ԱՅՑԵԼՈՒԹՅՈՒՆ ԱՄԱՐԱՍԻ ՀՈՎԻՏ
07.07.2020 18:49

Այսօր Ասկերանի շրջվարչակազմի ղեկավար Հակոբ Ղահրամանյանի գլխավորությամբ վարչակազմի ղեկավարի տեղակալ Արթուր Հարությունյանը, գյուղբաժնի վարիչ Արվիդ Ղուլյանը, կրթության և սպորտի բաժնի վարիչ Կառլեն Մայիլյանն այցելել են Ամարասի հովիտ՝  տեղում ծանոթանալու ընթացող գյուղատնտեսական աշխատանքներին։

Վարչակազմի ղեկավարը հանդիպել է հակահրդեհային անվտանգություն իրականացնող ծառայության հերթապահներին՝ հետևել հրդեհային և տեխնիկական անվտանգության իրավիճակին, տեղեկացել բերքահավաքի աշխատանքներն իրականացնողների խնդիրներին ու մտահոգություններին։

Գյուղատնտեսական տարին շրջանում ոչ այնքան բարենպաստ է գնահատվում գյուղոլորտի պատասխանատուների կողմից, մանավանդ հացահատիկային մշակաբույսերի բերքատվության առումով։ Հույսերն ու սպասումներն Ամարասի հովտի հետ են կապված։

Շրջանի վարչակազմի աշխատակազմի գյուղատնտեսության բաժնի վարիչ Արվիդ Ղուլյանից տեղեկացանք, որ Ամարասի տեղամասում 1111.18հա առկա վարելահողերից սեփականաշնորված է 830.11 հեկտարը, իսկ 281.07հա՝ վարձակալված կամ գտնվում է պահուստային ֆոնդում։ 2020 թվականի բերքի տակ ենթաշրջանում կատարվել է 790.73 հա ցանքս։ Թթայգիների տարածքը կազմում է 44.05հա, խաղողայգիներինը՝ 4.73հա, ևս 3.29հա պտղատու այլ այգիներն են։ Վերին ենթաշրջանի հողերից 432.38հա վարձակալության հիմունքներով տրամադրվել է ԱՀ գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամին։ Ի տարբերություն ներքին ենթաշրջանի՝ վերին ենթաշրջանում բերքահավաքի արդյունքները, ըստ գյուղբաժնի վարիչի, գոհացուցիչ են։

Ամարասի հովտում ավարտվել է թթի բերքահավաքը, որին զուգահեռ ընթացել են թթարտադրանքի ստացման աշխատանքներ։ Այժմ օղու թորման աշխատանքներ են ընթանում։ Թթի բերքից չեն դժգոհում՝ ժամանակին կարողացել են հավաքել և մթերել այն։ Իսկ պատրաստի արտադրանքի սպառողներն հասցեական են։ Այս առումով մտահոգություններ չկան։

Վերին ենթաշրջանի գյուղատնտեսությամբ զբաղվողների մտահոգությունները գարու և ցորենի ցածր բերքատվության հետ են կապված։ Տարին անբարենպաստ է հացահատիկային մշակաբույսերի համար։ Սարուշենի համայնքի ղեկավար Կարեն Գասպարյանը սակայն բերքահավաքի աշխատանքներից և բերքատվությունից չի դժգոհում։ Ամարասի հովիտը միշտ էլ արդարացրել է հողի մշակների սպասելիքները։

-Ամարասի հովիտն Արցախի ոսկե հովիտն է համարվում իր բերքառատությամբ։ Սակայն վերջին տարիներին բնակլիմայական պայմաններն այստեղ փոխվել են և եթե նախկինում առանց լրացուցիչ ջրելու հնարավոր էր լինում բարձր բերք ստանալ՝ հիմա վիճակն այլ է։ Վերջերս Ամարասի հովիտ էր այցելել նաև ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը և խոստացել լուծել մեզ համար կենսական կարևորության այս խնդիրը։ 2020 թվականի ծրագրով նախատեսված է հովտում արտեզյան ջրհորներ կառուցել, ինչին մեր բնակիչները շատ են սպասում և մեծ հույսեր կապում դրա հետ,- ասում է համայնքի ղեկավարը։

Ինքն էլ մեծացել և հասակ է առել Ամարասի հովտում։ Ծնողներն Արցախյան ազատամարտից հետո սկսել են այստեղ գյուղատնտեսական աշխատանքներով զբաղվել։ Հայրը՝ Արմեն Գասպարյանն արցախյան ազատամարտի ակտիվ մասնակից է, §Մարտական խաչ¦ երկրորդ աստիճանի շքանշանակիր։ Պատերազմում հաղթանակած ազատամարտիկը գտնում է, որ ազատամարտում տարած փայլուն հաղթանակն ամբողջական չէր լինի, եթե պարտվենք տնտեսական պայքարում։ Ուստի իր ուժերի ներածին չափով աշխատում է՝ ապահովելով և՛ իր ընտանիքի սոցիալ-կենցաղային պայմանները, և՛ նպաստում Արցախ աշխարհի շենացմանը։

-Իմ ընտանքի երկրորդ սերունդ է հասակ առնում այս հովտում։ Եվ ես իմ թոռներին մեծ սիրով մասնակից եմ անում գյուղատնտեսական աշխատանքներին։ Երեխան մանկուց պիտի սիրի հողն ու գնահատի նրա իրական արժեքը։ Ինձ շատ են ոգևորել մեր նախագահ Արայիկ Հարությունյանի գյուղատնտեսական ոլորտին առնչվող ծրագրերը։ Այո, մենք պարտավոր ենք հաղթել նաև տնտեսական դաշտում։ Այդ դեպքում միայն կհամարեմ, որ մեր տղաների արյունն իզուր չի թափվել,- ասաց ազատամարտի վետերանը։

Ամարասի հովիտ կատարած այցի ընթացքում վեր հանված մտահոգությունների, խնդիրների վերաբերյալ վարչակազմի ղեկավար Հակոբ Ղահրամանյանը հանձնարարականներ է տրվել համապատասխան մասնագետներին։

Անահիտ ՊԵՏՐՈՍՅԱՆ



Լուսանկարները՝ ՎԱԼԵՐԻ ՊԵՏՐՈՍՅԱՆԻ

 
mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter