ԳՆԱՀԱՏԵԼ ԵՎ ԱՐԺԵՎՈՐԵԼ ՆՐԱՆՑ ԿԱՏԱՐԱԾԸ ԲՈԼՈՐԻՍ ՊԱՐՏՔՆ Է |
29.06.2020 12:47 |
Ուղիղ 75 տարի առաջ Խորհրդային միության ժողովուրդը հաղթելով Գերմանիային՝ մարդկությանը փրկեց ֆաշիզմից: Այդ հաղթանակին հասնելու ճանապարհին մեծ էր հայերիս ներդրումը, որոնք ցուցաբերեցին իրենց քաջությունն ու նվիրվածությունը, հերոսացան և խորհրդային բանակը հարստացրին բարձրագույն զորապետներով ու նվիրյալներով: Հազարավոր հայորդիներ նվիրաբերեցին իրենց կյանքը, հազարավորները վերադարձան հաշմանդամ դարձած: Ցավոք, տարեցտարի ավելի ու ավելի են նոսրանում Հայրենական Մեծ պատերազմի մասնակիցների թիվը, ներկայում Ասկերանի շրջանում ապրում է ընդամենը 6 վետերան: Հունիսի 25-ին առիթ ունեցանք հանդիպելու այդ փոքրաթիվ վետերաններից մեկի՝ Ալեքսանդր Ջհանգիրյանի հետ, ով իր 97-ամյա կյանքում շատ արհավիրքների միջով է անցել, հաղթահարել ու դիմակայել բազում փորձությունների: Անհնար է թվարկել բոլոր այն դժվարությունները, որ տեսել ու զգացել է Ալեքսանդր Ջհանգիրյանը, սակայն ամենախոցելին երկու որդիներին կորցնելն էր նրա համար: Արցախյան պատերազմում և հեռավոր Ռուսաստանում կորցնելով իր տղաներին՝ հին զինվորը կարողացավ իր մեջ ուժ գտնել և շարունակել ապրել արժանապատիվ կյանքով, քանզի դեռևս անելիք ուներ այս կյանքում ու նա կարողացավ հաղթահարել այդ վշտերը ևս… Մեր անակնկալ այցելությունը երբեմնի զինվորը մեծ հուզմունքով ընդունեց: Ծերունական խորշոմներով պատված նրա դեմքը ողողվեց ժպիտով: Հերթով հարցնելով այցելուների ով և որտեղացի լինելը՝ Ալեքսանդր պապիկը գոհունակ և խոր շունչ քաշեց.-<<Իմ աչքի առաջ ծնված ու մեծացած երեխաներ եք, շնորհակալ եմ, որ միշտ հիշում և արժևորում եք ինձ>>… ԱԱՄ Ասկերանի քաղաքային խորհրդի նախագահ Արամ Աղաջանյանի գլխավորությամբ՝ ազատամարտիկներ Արմեն Թամրազյանը և Վիգեն Գաբրիելյանը մեծ ջերմությամբ ողջագուրվելով Ասկերանի միակ վետերանի հետ՝ ներկայացրեցին այցելության նպատակը: Հայրենական Մեծ պատերազմի հաղթանակի 75-ամյակի առթիվ ԱԱՄ-ն որոշել էր ՀՄՊ վետերաններին դրամական պարգևներ տալ (50 հազարական դրամ): Այդ սուրբ առաքելությունն Արցախյան պատերազմի ազատամարտիկները մեծ սիրով և հպարտությամբ էին իրականացնում: Չէ որ մեր հերոս հայրերից ու պապերից ժառանգած արժանիքներով դաստիարակված տղաներն Արցախյան պատերազմում վերստին ցույց են տվել, որ հայը միշտ կանգուն, հպարտ և հաղթող է եղել: Հպարտության ելևէջներով էր պատված Արցախյան պատերազմի ազատամարտիկ, Ասկերանի պատմաերկրագիտական թանգարանի տնօրեն Վիգեն Գաբրիելյանի խոսքը. -Երկրորդ աշխարհամարտը հայ ժողովրդի համար մեծագույն նշանակություն ուներ և այդ հաղթանակի գործում, իհարկե, մեծ ներդրում ունեցան մեր հայրենակիցները: Բնական է, որ Ստալինգրադում գերմանացիների հաջողության դեպքում նրա դաշնակից Թուրքիան կհարձակվեր խորհրդային Հայաստանի վրա… Դրա համար 1945 թվականի հաղթանակը նաև հայ ժողովրդի հաղթանակն էր, որի նվաճման գործում իր ներդրումն ունեցավ Ալեքսանդր Դավիթի Ջհանգիրյանը: 18 տարին դեռ չլրացած, նա մեկնել է ռազմաճակատ ու կռվել Կուբանի երկրամասում, ուկրաինական ճակատներում: Նրա մարտական ուղին սկսվել է Հյուսիսային Կովկասի Գրոզնի քաղաքից և հասել մինչև Արևմտյան Ուկրաինա: Վիրավորվել է երկու անգամ՝ Կուբանի Բրյուխովեցկայա քաղաքի պաշտպանության ժամանակ: Տիխորեցկ քաղաքի հոսպիտալում բուժվելուց հետո կրկին մարտադաշտ է մեկնել ու կռվել ուկրաինական քաղաքների համար մղված մարտերում: Երկրորդ անգամ ծանր վիրավորվել է Կիևի պաշտպանության ժամանակ և հոսպիտալացվել: Ալեքսանդր Ջհանգիրյանի անձնական գործը՝ նրա փառավոր մարտական ուղին խնամքով պահվում է Ասկերանի պատմաերկրագիտական թանգարանում և որպես