ԹՈՂ ՏԱՐԻՆ ԽԱՂԱՂ ՈՒ ԱՌԱՏ ԼԻՆԻ, ՄԱՐԴԻԿ՝ ԱՌՈՂՋ…
26.06.2020 11:37

Ասկերանի շրջանի Շոշ գյուղի պատմությունն սկսվում է 13-14-րդ դարերից:

Գյուղի հին գերեզմանատան տապանագրերում (13-17 դարեր) բազմիցս կրկնվում է «Շօշոյ» տեղանունը: Կարելի է հետևություն անել, որ գյուղը արդեն 13-րդ դարում անուն ուներ և բնակեցված է եղել ավելի վաղ: Շոշ գյուղում երկու եկեղեցիների առկայությունը փաստում է նրա բազմամարդության մասին: Գյուղում պահպանվել են 1458, 1651, 1655 և 1712 թվականների հայերեն վիմագիր արձանագրություններ, որոնք վկայում են գյուղում կյանքի անընդհատականության մասին: Երկու եկեղեցիներից մեկը գտնվում է հյուսիսային եզրի գերեզմանատան մեջ, իսկ երկրորդը՝ գյուղամիջում:

Գյուղում կան պատմամշակութային հուշարձաններ, հին խաչքարեր և կենցաղային քանդակներով տապանաքարեր:

Շոշը հայտնի է նաև իր սառնորակ աղբյուրներով: Ամենահին և ամենահայտնի աղբյուրը Լալիկն է, որը կառուցվել է 1866 թվականին` Բուխան և Ավետիս եղբայրների կողմից ու մինչև այսօր շոշեցիները վայելում են նրա անհմահական ջուրը:

19-րդ դարի 80-90-ական թվականներին Շոշն իր մեծամասնությամբ համարվում էր Ղարաբաղի երկրորդ գյուղը`Գետաշենից հետո:

Գյուղացիները զբաղվում էին այգեգործությամբ, բանջարաբուծությամբ և գինեգործությամբ: Գյուղում զարգացած էր նաև մետաքսագործությունը: Տարածաշրջանում մեծ համբավ են ունեցել շոշեցի թիթեղագործները: Այսօր էլ թիթեղագործ վարպետները հայտնի են Արցախում:

1920 թվականին, երբ խորհրդայնացվել է Լեռնային Ղարաբաղը, Շոշ գյուղը մտել է Ստեփանակերտի կազմի մեջ, իսկ 1978 թվականին Ասկերանի շրջանի ձևավորումից հետո՝ նրա կազմի մեջ:

Շոշի կոլտնտեսությունը կազմավորվել է 1930 թվականին: Այն մասնագիտացվել է անասնապահության, բանջարաբուծության և հացահատիկի մշակության ուղղություններով: Ուներ խոշոր եղջերավոր անասունների բտման կետ:

Երբ սկսվեց Հայրենական Մեծ պատերազմը և սկսվեց համընդհանուր զորահավաքը՝ Շոշ գյուղից բանակ զորակոչվեց 700 մարդ: 216 շոշեցի զոհվեցին հանուն մեծ հաղթանակի և նրանց հավերժ հիշատակին է նվիրված գյուղի մուտքի փոքրիկ պուրակում քառակողմ, սրբատաշ հուշարձան կոթողը, որը կառուցվել է 1966 թվականին:

Արցախյան ազատամարտին Շոշը վերստին կանգնած էր և գուղի տղաներն իրենց ակտիվ մասնակցությունը ցուցաբերեցին Արցախյան պատերազմի ողջ ընթացքում: 1990 թվականին կազմավորվեց Շոշի ջոկատը: Ջոկատի հրամանատար  նշանակվեց Արգամ Հարությունյանը: Արդեն 1991 թվականի սեպտեմբերին ջոկատի անդամների թիվը անցավ 3 տասնյակից և սկսեց ձևավորվել Շոշի վաշտը: Շոշեցի երիտասարդները կարողացան առանձնանալ իրենց խիզախությամբ, հայրենասիրական վեհ գաղափարներով: Ցավոք, մեր փայլուն հաղթանակի համար իրենց կյանքը նվիրաբերեցին 30 շոշեցիներ:

Հավերժ փառք ու պատիվ մեր զոհված  տղաներին, հավերժ փառք նրանց հիշատակը բարձր պահողներին…

Պատերազմից հետո Շոշը, ինչպես և արցախյան մյուս բնակավայրերը շարունակեցին ապրել ու արարել: Շոշեցիներն իրենց աշխատասիրությամբ և արդար քրտինքով հաց էին վաստակում, տուն կառուցում, ապագա կերտում: Նրանք շարունակում են իրենց նախնիների պես քրտնաջան աշխատել, հողի հետ կռիվ տալ և բարիքներ ստեղծել…

Շոշում հիմնականում զբաղվում են հողագործությամբ, անասնապահությամբ և մեղվաբուծությամբ:

Համայնքն ունի 950 հա վարելահող, որից սեփական է 350 հա, Շուշիի շրջանին է տրված 74 հա, իսկ վարձակալության՝ 416 հա: Պահուստային մաս է կազմում 110 հա:

2020 թվականի բերքի տակ համայնքում կատարվել է 122 հա աշնանացան, գարնանացանի համար հերկվել է 28 հա վարելահող:

Համայնքի 1850 հա արոտավայրից օգտագործվում է մոտ 500 հա, շոշեցիները մեծ հնարավորութուն ունեն զարգացնելու անասնապահությունը:

Այսօր Շոշի համայնքում գործում է համայնքային կենտրոն, բուժկետ, ակումբ, փոստի բաժանմունք, 111 աշակերտ ունեցող միջնակարգ դպրոց, իսկ 2019 թվականին ավարտվել են նաև մանկապարտեզի շենքի կառուցման աշխատանքները, որի մեկնարկը տրվել էր 2018 թվականին:

Գյուղում կա նաև վարսավիրանոց, հացի փուռ, երեք խանութ:

Համայնքը գազաֆիկացված է, ապահովված էլեկտրականությամբ, խմելու ջրով, անխափան գործում է փողոցային լուսավորումը:

155 տնային տնտեսություն ունեցող Շոշում բնակվում են 658 մարդ:

Երբ հանդիպեցինք համայնքի ղեկավար Էրիկ Աբրահամյանին, նա իր խոսքն սկսեց շնորհակալությամբ:

-Ցանկանում եմ գնահատել այն բարեխիղճ շոշեցիների վերաբերմունքը, որոնք անտարբեր չեն համայնքի հաջողությունների ու ձեռքբերումների հանդեպ:

Ակներև է, որ մեզանից յուրաքանչյուրը պատասխանատվությամբ կատարելով իր հարկային պարտականությունները՝ նպաստում է համայնքի բյուջեի կատարմանը: Պետք է շեշտեմ, որ 2019 թվականին համայնքի աշխատակազմը բավարար աշխատանքներ է կատարել բյուջեի մուտքային մասի ապահովման և ծախսային մասի նպատակային օգտագործման ուղղությամբ: 6940800 դրամ սեփական եկամուտների փոխարեն հավաքվել է 6953242 դրամ կամ բյուջեի մուտքային մասը կատարվել է 100 տոկոսով:

2019 թվականին քիչ աշխատանքներ չեն իրականացվել համայնքում:

Ավարտվել է բազմազավակ մեկ ընտանիքի համար կառուցվող տան շինարարությունը, ունենք մեկ ընտանիք ևս և հույս ունենք, որ նրա համար նույնպես բնակելի տուն կկառուցվի:

Ասկերանի շրջվարչակազմի կողմից համայնքի 10 ընտանիքների տրամադրվել է շինանյութ:

2019 թվականին ավարտին են հասցվել գյուղի ջրամատակարարման ցանցի կառուցման աշխատաքները՝ հաշվիչներով գյուղի ջրամատակարարումն ապահովելու ուղղությամբ:

2019 թվականին պետական միջոցներով խճապատվել են գյուղամիջյան ճանապարհները, իսկ համայնքի միջոցներով վերակառուցվել է գյուղամիջյան ճանապարհին հարակից նախկին գյուղապետարանի փլուզված հենապատը:

Ցանկանում եմ համայնքի բնակիչների անունից շնորհակալություն հայտնել մեր երկրի կառավարությանը, շրջվարչակազմի ղեկավարությանը՝ բոլոր այս աշխատանքներն իրականացնելու համար:

Իսկ նորակառույց մանկապարտեզը, որտեղ պետք է հաճախի 30-ից ավելի նախադպրոցական տարիքի երեխա՝ մեծ ձեռքբերում է մեր համայնքի համար:

Պետք է փաստեմ, որ համայնքի աշխատակազմն իր գործունեությունը ծավալում է ամենայն պատասխանատվությամբ, համապատասխան ընթացքավորում են ստանում բնակչության կողմից ներկայացված դիմումները, իսկ վերադասից ստացված նամակների, գրությունների ու որոշումների պահանջները կատարվում են ժամանակին:

Առաջիկայում մենք պետք է սկսենք գյուղամիջյան ճանապարհների սալապատման աշխատանքները, նախատեսում ենք նաև դպրոցի հարակից տարածքում տնամերձ հողամասեր տրամադրել բնակչությանը: Ուրախությամբ եմ շեշտում, որ ունենք երիտասարդ ընտանիքներ, ովքեր ցանկանում են գյուղում տուն կառուցել, շենացնել հարազատ բնօրրանը:

Համայնքի ղեկավարը նշեց նաև, որ աշխատակազմի ուշադրության կենտրոնում են պահվում գյուղամիջյան ճանապարհների ընթացիկ նորոգման, գյուղի տարածքի, հուշարձանների և աղբյուրների սանիտարական մաքուր վիճակի ապահովման աշխատանքները:

-Մեզանից յուրաքանչյուրը պետք է սրտացավ լինի համայնքի հանդեպ: Պահպանի այն, ինչ ստեղծվել է, որպեսզի մատաղ սերունդը դաստիարակվի նույն ոգով, սիրի իր արմատները, իր հողն ու ջուրը: Ցանկանում եմ, որպեսզի լինենք միասնական, բարյացակամ մեկս մյուսի հանդեպ և մտածենք միայն գյուղն ավելի բարեկեցիկ դարձնելու մասին,- ասում է Էրիկ Աբրահամյանը:

Մեր հանդիպումը համընկել էր բերքահավաքի հետ և համայնքի ղեկավարը շեշտեց, որ արվում է ամեն ինչ, որպեսզի բերքահավաքն անցնի անվտանգ ու անկորուստ և գյուղացին կարողանա վայելել իր աշխատանքի արդյունքը:

Դե ինչ, բարին ենք մաղթում շոշեցիներին, թող նրանք հնձեն, ինչ ցանել են, թող տարին առատ ու խաղաղ լինի, մարդիկ՝ առողջ, ինչն ամենակարևորն է այսօր բոլորիս համար:

Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ

 

 
mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter