ՄԵԿՆԱՐԿԵՑ ԱՄԱՌԱՅԻՆ ԶՈՐԱԿՈՉԸ |
15.07.2020 10:13 |
Ասկերանի տարածքային զինկոմիսար Արծվիկ Գաբրիելյանն իր սրտի խոսքն ասելով նորակոչիկներին՝ շեշտեց. - Այսօր դուք համալրելու եք մեր պանծալի բանակի շարքերը և հպարտությամբ ու մեծ պատասխանատվությամբ պետք է կրեք զինվորական համազգեստն ու զինվորի կոչումը: Պատգամում եմ ձեզ լինել մշտարթուն, կարգապահ, ընկերասեր և երբեք չմոռանաք, որ մեր դարավոր թշնամին շարունակում է նյութել իր դավերը: Համոզված եմ՝ ձեր ուժեղ կամքով և հայավայել ծառայությամբ ու քաջությամբ անսասան կպահեք այս հաղթական հողը, որը մեր հերոսների արյամբ է ներծծված: Թող այս երկու տարիները ձեզ համար լինեն նորովի կայացման և ինքնահաստատման տարիներ՝ լեցուն հայրենասիրության բազում դասերով: Թող ձեր ծառայությունը խաղաղ և անփորձանք լինի, թող ձեր բազկի ուժից միշտ դողա թշնամու սիրտը: Նորակոչիկների հարազատները հուզված էին, սակայն այդ հուզմունքին միախառնված էին նաև հպարտության զգացմունքները… Համոզված ենք՝ երկու տարի հետո մենք գրկաբաց կդիմավորենք յուրաքանչյուրիդ և երախտապարտ կլինենք ձեր անբասիր ծառայության և մեր խաղաղությունն ապահովելու համար: Թող ձեր ծառայությունն անփորձանք լինի, մենք սպասում ենք ձեզ… Փառք ու պատիվ մեր բոլոր զինվորներին ու հրամանատարներին՝ ովքեր ուս ուսի տված պաշտպանում են հայրենի սահմանները: ՀԳ Նշենք, որ Ասկերանի շրջանային համաճարակաբանության և հիգիենայի բաժնի կողմից նախօրոք զորակոչիկներից վերցվել են փորձանմուշներ՝ թեստավորման նպատակով /Covid-19/ ՊՇՌ հետազոտության համար: Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ |