ԱՐԺԱՆԻ ԳՆԱՀԱՏԱԿԱՆ՝ ԱՐԺԱՆԱՎՈՐ ՄԱՐԴՈՒՆ
01.07.2020 13:53

Այսօր Ասկերանի շրջանի վարչակազմի ղեկավար Հակոբ Ղահրամանյանի աշխատասենյակում տեղի ունեցավ Սարուշենի կոլտնտեսության վարչության ապա նաև համայնքի երկարամյա ղեկավար Արտյուշա Հարությունյանի ծննդյան 70-ամյակին նվիրված պարգևատրման արարողություն։ Հակոբ Ղահրամանյանը բարձր գնահատելով Ա. Հարությունյանի ավանդն ու երկարամյա անբասիր աշխատանքը հարազատ գյուղի զարգացման գործում՝ պարգևատրել է վարչակազմի

պատվոգրով։

-Անուրանալի է Ձեր ներդրումը և նվիրական աշխատանքը հայրենի գյուղի զարգացման գործում։ Սերունդների կողմից գնահատված է ձեր կատարածը։  Եվ ժառանգելով բոլոր այն բարի ավանդույթներն ու հարազատ գյուղի շենացմանն ուղղված ծրագրերը՝ այսօր էլ Սարուշենի համայնքն ընթանում է զարգացման իր ուրույն ճանապարհով,- նշել է վարչակազմի ղեկավարը։

Ավագ գործընկերոջ մասին ակնածանքով խոսեց և հոբելյանի առթիվ շնորհավորեց Ասկերանի վիճակագրության բաժնի վարիչ Սուրեն Թովմասյանը։ Նա Արտյուշա Հարությունյանի հետ աշխատանքային երկար ճանապարհ է անցել և նրա համար Սարուշենի կոլտնտեսության վարչության նախագահի ազնվությունը, հայրենասիրությունն ու հարազատ երկրին նվիրվածությունը եղել են ընդօրինակման արժանի հատկանիշներ։ 

Հոբելյարին շնորհավորել և բարեմաղթանքեր է հղել նաև պարգևատրման արարողությանը ներկա Յուրի Արամյանը՝ մարդ, ով կանգնած է եղել շրջանի գյուղատնտեսության զարգացման ակունքներում.

-Արտյուշա Հարությունյանի աշխատանքային առաջին քայլերին ծանոթ եմ և ինձ միշտ զարմացնում էր երիտասարդ մասնագետի աշխատելու անհագ ծարավն ու մարդամոտությունը։ Նա ընդօրինակում էր ամեն մի լավն ու համընդհանուրի համար օգտակարը, աշխատում տքնաջան, սիրով ընդունում բոլոր այն ցուցումներն ու խորհուրդները, որոնք տալիս էին նրա ավագ ընկերները։ Մտահոգված լինելով հարազատ գյուղի և երկրի ներքնի կյանքովª անում էր իրենց կախված ամեն ինչ տեղին և ժամանակին,-  նշեց գյուղատնտեսության վետերանը։

Շարժման Ասկերանի նախաձեռնող խմբի ղեկավար Սլավիկ Առուշանյանը շնորհավորելով Արտյուշա Հարությունյանին հոբելյանի կապակցությամբ՝ ընդգծել է նրա համարձակությունը, անվախությունն ու ազնվությունը՝ առանձնապես Արցախյան շարժման սկզբնական փուլում։

Երկարամյա գործընկերոջը շնորհավորեց նաև վարչակազմի աշխատակազմի ՔՎՃ բաժնի վարիչ Ալբերտ Ավանեսյանը՝ առանձնացնելով հարազատ գյուղի շենացմանն ուղղված նրա ջանքերն ու մարդկային բարձր հատկանիշները։

Ա. Հարությունյանը՝ երախտագիտություն հայտնելով իր կատարածն արժևորելու համար՝ խոստացավ այսուհետ ևս ջանքերն ուղղել հարազատ գյուղի և երկրի շենացմանն ու իր բազմամյա փորձը և գիտելիքները փոխանցել երիտասարդ սերնդին։

  Արտյուշա Միքայելի Հարությունյանը ծնվել է 1950 թվականի հուլիսի 1-ին, Սարուշենում։ Ավարտելով Երևանի Անասնաբուժական, անասնաբուծական ինստիտուտի անասնաբուժական բաժինն աշխատանքի է անցել հարազատ ծննդավայրի Մայիսի 9-ի կոլտնտեսությունում որպես գլխավոր անասնաբույժ։ Նա գյուղի սկզբնական կուսկազմակերպության քարտուղարն էր, շրջկոմի պլենումի անդամ։

Որպես կուսկազմակերպության քարտուղար 1987-ին խիզախություն և համարձակություն է ունեցել մասնակցելու Արցախը Հայաստանին վերամիավորելու նպատակով կազմակերպված ստորագրահավաքին, որն ուղարկվել է ՍՄԿԿ Կենտկոմ։ Արհամարհելով բազում վտանգներ՝ իր առաձնասենյակում տեղ էր հատկացրել Շարժումը կազմակերպելու նպատակով գաղտնի ժողովներ կազմակերպելու համար։

1988 թվականին ընտրվել է Սարուշենի կոլտնտեսության վարչության նախագահ և աշխատել մինչև ԳԿ(Փ)Տ-ների լուծարումը՝ 1998 թվականը։ Մեծ էր կոլտնտեսության դերը գյուղի ինքնապաշտպանական ջոկատի տղաներին պարենամթերքով ապահովման գործում։ Գյուղի ինքնապաշտպանական ջոկատը հերթապահում էր Ամարասի հովտում և ապահովում տարածաշրջանի անվտանգությունը։ Սարուշենի կոլտնտեսությունը շարունակական աջակցություն էր ցուցաբերում նաև Ասկերանի գումարտակին՝  բոլոր տեսակի գյուղմթերքներով և բանջարա-բոստանային կուլտուրաներով։

-Սարուշենը լինելով Ասկերանի շրջանի վերին ենթաշրջանի հարավային թևի ամենածայրամասային բնակավայրը` միշտ էլ եղել է շրջանի լավագույն գյուղերից մեկը։ Ներկայում գյուղն ունի 380 բնակիչ, ապահովված է կենսապահովման բոլոր անհրաժեշտ պայմաններով։ Իսկ հյուսիս-հարավ մայրուղու հարևանությամբ տեղակայված լինելը` լրացուցիչ հնարավորություն է ստեղծում սարուշենցիների համար իրենց արտադրանքը տեղում իրացնելու համար։ Ցավոք, այս տարի կապված համաճարակի հետ մի քիչ այլ է դրությունը, սակայն համոզված եմ, որ որոշ ժամանակ անց ամեն ինչ կրկին իր բնականոն հունի մեջ կընկնի։ Սարուշենցիները զբաղված են հողագործությամբ և անասնապահությամբ։ Ամարասի հովտի 15հա թթայգիները սեփականաշնորհված են և գյուղացիները համախմբված կատարում են թթի բերքահավաքի աշխատանքները ժամանակին և որակով։ Իսկ ինչպես գիտեք, թթից ստացված արտադրանքն է ներկայում համարվում սարուշենցու եկամտի հիմնական աղբյուրը,- ասում է Ա. Հարությունյանը։

Իսկապես, արցախյան բրենդ են համարվում սարուշենի թթի օղին ու դոշաբը, ինչը հայտնի է և բարի համբավ ունի ոչ միայն Արցախում այլև նրա սահմաններից դուրս։

Արտյուշա Հարությունյանն այժմ դասախոսում է Շուշիի ագրարային համալսարանում։ Ցավով է նշում, որ ագրարային ոլորտի մասնագետներ քիչ են թողարկում։ Սակայն տարիների հետ կարծես թե փոխվում է իրավիճակը։ Այժմ բազմաթիվ երիտասարդներ գիտակցորեն են մոտենում մասնագիտության ընտրության հարցին։

-Ագրարային ոլորտի մասնագետներ ենք թողարկում և այն մեր երկրի համար կարևորագույն ճյուղերից է։ Անասնաբույժն այն մասնագետն է, ով պատասխանատվություն է կրում կենդանիների առողջության, երկրում արտադրված գյուղմթերքների որակի և անվտանգության համար։  Գյուղատնտեսների պակաս Արցախում, իրոք, կա և կարծում եմ, պատճառներից մեկն էլ ցածր աշխատավարձն է։ Սակայն ես մեծ հույսեր եմ կապում մեր նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանի նախընտրական ծրագրերի հետ, որտեղ մեծ տեղ է հատկացված գյուղատնտեսության զարգացմանը։ Իսկ Արցախը գյուղատնտեսության զարգացման առումով մեծ հեռանկարներ ունի։ Դա է միակ հուսալի ճյուղը, որը զարգացնելով կշենացնենք և՛ մեր երկիրը, և՛ կապահովենք մեր ընտանիքները,- նշում է վաստակավոր անասնաբույժը։

1975 թվականին Արտյուշա Հարությունյանն ամուսնացել և գեղեցիկ հայկական ավանդական ընտանիք է կազմել տիկին Լարիսայի հետ։ Այս ընտանիքում էլ մեծացել և հայցեի դաստարակություն է ստացել 4 դուստր։ Նրանք բոլորն էլ այսօր իրենց ընտանիքներն ունեն և Ա. Հարությունյանը երջանկությունից շողացող անչքերով է խոսում իր 14 թոռների և մեկ ծոռի մասին։ Նրան հաջողել է ճիշտ դաստիարակության և կրթություն տալ իր զավակներին, և նրանցից յուրաքանչյուրն այսօր մեր հասարակության համար պիտանի և պետքական գործ է կատարում՝ ժառանգելով մանկավարժ մոր և գյուղատնտես հոր բոլոր դրական հատկանիշները։

-Սարուշենն այսօր օր-օրի զարգանում է, գյուղում շատ երիտասարդներ տներ են կառուցում, իրենց ապագան տեսնում գյուղում։ Ուրեմն գյուղը զարգանալու և աճելու մեծ հեռանկարներ ունի։ Իսկ դա գալիս է նրանից, որ երկրի զարգացման ռազմավարությունը ճիշտ ուղու վրա է։ Երբեք չպիտի մոռանանք, որ թշնամի հարևան ունենք, և Արցախն ու Հայաստանը ձեռք-ձեռքի տված պիտի քայլեն դարերով, հազարամյակներով։ Դա է եղել մեր պապերի երազանքը, դա ենք կտակում մեր զավակներին։ Մեծ ուրախություն է ինձ համար այն բանի գիտակցումը, որ այսօր Արցախի սահմանները զինված են ժամանակակից տեխնիկական միջոցներով, մեր դիրքերը ամուր են, ունենք հզոր և պատշպանունակ բանակ և մեր համերկրացիների սոցիալ-տնտեսական վիճակը տարեց-տարի բարելավվում է։ Այս ամենն ինձ համար անգնահատելի նշանակություն ունի, և ես մեծապես համոզված եմ, որ մեր բոլորիս միասնական ջանքերի շնորհիվ Արցախն ավելի ու ավելի է շենանալու,- ասաց հոբելյարը։

Նշենք նաև,  որ նույն օրը Արցախի Հանրապետության Նախագահ Արայիկ Հարությունյանի կողմից Արտյուշա Հարությունյանին շնորհվել է ՙՎաչագան Բարեպաշտ՚ մեդալ, իսկ ԱՀ գյուղատնտեսության նախարարության կողմից Սարուշենի բազմամյա ղեկավարն արժանացել է ՙՈսկե մեդալի՚։

Անահիտ ՊԵՏՐՈՍՅԱՆ


 


 

 
mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter