27 ՏԱՐԻ ԱՌԱՋ ԱՅՍ ՕՐՆ ԱԶԱՏԱԳՐՎԵՑ ԽՐԱՄՈՐԹԸ
26.06.2020 11:40

1993 թվականի հունիսի 26-ին՝ շուրջ 1.5 տարի գերևարումից հետո ազատագրվեց Խրամորթը։ Թշնամին մեկ անգամ չէ, որ ցանկանում էր տիրանալ գյուղին, սակայն ամեն անգամ արժանի հակահարված ստանալով՝ հետ էր շպրտվում։ 1992թ. հունվարին այլ էր պատկերը, հերթական գրոհը թշնամին լայնամասշտաբ էր ձեռնարկել՝ ներգրավելով մեծաթիվ զրահատեխնիկա և հետևակ, ինչին անհնար եղավ փոքրաթիվ ուժերով և դիմագրավել։ Մեր տղաները ստիպված դիրքավորվեցին գյուղի վերևում։ Գյուղի վաշտը՝ բաղկացած 108 մարտիկներից, գիշեր

ու զօր հերթափոխով վերևից հսկում էր գյուղը, այդպես էլ չթողնելով թշնամուն Խրամորթում իրեն լիիրավ տեր զգալ…

27 տարի անց՝ Խրամորթում կյանքը կրկին եռում է։ Գյուղում պարապ մարդ չկա՝ մանավանդ գյուղատնտեսական եռուն այս ժամանակաշրջանում։

-27 տարի է անցել գյուղի ազատագրումից, և ամեն տարի հանդիսավորությամբ էինք նշում գյուղի ազատագրման հերթական տարելիցը։ Այս տարվա բոլոր տեսակի միջոցառումների կազմակերպման մեջ իր ուղղումները մտցրեց նոր տիպի կորոնավիրուսը։ Եվ հաշվի առնելով համաճարակային ներկայիս իրավիճակը այսօր՝ գյուղի ազատագրման 27-րդ տարեդարձի կապակցությամբ համայնքի աշխատակազմով այցելել ենք հուշահամալիր և թարմ ծաղիկներ խոնարհել զոհված մեր ընկերների հիշատակին։ Անգնահատելի է տոնի կարևորությունն ու խորհուրդը։ Հունիսի 26-ը մեզ համար գյուղի վերածննդի օրն է,- նշեց համայնքի ղեկավար Զորիկ Աբրահամյանը։

Անդրադառնալով ներկայում կատարվող աշխատանքներին, գյուղապետը նշեց, որ արդեն ավարտվել են գարու բերքահավաքի աշխատանքները։ Արդյունքը գոհացուցիչ չէ։ Ընդհանուր առմամբ 2020թ. բերքի տակ կատարվել է 84.5հա գարու, 237.6հա ցորենի և 119հա այլ մշակաբույսերի ցանքս։ Հնձման ենթակա 79.5հա գարու ցանքատարածությունից ստացվել է 36տ բերք՝ միջին բերքատվությունը՝ 4.5ց։ Այսօրվա դրությամբ կատարվել է ցորենի 24 հա հունձ՝ ստացվել է 13տ բերք, միջին բերքատվությունը կազմում է 5ց։ Բերքահավաքի աշխատանքներն ընթացքի մեջ են, սակայն համայնքի ղեկավարի սպասելիքները մեծ չեն։ Տարին նպաստավոր չէ հացահատիկային մշակաբույսերի բարձր բերքատվության համար։

-Չնայած ժամանակին պայքար է տարվել վնասատուների դեմ և կատարվել են անհրաժեշտ բոլոր միջոցառումները, այնուամենայնիվ բարձր բերքատվություն չենք ակնկալում, քանի որ չունենք ոռոգովի տարածքներ։ Մեր ակնկալիքներն ավելի շատ են այգեգործությունից։ Այս ուղղությամբ էլ խնդիրներ են լինում իրացման հետ կապված,- ասում է համայնքի ղեկավարը։

Գյուղի տարածքում գործում է §Կարատ¦ ՍՊ ընկերությունը, որն զբաղվում է խաղողի մշակությամբ և գինու արտադրությամբ։ Իսկ §Հայ տեխնոլոգիական խումբ¦ կազմակերպությունը խաղողի տնկարմատների աճեցմամբ է զբաղվում։ Համայնքի վարչական տարածքում խաղողի, հոնի, թթենու այգիներ է հիմնել §Օհանյան բրենդի կոմպանի¦ ՓԲ ընկերությունը։ Շուրջ 70հա պտղատու այգի էլ հիմնված է համայնքի բնակիչների կողմից։

Խրամորթցիները զբաղված են գյուղատնտեսությամբ։ Բնակլիմայական պայմաններն այստեղ նպաստավոր են պտղատու այգիների մշակության համար։ Մանավանդ վերջին տարիներին, երբ արդեն լուծվել է կենսական կարևորության՝ ջրի խնդիրը։ Համայնքում քիչ չեն նաև անասնապահությամբ զբաղվողները։ Ներկայում համայնքում առկա է 100 գլուխ ԽԵԱ, 470 գլուխ ՄԵԱ, 2000 թև թռչուն, 10 ձի։

-Գյուղն ունի արտեզյան ջրհոր, որը կառուցվել է §Հայաստան¦ համահայկական հիմնադրամի և ԱՀ կառավարության համաֆինանսավորմամբ։ Արտեզյան ջրհորի ջուրն ամբողջությամբ բավարարում է համայնքի բնակիչների ջրապահանջարկը։ Այսօրվա դրությամբ վստահաբար կարող ենք ասել, որ Խրամորթը եզակի է շրջանի բնակավայրերի մեջ, որը լիովին ապահովված է խմելու և ոռոգման ջրով։ Ինչը չի կարելի ասել ճանապարհաշինության մասին։ Անմխիթար վիճակում են գտնվում գյուղամիջյան ճանապարհները։ Գյուղի կենտրոնական ճանապարհը խճապատվել և երկկողմանի հենապատեր են կառուցվել պետական միջոցներով,- նշեց Զ. Աբրահամյանը։

Խրամորթի աշխարհագրական դիրքն ու տեղը նպաստավոր է նաև տուրիզմի զարգացման համար։ Ինչպես նշեց համայնքի ղեկավարը՝ գյուղաբնակներից շատերը պատրաստակամ են զբաղվել զբոսաշրջիկների հյուրընկալությամբ։ Գյուղը էկոտուրիզմի զարգացման առումով մեծ հնարավորություններ ունի։ Գյուղի տարածքում է գտնվում Շիկաքար ամրոցը։ Ամրոցի կառուցողները վարպետորեն են օգտագործել տեղանքի անառիկությունը: Այն երեք կողմերից շրջապատված է բնական դժվարամատչելի ու անհաղթահարելի վիհահերձ ժայռերով, որտեղ կա հինգ նշանավոր քարանձավ: Գյուղի վերևում՝ հին գյուղատեղիում է գտնվում սուրբ Աստվածածին եկեղեցին (XVIII դ.), Շռշռան կոչվող ջրվեժը, բազմաթիվ հուշարձաններ, խաչքարեր, սառնորակ աղբյուրներ։ Այս ամենի առկայությունը մեծ հետաքրքրություն կարող է առաջացնել էքստրիմալ տուրիզմի սիրահարների համար։

Համայնքում գործում է գյուղապետարան, դպրոց (որտեղ գործում է նախապատրաստական խումբ), մշակույթի տուն, բուժկետ, որոնք ապահովված են անհրաժեշտ մասնագետներով։ Դպրոցահասակ երեխաների թիվը 64 է, նախադպրոցական տարիքի երեխաներինը՝ 25։ Խրամորթը զարգացող և աճող համայնք է։ Լուծված է գյուղացիների զբաղվածության հարցը։ Գյուղում համարյա թե չկա ընտանիք, որ անձնական օգտագործման մեքենա չունենա։ Համայնքն ունի շտապ օգնության մեքենա, որը ծառայում է նաև հարևան գյուղերին։ Շաբաթական երկու անգամ գործում է Խրամորթ-Ստեփանակերտ երթուղին՝ կրկին համայնքային պատկանելիության։

