ԳՆԱՀԱՏԵՆՔ ԿԱՏԱՐԱԾԸ՝ ԱՊՐԵՆՔ ՀՈՒՅՍՈՎ |
30.06.2020 13:26 |
Փառք Ամենաբարձրյալին, այսօր մեր շրջապատում քիչ չեն մարդիկ, որոնք իրենց էությամբ, ազնիվ ու անկեղծ պահվածքով նպաստում են, որպեսզի կյանքն ավելի գեղեցկանա, լուսավորվի ու բարգավաճի: Իրականացվում են պետական միջոցներով և բարեգործական բազում ծրագրեր: Արդյունքում՝ մարդիկ ապրում են ավելի բարեկեցիկ կյանքով և ապագայի հանդեպ լցվում մեծ հույսով, իսկ այն մեզանից յուրաքանչյուրին ուղեկցում է իր ողջ կյանքում: Ասկերան քաղաքի Շահումյանի անվան փողոցի 76 շենքի բնակչությունն արդեն 30 տարի է, ինչ հույսով լցված սպասում է շենքի բակի վերանորոգմանը: Մեզանից յուրաքանչյուրը գիտի, որ Արցախյան պատերազմի ժամանակ շենքը մեծ վնասներ է կրել թշնամու կողմից իրականացված հրետակոծությունների պատճառով: Շենքն իր վրա է վերցրել տանկերի և հրետանու բոլոր զարկերը, իսկ այդ ժամանակ նկուղներում ապաստան էին գտել Ասկերանի հարյուրավոր ընտանիքներ: Երկու շքամուտք իրենց բնակարաններով լրիվությամբ հրդեհվել էին: Պատերազմից հետո վերանորոգվել է շենքի մի մասը, որը նայում է մայրուղուն, փոխվել է նաև տանիքը: Սակայն շենքի դիմային մասն անընդհատ հիշեցնում է կործանարար պատերազմի մասին, իսկ կարծում ենք՝ մատաղ սերունդը պետք է մեծանա միայն խաղաղություն տեսնելով, և ոչ մի հետք չպետք է պղտորի նրա անհոգ ու խաղաղ մանկությունը: Այսօր, փառք Աստծո, օրեցօր ավելանում է շենքի և հարակից բնակելի շենքերի ու սեփական տների երեխաների թվաքանակը, որոնք, սակայն, խաղալու և իրենց ազատ ժամանցն անցկացնելու տեղ ու հնարավորություն չունեն: Բազմաթիվ անգամ բնակիչները հարց են բարձրացրել, դիմումներ ներկայացրել համապատասխան տեղեր, և վերջապես իրականություն է դարձել բնակիչների երազանքների մեկը: Բոլորովին վերջերս պետական միջոցներով 76 և 74 շենքերի բակերը բարեկարգվեցին և ասֆալտապատվեցին: Անհնար է նկարագրել այն ուրախությունն ու երախտագիտությունը, որ ապրեցին բնակիչները: Հարկ է նշել, որ հետևողական աշխատանքներ են իրականացվել Ասկերանի քաղաքապետ Հայկ Շամիրյանի կողմից, ով պարբերաբար ներկայացել և տեղում ծանոթացել է շինարարական աշխատանքների ընթացքին, լսել բնակիչների առաջարկություններն ու ցանկությունները: Ակներև է, որ մարդիկ երջանկացել են իրականություն դարձած այդ մի երազանքով, ինչի առհավատչյան են բակում ազատ և հանգիստ խաղացող երեխաների և զբոսնող մեծահասակների խմբերը: Հաճելի անակնկալ էր նաև, երբ շինարարական աշխատանքների ավարտից հետո Էլեն Թովմասյանը, Բելլա Մնացականյանը, Վիոլետա Շահրամանյանը, Լիլիա Սարգսյանը և Յանա Խաչատրյանը գեղեցիկ համերգով հանդես եկան և անմոռանալի պահեր պարգևեցին բնակիչներին՝ որոշելով, որ նման միջոցառումները շարունակական են լինելու: Աղջիկների հայրենասիրական և ժողովրդական երգերը, կիթառի վրա նվագը ավելի տոնական տրամադրություն հաղորդեց բնակիչներին: Բնակիչներից յուրաքանչյուրը գոհ ու շնորհակալ է մեր երկրի իշխանություններից, իհարկե՝ հուսալով, որ իրականություն կդառնան նաև մյուս ցանկությունները և մոտ ապագայում երեխաների համար խաղահրապարակ կկառուցվի, ինչպես նաև կվերանորոգվի մեծահասակների համար ժամանցի վայրը: Դե ինչ, ապրենք հույսով, գնահատենք կատարածը և մեր սրտացավ վերաբերմունքով պահպանենք այն: Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ
|