մասունք, փորձառության դասագիրք, ճանաչողության դաս ներկայացվում է թանգարանի յուրաքանչյուր այցելուի: ԱԱՄ Ասկերանի քաղաքային խորհրդի նախագահ Արամ Աղաջանյանը շնորհավորելով Հայրենական Մեծ պատերազմում տարած հաղթանակի 75-ամյակի կապակցությամբ՝ Ալեքսանդր Ջհանգիրյանին մաղթեց առողջություն և հավաստիացրեց, որ Արցախյան պատերազմի ազատամարտիկները կշարունակեն առաջնորդվել հետևյալ կարգախոսով. <<Ոչ ոք չի մոռացվել, ոչինչ չի մոռացվել>>… Ալեքսանդր Ջհանգիրյանի հարազատները, ովքեր այսօր նրան խնամում են ջերմությամբ, սիրով ու գնահատանքով, ուշադրությամբ էին ունկնդրում ազատամարտիկների խոսքը, անթաքույց հպարտանում Ալեքսանդր պապիկով: Աղջիկը՝ Լարիսան հուզմունքով է մտաբերում Արցախյան պատերազմը, զոհված բոլոր տղաներին, կարոտով հիշում եղբորը, իսկ հերոս հոր մասին խնամք տանելը համարում է իր վեհ պարտականությունը. երդվել էր եղբայրների հիշատակի առաջ… Իսկ 97-ամյա վետերանը, թեև մեծ դժվարությամբ, սակայն կարողացավ հավաքել իր ուժերը և ասել. -Առողջ եղեք, համերաշխ և միշտ գնահատեք այս հողը, պահեք ու պաշտպանեք այն ամենայն սրբությամբ: Արցախ աշխարհին խաղաղություն եմ մաղթում, թող վերանան բոլոր պատերազմները…
ԱԱՄ Ասկերանի քաղաքային խորհրդի նախագահ Արամ Աղաջանյանը, ով անթաքույց սրտացավություն է տածում բոլոր ազատամարտիկների հանդեպ, ում համար անգնահատելի է յուրաքանչյուրի ներդրումն այս խաղաղ ու անկախ կյանքի համար՝ հունիսի 29-ին շարունակեց իր առաքելությունը: Ազատամարտիկներ Վլադիկ Դանիելյանի և Վրեժ Սարգսյանի հետ նա այցելեց Ասկերան քաղաքի չորս հաշմանդամ ազատամարտիկների տներ, ովքեր վերջերս վատթարացած առողջության պատճառով բուժում էին ստացել հիվանդանոցում և նրանց ցուցաբերեց դրամական օգնություն (10 հազարական դրամ): Արամ Աղաջանյանը մարտական ընկերներին առողջություն մաղթեց՝ շեշտելով, որ այդ բարեգործությունը կատարվել է <<Օհանյան բրենդի կոմպանի>> ՓԲԸ տնօրեն Գեորգի Օհանյանի աջակցության շնորհիվ, ինչի համար ազատամարտիկների անունից շնորհակալություն հայտնեց նրան: Վալերի Ավանեսյանը, Վլադիկ Հայրիյանը, Սանասար Մարտիրոսյանը և Արամ Ղազարյանն անչափ հուզվել էին ուշադրությունից: Ազատամարտիները հիշեցին իրենց անցած ճանապարհը, դժվարին և տխուր այդ օրերի ամեն մի պահը: Ասես երեկ էր, երբ միասին, համախմբված հավաքվել էին մի գաղափարի շուրջ և գնում էին դեպի հաղթանակ: Հոգ չէ, որ այսօր երբեմնի երիտասարդ զինվորները կորցրել էին իրենց առողջությունը, կարևորը՝ իրականացել է արցախցու վաղեմի երազանքը, և նա ապրում է խաղաղ ու կապույտ երկնքի տակ: Արամ Աղաջանյանը հպարտությամբ ներկայացրեց ազատամարտիկների մարտական ուղին, որտեղ յուրաքանչյուրի մասնակցությունն անգնահատելի էր: Վլադիկ Հայրիյանի կինը՝ Լյուդմիլա Մելքումյանը, ով նույնպես Արցախյան պատերազմի ազատամարտիկ էր, շնորհակալություն հայտնեց նման նախաձեռնության համար: <<Ազատամարտիկների անունից բարեգործ Գեորգի Օհանյանին երախտագիտություն եմ հայտնում: Յուրաքանչյուրիս համար մեծ պատիվ է զգալ, որ ոչինչ չի մոռացվել ու չի մոռացվի: Այսօր, երբ տեսնում եմ մեր տղաներին, որոնց համար մայր եմ եղել, բուժքույր, լցվում եմ մեծագույն հպարտությամբ: Տա Աստված, որ բոլորն առողջ լինեն և շարունակեն հաղթահարել ցանկացած դժվարություն: Համոզված եմ՝ ազատամարտիկների միությունը կշարունակի նույն ձևով աշխատել և սերնդեսերունդ փոխանցել մեր կատարածը>>,-ասաց բուժքույր -ազատամարտիկը: Հիրավի, գնահատել Հայրենական Մեծ և Արցախյան պատերազմների վետերաններին՝ մեզանից յուրաքանչյուրի սուրբ պարտքն է: Փառք ու պատիվ բոլորին, փառք ու պատիվ նրանց հիշող և արժևորող սերունդներին… Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ |