ԲՆԱԿԻՉՆԵՐԻ ԲԱՐՁՐԱԿԱՐԳ ԲՈՒԺՍՊԱՍԱՐԿՈՒՄԸ ԱՌԱՋՆԱԿԱՐԳ ԽՆԴԻՐ Է |
01.07.2020 10:07 |
Հունիսի 21-ը բուժաշխատողի մասնագիտական տոն օրն է: Այդ գեղեցիկ առիթը հնարավորություն է տալիս մեզ վերարժևորելու բուժաշխատողների դերն ու նշանակությունը հասարակության մեջ, գնահատելու նրանց անմնացորդ նվիրվածությունն իրենց դժվարին գործին: Նրանք պատասխանատվության բարձր զգացումով, անկեղծ նվիրումով ու աշխատանքով հարյուրավոր մարդկանց պարգևում են ամենաթանկը՝ առողջություն: Հիպոկրատի երդմանը հավատարիմ՝ նրանք անում են ամեն ինչ՝ հիվանդին փրկելու և առողջությունը վերականգնելու համար: Բժշկի մասնագիտությունը պահանջում է նաև մարդասիրության և գթասրտության առանձնահատուկ դրսևորում: Սխալված չենք լինի, եթե ասենք, որ այսօր մեր շրջանի բժիշկներն ու բուժաշխատողները վայելում են բոլորիս վստահությունը, հարգանքը և մեծ պատասխանատվությամբ են իրականացնում իրենց առջև դրված պարտականությունները: Բուժաշխատողի մասնագիտական տոնի առթիվ որոշեցինք հանդիպել շրջանի լավագույն բուժքույրերից մեկի՝ Բերքաձորի գյուղական համայնքի ԲՄԿ վարիչ Լիանա Մկրտչյանի հետ: Մինչև Բերքաձորում աշխատանքի անցնելը՝ նա որպես բուժքույր աշխատել է Լուսաձորի և Այգեստանի ԲՄԿ-ներում, իսկ մինչ այդ հաշվապահություն էր անում նաև Բերքաձորի համայնքապետարանում: Ինչպես ինքն է ասում՝ մի քանի մասնագիտություններ ունենալն իրեն օգնել է հաղթահարել տարբեր դժվարություններ, իսկ, որ Լիանա Մկրտչյանն անցել է դժվարին ճանապարհ, հայտնի է շատերին: …Ցավոք, Արցախյան պատերազմն իր կնիքն է թողել նաև նրա վրա… Սակայն իր ողջամտության, նպատակասլացության շնորհիվ այսօր նա ունի գեղեցիկ ընտանիք, սիրած աշխատանք: Լիանա Մկրտչյանը հարգված ու սիրված է ոչ միայն Բերքաձորի հասարակության, այլ նաև Ասկերանի շրջբուժմիավորման տնօրեն Գոհար Հակոբջանյանի գլխավորությամբ` ողջ կոլեկտիվի կողմից: Կարմիր դիպլոմով ավարտելով Ստեփանակերտի բժշկական ուսումնարանը՝ Լիանա Մկրտչյանն իր մեջ երդվել է՝անել ամեն ինչ, որպեսզի իրենից բժշկական օգնություն ակնկալող հիվանդն անվերապահորեն հավատա ու վստահի իրեն: Այնքան էլ հեշտ չէ իրականացնել գյուղական բուժքրոջ պարտականությունները, սակայն Լիանա Մկրտչյանն այն կատարում է անտրտունջ, սիրով ու ամենայն պատասխանատվությամբ: <<Իրոք, գյուղի բուժքրոջ գործն ավելի ծանր է ու պատասխանատու, քանի որ մենք վերահսկում ենք համայնքի ողջ բնակչության առողջությունը՝ սկսած նորածիններից մինչև ամենածեր բնակիչը: Հատուկ ուշադրություն ենք դարձնում յուրաքանչյուր նորածնի հանդեպ, ամենօրյա այցելություններ ենք իրականացնում, մոր հետ տանում բացատրական աշխատանքներ այնքան ժամանակ, մինչև մայրը հունի մեջ է մտնում և նորածինն էլ իրեն լավ է զգում: Չէ որ սկզբնական շրջանում կարող են բարդություններ սկսել երեխաների մոտ: Ապա առաջնորդվում ենք նախօրոք կազմված պատվաստումների օրացույցով և կատարում հերթական տարիքային բոլոր պատվաստումները, իհարկե, հետևողական դրսևորում ցուցաբերելով նաև պատվաստումներից հետո: Սեզոնային գրիպի ժամանակ կատարում ենք բակային այցեր, վերահսկում ենք նաև դպրոցի սանիտարահիգիենիկ վիճակը: Դասապրոցեսի ընթացքում հաճախակի ենք այցելում դպրոց, ստուգում երեխաների հիգիենան, հարկ եղած դեպքում դիմում ծնողներին և բացատրում իրավիճակը: Իհարկե, ամեն ինչ անում ենք այնքան նրբորեն, որպեսզի ծնողը չնեղանա և միշտ համագործակցի դպրոցի հետ: Պետք է նշեմ, որ մեր բուժկետն ապահովված է առաջին օգնության դեղամիջոցներով, ոչնչի պակաս չունենք և ամեն ինչ իր ժամանակին ստանում ենք Ասկերանի ՇԲՄ-ից: Երբ հիվանդը դիմում է բուժկետ՝ ցուցաբերում ենք առաջին օգնություն, հարկ եղած դեպքում ուղարկում համապատասխան մասնագետի մոտ։ Առանց բժշկի կողմից գրված դեղատոմսի ոչ մի սրսկում չենք իրականացնում: Կարծում եմ՝բոլորը կհամաձայնեն ինձ հետ, եթե ասեմ, որ գյուղական բուժքույրն աշխատանքային ռեժիմ չունի, ոչ էլ հանգստյան օր: Օրվա 24 ժամը մենք պատրաստ ենք օգնություն ցուցաբերել հիվանդներին>>,-շեշտում է բուժքույրը: Մարդկանց հետ շփվելու մեծ ընդունակություններ ունի Լիանա Մկրտչյանը: Բուժքրոջ մասնագիտությանը հմտորեն տիրապետելուց բացի, իր մարդամոտ, սրտացավ և ազնիվ մարդկային արժեքների շնորհիվ շատ հեշտությամբ է լեզու գտնում բնակիչների հետ: Տարիքային պատվաստումները, որոնցից շատերն են խուսափում, Բերքաձորի բուժքույրը կատարում է ճիշտ ժամանակին: Նրան միշտ հաջողվում է անգամ ամենակամակոր մարդուն հասկացնել այդ պատվաստումների լրջությունն ու կարևորությունը: Մեծահասակների հանդեպ առանձնահատուկ վերաբերմունք ունի Լիանա Մկրտչյանը: <<Ծերերը հատուկ ուշադրության կարիք ունեն: Մեծանալով՝ նրանք մանկանում են, դառնում նեղացկոտ, փխրուն և խոցելի: Նրանք սիրում են, երբ իրենց լսում ենք, զգում են դիմացինի ջերմությունը, անկեղծ վերաբերմունքը և քեզ թվում է, թե քո դիմաց քո ծնողն է, ով ունի քո հոգատարության ու օգնության կարիքը>>,- մեծահոգաբար ժպտում է գյուղական բուժքույրը: Իսկ այն հարցին, թե, միթե ամեն ինչ այդքան հարթ է, Լիանա Մկրտչյանը պատասխանեց,-<<Իհարկե կան դժվարություններ, որտեղ էլ աշխատել եմ, ցանկացել եմ ամեն ինչի մեջ լավը փնտրել և ասեմ, որ միշտ էլ գտել եմ: Անշուշտ, ունենք պահանջկոտ, կամակոր բնակիչներ, որոնց թվում է, թե բուժքույրը պետք է անմիջապես արձագանքի անգամ ամենաչնչին խնդրի դեպքում, նա պարտավոր է դա անել: Դե, այդ մարդիկ այդպես են մտածում, և նրանց չենք կարող փոխել, այդպիսի մարդկանց հանդեպ ցուցաբերում ենք ավելի մեղմ մոտեցում, միայն թե գոհ մնան>>: Իսկ մեր զրույցի վերջում նա ասաց,<<Հաճույք եմ ստանում, երբ դիմացինին հաճույք եմ պատճառում>>… Հիրավի, ամեն մարդ կյանքում ցանկանում է երջանիկ լինել, իսկ դրան հասնելու համար հարկավոր է հավատալ երջանկության հնարավորությանը: Իսկ, երբ դու երջանիկ ես և կարողանում ես այն բաժանել նաև ուրիշներին՝ ավելի կատարյալ են դառնում քո ուրախությունն ու ապրումները: Համոզված ենք՝ Բերքաձորի ԲՄԿ վարիչ Լիանա Մկրտչյանը հենց այդ մարդկանցից է, ով արժանի է երջանիկ լինելու: Օրինակելի մայր ու կին, հմուտ մասնագետ և պարզապես մարդ, ով միշտ հավատացել է, որ մի օր կիրականանան իր բոլոր երազանքները ու նա կունենա այն, ինչ ունի այսօր… Հանձին Լիանա Մկրտչյանի, շնորհավորենք մեր շրջանի բոլոր բուժաշխատողներին, մաղթենք նրանց առողջութուն և բազում հաջողություններ: Կարինե Բախշիյան |