1-ԻՆ ԿԱՐԳԻ ՀԱՇՄԱՆԴԱՄԻ ԸՆՏԱՆԻՔԸ ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ԾԱՆՐ ԿԱՑՈՒԹՅԱՆ ՄԵՋ Է |
26.06.2020 13:11 |
Հունիսի 20-ին նշվում է փախստականների համաշխարհային օրը, որը հաստատվել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից՝ 2000 թվականին: Ներկայում մոլորակում գրանցված է մոտ 22.5 միլիոն փախստական եւ 25 միլիոն տեղահանված անձ: Աշխարհի բոլոր փախստականների 80 տոկոսը կանայք եւ երեխաներ են: Այդ օրը մենք հարգանքի տուրք ենք մատուցում միլիոնավոր մայրերի եւ կանանց կամքի ուժին, ովքեր ձգտում են պահպանել իրենց ընտանիքները ծանր պայմաններում: Հունիսի 25-ին §Բերդ¦ թերթի նախաձեռնությամբ՝ ԼՂՀ փախստականների միության Ասկերանի շրջանի ներկայացուցիչ Նոնա Թովմասյանի, ԱԺ պատգամավոր, §Վիտա¦ հասարակական կազմակերպության նախագահ Արևիկ Պետրոսյանի, Ասկերանի քաղաքապետ Հայկ Շամիրյանի և շրջանային թերթի գլխավոր խմբագիր Վալերի Պետրոսյանի մասնակցությամբ այցելեցինք Ասկերանում բնակություն հաստատած 1-ին կարգի հաշմանդամ Արտակ Դանիելյանի ընտանիք՝ ծանոթանալու ապրուստի պայմաններին… Ընտանիքը Բաքվից հարկադրաբար տեղահանվածներից է, ով բախտի քմահաճույքով փախստական է դարձել՝ կորցնելով տարիների վաստակածը։ Փախստականի, զոհված զինծառայողի, հաշմանդամի ընտանիքն այսօր ծանր կացության մեջ է։ Եվ ասել, թե նրանք ապրում են բնակարանային ծանր պայմաններում՝ կնշանակի ոչինչ չասել։ Փայտե ֆիննական տնակը զուրկ է կենցաղային նվազագույն պայմաններից, հաշմանդամի համար հատուկ խնամքի և տեղաշարժի համար անհրաժեշտ հարմարություններից։ … 88-ին են լքել Բաքուն և քանի որ հայրն արմատներով Ղլիժբաղից էր, որոշեցին հաստատվել այստեղ։ Որպես փախստական ընտանիք պետությունն ապահովեց բնակարանով՝ նվազագույն հարմարություններով։ Դեռ նոր էին հարմարվել նոր բնակավայրին և բնակարանային պայմաններին, երբ պայթեց Արցախյան ազատամարտը։ Երկու եղբայներով զինվորական ծառայության անցան Ասկերանի գումարտակում։ 1993-ին զոհվեց եղբայրը՝ Արծվիկ Դանիելյանը, որբ թողնելով երեք երեխաներին։ Իսկ Արտակի մարտական ծառայությունը ձգվեց Քարագլխից մինչև Քարվաճառ։ 94-ի հրադադարը մեծ հույսեր էր արթնացնում երեք զավակների հայր Արտակ Դանիելյանի մոտ. Կանցնի խաղաղ աշխատանքի, նորից ամեն ինչ հունի մեջ կընկնի։ Կնոջ և որդեկորույս մոր հետ կապրեն հաշտ ու խաղաղ երկնքի տակ… Սակայն դրանք հույսեր ու երազանքներ էին, որ այդպես էլ պիտի մնային անկատար… 1996 թվականին Ա. Դանիելյանն աշխատանքի անցավ Ղլիժբաղի ԳԿ(Փ) տնտեսությունում։ Աշխատում էր առանձնակի նվիրումով և գիտակցումով, որ ժամանակն է երկիրը տնտեսապես հզորացնելու։ Դաշտային աշխատանքներից մեկի ժամանակ էլ ստանում է ողնաշարի վնասվածք։ Բժիշկներին դժվարությամբ հաջողվում է փրկել նրա կյանքը, սակայն ահա արդեն 24 տարի է, ինչ նա գամված է անկողնուն… -24 տարի է, ինչ գամված եմ անկողնուն։ Ստացածս թոշակն էլ հազիվ դեղորայքին է հերիքում։ Քանի որ կռվից հետո եմ հաշմանդամություն ստացել՝ չունեմ այն արտոնությունները, ինչ որ ունեն ազատամարտի հաշմանդամները։ Աշխարհում տեղի ունեցող անցուդարձին հետևում եմ հեռուստացույցով և համացանցով։ Ցերեկային ժամերին հիմնականում տանը մենակ եմ լինում, քանի որ կինս և երկու տղաներս աշխատում են Ասկերանի գինու գործարանում։ Տնից դուրս գալու հնարավորություն չկա, Ասկերանի ծայրամասում ենք ապրում։ Ուստի մարդկանց հետ ուղղակի շփումներ հազվադեպ եմ ունենում։ Փոխարենն ունեմ հոգատար կին և զավակներ, ովքեր հոգ են տանում իմ մասին։ Տարիներ առաջ կնոջս համար մի քիչ թեթև էր, քանի որ ողջ էր մայրս և իմ խնամքի մի մասն իր վրա էր վերցնում,- ասում է Ա. Դանիելյանը՝ ավելացնելով, որ տարիներ առաջ հաճախում էր Ստեփանակերտի վերականգնողական կենտրոն, բարի մարդկանց միջամտությամբ հանգստացել է նաև Սակի քաղաքի առողջարանում… Առայսօր շոշափելի օգնություն չստացած 1-ին կարգի հաշմանդամն ու պատերազմի մասնակիցը, սակայն, անձնական հարցեր չէր բարձրացնում։ Թվում էր՝ պիտի օգտվեր ԱԺ պատգամավորի ու քաղաքապետի ներկայությունից և անձնական խնդիր բարձրացնի, սակայն նա կրկին խոսում է համընդհանուրի համար մի գործ անելու մասին։ Թաղամասն ամբողջությամբ բնակեցված է փախստականներով և զոհված զինծառայողների ընտանիքներով։ Փողոցն ասֆալտապատելու և բարեկարգելու կարիք ունի։ Ջրի խնդիրը ևս իր բացասական ազդեցությունն է թողնում, բնակիչները չեն կարողանում տնամերձերում բանաջարանոցային կուլտուրաներ մշակել։ -Վերջերս համացանցից տեղեկացա, որ մեր նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանը պատրաստվում է իր աշխատավարձը փոխանցել առաջին կարգի հաշմանդամների սոցիալական խնդիրների լուծմանը և շատ ուրախացա։ Մյուս կողմից էլ զարմացա՝ մենք դեռ այսպիսի նախագահ ընտրած չկանք։ Վերջապես մեր ժողովուրդը ճիշտ ընտրություն է կատարել,-մեծ ոգևորությամբ և երբեք չկորցնելով հույսը ասում է Արտակը։ Գուցե ներկայիս առողջապահական առաջընթացի պայմաններում հնարավոր լիներ ոտքի կանգնեցնել Ա. Դանեիլյանին, սակայն հեռավոր 96-ին, երբ հաջողվեց փրկել նրա կյանքը՝ իսկական հրաշք էր համարվում։ -Աշխարհում հեքիաթային կարողություններ ունեցող այնքան մեծահարուստ հայեր կան, ովքեր կարող են կայուն գիտելիքների տիրապետող մեր արցախցի երիտասարդներին արտասահմանում առողջապահական գիտելիքներ և հմտություններ ստանալու համար միջոցներ տրամադրեն… -1987-ին ենք ամուսնացել, իսկ 88-ին արդեն բռնագաղթել ենք Ասկերան։ Ապա պատերազմական ծանր տարիներ… Շատ դժվար է եղել կյանքիս ճանապարհը, սակայն չեմ կոտրվում։ Այժմ մտածում եմ գոնե մի այնպիսի աշխատանք գտնեմ, որ կարողանամ ավելի շատ ժամանակ տանն անցկացնեմ։ Շուրջ մեկ ամիս աշխատանքի չեմ գնացել, քանի որ ամուսնուս ճնշումը վերջրես շատ էր բարձրանում և վախենում էինք տանը մենակ թողնել,-աչքերում հույսի շողեր փայփայելով ասում է Արտակի կինը՝ Գալյան։- Տղաներիս ամուսնացնելու ժամանակն է, սակայն բնակարանային այսպիսի պայմաններում ո՞նց ամուսնանան… Շուրջ երկուսուկես ժամ տևած հանդիպման ընթացքում բազմաթիվ հարցեր քննարկվեցին և ներկաները եկան այն համոզման, որ ընտանիքին նոր բնակարան է անհարժեշտ։ Ուստի որոշեցին կենտրոնացնել բոլոր ուժերը մեկ խնդրի շուրջ և հասնեն դրա լուծմանը։ Վերջում Ն. Թովմասյանը շնորհակալույթուն հայտնեց §Վիտա¦ ՀԿ նախագահին և Ասկերանի քաղաքապետին՝ փախստականների խնդիրներին արագ արձագանքելու համար։ Նա նաև նշեց, որ մեծ հույսեր է կապում ԱՀ Նախագահի՝ 2021-22թթ. փախստականների բնակարանային խնդիրներին լուծումներ տալու ծրագրի հետ։
Անահիտ ՊԵՏՐՈՍՅԱՆ
|