- Գյուղն ապահովված է էլեկտրաէներգիայիով, բնական գազով, հեռախոսային և ինտերնետային կապով, փողոցային լուսավորվածությամբ։ Մասնագետների պակաս չունենք։ Գյուղաբնակների բուժսպասարկումը գտնվում է բարձր հիմքերի վրա, մանավանդ համաճարակային այս պայմաններում։ Խրամորթցիներն իրազեկված են և պահպանում են ԱՀ պարետի բոլոր որոշումները։ Մենք ամեն մի աղետ մեր մաշկի վրա ենք զգացել, ու հիմա էլ վերջերս ենք տեղեկացել, որ ռուսաստանաբնակ մեր հայրենակիցներից ևս վարկավել են կորոնավիրուսով։ Ցավոք, նաև մահ է գրանցվել։ Ուստի մենք այս ամենին շատ լուրջ ենք վերաբերվում և հորդորում ենք մեր բնակիչներին համայնքի տարածքը լքել հույժ անհրաժշտության դեպքում միայն,- ասաց համայնքի ղեկավարը։

Խրամորթում ձեռքբերումները շատ են, սակայն կան նաև չլուծված խնդիրներ, որոնցից համայնքի ղեկավարն առանձնացնում է համայնքային կենտրոնի կառուցումը, որը հրապատ լուծում պահանջնող խնդիրներից է և որի առկայությամբ մի քանի խնդրի լուծում կտրվի։ Համայնքը կունենա նաև երիտասարդների համար ժամանացի վայր, ինչը ևս անհրաժշետություն է։ Գերեզմանատան շենքը ևս անմխիթար վիճակում է գտնվում։ Ներկայում գյուղապետարանը տեղակայված է բուժկետի խղճուկ և ոչ հարմարավետ շենքում։ Շենքն ի սկզբանե կառուցվել է որպես առաջին բուժօգնության կետ՝ սահմանամերձ գոտու հարևանությամբ, որտեղ նախատեսված էր նույնիսկ վիրահատական սենյակ։

-Զոհված զինծառայողների ընտանիքների բնակարանային պայմանները բարելավելու ծրագրի շրջանակներում 2019 թվականին հիմնանորոգվել է մեկ բնակելի տուն, իսկ մեկ ընտանիքի բնակելի տան տանիքն ամբողջությամբ փոխարինվել է նորով։ Ծրագրի շրջանակներում գյուղում  ևս մեկ տան նորոգման աշխատանքներ կիրականացվեն։ Բազմազավակ մեկ ընտանիքի համար նոր տուն է կառուցվել։ Իսկ 5 երեխատեր 2 ընտանիքների բնակարանով ապահովելու աշխատանքներն ընթացքի մեջ են։ Ընթացքի մեջ է բնակիչներին՝ բնակելի տների տանիքները նորով փոխարինելու համար շինանյութերի տրամադրման գործընթացը,- ասաց Զ. Աբրահամյանը՝ ավելացնելով, որ համայնքի երիտասարդների անունից 15 դիմում ունեն մուտքագրած՝ բնակելի տուն կառուցելու նպատակով։

-Մեր երկրի Նախագահ Ա. Հարությունյանի նախընտարական ծրագրում մեծ տեղ է հատկացրված բնակարանաշինությանը։ Մենք մեծ հույսեր ենք կապում այդ ծրագրի հետ, ինչի իրականացման պարագայում բավականին մեծ թվով երիտասարդներ գյուղում տուն կկառուցեն,- նշեց զրուցակիցս։

Խրամորթն արհավիրքներ շատ է տեսել և ամեն անգամ մոխիրներից վեր է հառնել՝ նոր ուժով դիմակայել բոլոր ժամանակաշրջանների մարտահրավերներին։ Այսօր էլ խրամորթցին նույն վճռականությամբ է լծված իր Հայրենիքի շենացմանը և 27 տարվա հեռավորությունից նայելով՝ ձեռքբերումներն ակնառու են։ Իսկ որտեղ կա կամք և համախմբվածություն՝ այնտեղ հաջողություններն անխուսափելի գրանցվելու են ։

Գյուղի ազատագրումից 13 տարի անց խրամորթցի երախտապարտ զավակ՝ Հակոբ Ղահրամանյանի հոգածությամբ և գյուղացիների մասնակցությամբ գյուղում կառուցվեց զոհված խրամորթցիների հիշատակը հավերժացնող հուշահամալիր, որը թույլ չի տալու ապրողներիս մոռանալ հավերժական արժեքների մասին` անձնազոհություն, նվիրվածություն, բարություն, սեր...

Անահիտ ՊԵՏՐՈՍՅԱՆ



 

 
mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter