ԸՆԹԱՑՔԻ ՄԵՋ ԵՆ ԲԵՐՔԱՀԱՎԱՔԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ |
30.06.2020 13:31 |
Ասկերանի շրջանում մեկնարկել և ընթացքի մեջ են աշնանացան և գարնանացան մշակաբույսերի բերքահավաքի աշխատանքները։ Ինչպես տեղեկացանք Ասկերանի շրջվարչակազմի աշխատակազմի գյուղատնտեսության բաժնի վարիչ Արվիդ Ղուլյանից՝ 2020թ. բերքի տակ ցանվել է 12065.3հա աշնանացան հացահատկային և ընդհանուր առմամբ 4897.65հա գարնանացան մշակաբույս։ Ցանված բերքի առյուծի բաժինը հասնում է Ակնա թաղամասին, որտեղ շրջանի գյուղատնտեսությամբ զբաղվողները հիմնականում և զբաղված են հողագործությամբ և անասնապահությամբ։ Ակնա թաղամասի ցանքատարածությունների տարածքը կազմում է 7774.5հա։ Ներկայում բերքահավաքի աշխատանքներ են ընթանում Ակնա թաղամասում։ Հունիսի 30-ի դրությամբ հնձված 2371հա գարու ցանքատարածություններից ստացվել է 3236 տոննա բերք՝ միջին բերքատվությունը կազմելով 13.6ց/հա։ 2046.5 հա հնձված ցորենի տարածքից ստացվել է 2953 տոննա բերք։ Ցորենի միջին բերքատվությունը կազմում է 14.4ց/հա։ Հնձված 86հա ոլոռի ցանքատարածությունից ստացվել է 18.5 տոննա բերք՝ միջին բերքատվությունը կազմում է 2.2ց/հա։ Բերքահավաքի աշխատանքներին ներկա դրությամբ մասնակցում է 24 կոմբայն։ Ընդհանուր առմամբ շրջանում հունիսի 30-ի դրությամբ հնձի ենթակա տարածքները կազմում են 15951.2հա։ Ի տարբերություն նախորդ տարվա՝ 2020 թվականի բերքի տակ 1473 հեկտարով ավելի աշնանացան մշակաբույսեր են ցանվել։ Դրան զուգահեռ 1403 հեկտարով նվազել է գարնանացան մշակաբույսերի ցանքսը։ Մինչ բերքահավաքի աշխատանքների մեկնարկը շրջանում տարվել են հակահրդեհային կանխարգելիչ միջոցառումներ։ Ցանքերի շուրջ՝ դաշտամիջյան ճանապարհների երկայնքով տարվել է մոլախոտերի դեմ պայքար 175 հա կամ 227կմ երկարությամբ։ Կատարվել են նաև հերկի աշխատանքներ, որոնք դեռևս ընթացքի մեջ են։ Ակնայում բերքահավաքի հակահրդեհային անվտանգությունն ապահովելու նպատակով ամենօրյա հերթապահություն է իրականացվում հրշեջ փրկարարական խմբերի կողմից։ Հերթապահության մեջ ներառված է 7 խումբ, ևս 4 խումբ պահուստայինում է։ Խոսելով բերքահավաքին գյուղատնտեսական տեխնիկական միջոցների նախապատրաստման մասին, Ա. Ղուլյանը նշեց, որ բերքահավաքին կմասնակցի 60 կոմբայն, այդ թվում՝ 17-ը գերմանական։ Ներկա դրությամբ 43-ը լրիվությամբ պատրաստ է աշխատանքներին մասնակցելուն։ Բերքի տեղափոխման համար առկա է թափքով 150 բեռնատար ավտոմեքենա։ 21 սեփականատեր կոմբայնավարների տրվել է երաշխավորություն՝ ԱՀ գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամից մինչև 500 հազար ՀՀ դրամ գումարի չափով անտոկոս փոխառություն ստանալու համար՝ կոմբայնների նորոգման նպատակով։ Բանջարաբոստանային կուլտուրաների մշակմամբ շրջանի բնակիչները հիմնականում զբաղվում են Ակնա թաղամասում։ Վերջին ժամանակաշրջանում այստեղ ոռոգման ջրի խնդիր էր առաջացել` կապված ընթացիկ տարվա տեղումների սակավության հետ։ Սպասվող սակավաջրության պայմաններում հողօգտագործողների մտահոգությունները շատ են։ Վերջերս ԱՀ Նախագահի այցելությունն Ակնա թաղամաս՝ տեղում բերքավահաքի աշխատանքներին և խնդիրներին ծանոթանալուն էր վերաբերում։ Հողագործների հետ հանդիպման ժամանակն էլ երկրի նախագահը նշել էր, որ կարճ ժամանակամիջոցում Ակնայում կմեկնարկեն ոռոգման նոր ջրագծերի անցկացման աշխատանքները, իսկ երաշտի պատճառած բոլոր կորուստները կփոխհատուցվեն կառավարության կողմից: Ա. Ղուլյանը նշեց, որ գարնանացանի մասով ոռոգման հայտերը կառավարության կողմից կփոխհատուցվեն, քանի որ ոռոգման ջրի պաշարներն ուղղվել են բանջարաբոստանային կուլտուրաների ոռոգմանը։ Բաժնի վարիչը նաև նշեց, որ կառավարության ամենօրյա ուշադրության կենտրոնում են պարենային անվտանգության և գյուղատնտեսության զարգացման ծրագրերը։ Անահիտ ՊԵՏՐՈՍՅԱՆ |