ իմաստ, եթե գրասեղանիդ դարակում բարձրագույնն ավարտած մի քանի դիպլոմ ունես, եթե չես տիրապետում որևէ արհեստի, մանավանդ, երբ խոսքը վերաբերում է տղամարդուն։ -ºրկարամյա աշխատանքային փորձից ելնելով խորհուրդ կտայի մեր երիտասարդությանը կյանքին նայել այլ տեսանկյունից։ Պետք չէ վարկերի, փոխառությունների, ֆինանսական ծանր կացության մեջ մտնելով բարձրագույն կրթություն ստանալ։ Աշխարհում այնքան մասնագիտություններ կան՝ մեկը մյուսից օգտակար, մեկը-մյուսից պահանջված… Ուղղակի սեր պետք է ունենալ և լրջորեն վերաբերվել մասնագիտության ընտրության հարցին։ ºվ եթե հաջողի զբաղվել նրանով, ինչը բխում է սրտի խորքից՝ հաջողությունն անխուսափելիորեն կգա։ Դա կնշանակի, որ դու կարողանում ես ոչ միայն ապահովել քո ընտանիքի ապրուստը, այլև օրինակ ես ծառայում մյուսների համար։ Իսկ տղամարդը երբեք և ոչ մի գործից չպիտի խուսափի և վախենա։ Պիտի կարողանալ և՛ հողի, և՛ երկաթի հետ աշխատել։ Դա է դարերով երազած մեր երկիրը շեն և բարգավաճ տեսնելու միակ ճանապարհը։ Ուզում եմ մեր երիտասարդները հստակ իմանան, որ արհեստ ունեցողը երբեք սոված չի մնա, - ասում է Վ. Մելքումյանը՝ միաժամանակ հավելում,- իսկ ով կատարյալ գիտելիքների է տիրապետում, թող դառնա մեր Արցախ աշխարհի մտավոր շինարարը։ Մենք հեռացանք վարպետ Վոլոդյա Մելքումյանի մոտից վառ ու անջնջելի տպավորություններով։ Տեսնել, թե ինչպես է անհաղորդ թվացող երկաթը ենթարկվում վարպետի մտքի թռիչին ու արհեստավարժ ու ճկուն ձեռքերին՝ իսկական հրաշք էր։ Այո, երկաթի պես ամրակուռ ոգի պիտի ունենա մարդը, որպեսզի անցնելով կյանքի դժվարին ճանապարհ՝ կարողանա շարունակել կերտել գեղեցիկ ու բարի գործեր… Անահիտ ՊԵՏՐՈՍՅԱՆ\
|