ԽԱՉՄԱՉ. ԶԱՐԳԱՑՈՂ ՀԱՄԱՅՆՔ |
15.07.2020 12:22 |
Շրջկենտրոն Ասկերանից՝ 40 կմ, իսկ մայրաքաղաք Ստեփանակերտից 25 կմ հեռավորության վրա գտնվող Խաչմաչ գյուղը տեղակայված է հանրապետության հարավարևելյան հատվածում։ Գյուղը լեռնային է, ունի 1169 հա վարչական տարածք։ Բնակչության թվաքանակը 247 է, տնտեսություններինը՝ 52։ 2019 թվականին Խաչմաչում ծնվել է 6 երեխա, ընթացիկ տարում գյուղում գրանցվել է 3 ծնունդ՝ մինչև տարեվերջ դրանց թիվը կավելանա ևս 2-ով։ Ինչպես նշում է համայնքի երկարամյա ղեկավար Ռաֆայել Գրիգորյանը՝ բնակչության 80 տոկոսից ավելին զբաղմունք ունի։ Հիմնականում զբաղված են գյուղատնտեսությամբ: Իսկ երիտասարդներն աշխատում են տարբեր վայրերում, ծառայում ՊԲ-ում։ Տրանսպորտային խնդիր համայնքը չունի։ Գյուղում խիստ կարիքավոր ընտանիքներ չկան։ Բոլորն էլ աշխատում են՝ արդար քրտինքով վաստակելով օրվա հացը։ -Խաչմաչն աճող և զարգացող գյուղ է։ Այն ապահովված է բնական գազով, էլէկտրաէնեգայով, հասանելի է համացանցը։ Գյուղում գործում է միջնակարգ դպրոց, որտեղ սովորում է 39 աշակերտ, ունենք նախադպրոցական տարիքի 32 երեխա։ 2015 թվականին ՙՀայաստան՚ համահայկական հիմնադրամի և ԱՀ կառավարության համաֆինանսավորմամբ կառուցվել է համայնքային կենտրոն, որտեղ տեղակայված են համայնքապետարանը, բուժկետը, գրադարանն ու մշակույթի տունը՝ 150 տեղանոց դահլիճով։ Գյուղում բավականին աշխատանքներ իրականացվում են ՙԽաչմաչ՚ հիմնադրամի միջոցներով։ Այն ստեղծվել 2009 թվականին, որին հանգանակություն են անում գյուղից դուրս, բայց գյուղի հոգսերով ապրող խաչմաչցիները։ Հիմնադրամի միջոցներն ուղղվում են համայնքի ներքին խնդիրների լուծմանը։ Գյուղամիջյան ճանապարհների սալապատման և հենապատերի կառուցման աշխատանքներն իրականացել են հիմնադրամի միջոցներով։ 2019 թվականին հիմնադրամի միջոցներից մեկ միլիոն 188 հազար դրամ գումարի չափով գյուղում տարբեր աշխատանքներ են իրականացվել,- նշեց համայնքի ղեկավարը։ Բարերար Սեյրան Կարապետյանի միջոցներով գյուղում կառուցվել է մանկական խաղահրապարակ։ Տարիներ շարունակ Խաչմաչի երախտավոր զավակներ Սեյրան Կարապետյանի և Արայիկ Հարությունյանի անձնական միջոցներից գյուղում ծնված յուրաքանչյուր երեխայի տրամադրվում էր 2000-ական ԱՄՆ դոլարին համարժեք դրամ։ Վերջին տարիներին այդ վեհ առաքելությունն իրականացնում է Նորայր Հարությունյանը՝ տրամադրելով 1000-ական ԱՄՆ դոլարին համարժեք դրամ։ Համայնքի ղեկավարի խոսքերով, իրականացվող բարեգործական ծրագրերը դրական մեծ ազդեցություն են ունենում գյուղի զարգացման և աճման դինամիկայի վրա։ -Գյուղն Արցախյան շատ գյուղերի նման հոգսաշատ կլիներ, եթե չլինեին արմատներով խաչմաչցի մեր երախտապարտ զավակները։ Նրանց անունները միշտ էլ երանությամբ են հիշվելու բոլոր սերունդների կողմից։ Բարեգործների իրականացրած ծրագրերն էլ իրենց հերթին հույս ու հավատ են ներշնչում վաղվա օրվա հանդեպ և պարտավորեցնում համայնքի պատասխանատուներիս գործել՝ ամեն ինչ հանուն խաչմաչեցու բարեկեցիկ ապագայի նշանաբանով։ Համայնքի ղեկավարից տեղեկացանք, որ համայնքային բյուջեն միշտ էլ գերակատարվում է։ 2019 թվականին այն կատարվել է 124 տոկոսով։ Խաչմաչցիները ըմբռնումով են մոտենում հարկերի և տուրքերի ժամանակին վճարմանը։ -Համայնքի վարչական տարածքի հողերից 361հա համայնքային սեփականության հողերն են, 190.5հա սեփականության իրավունքով տրամադրված է գյուղացիներին, վարելահողերը կազմում են 280 հա։ 2020 թվականի բերքի տակ կատարվել է 172հա աշնանացան և 41հա գարնանացան ցանքս։ Գյուղացիների հիմնական զբաղմունքը հողագործությունն ու անասնապահությունն է։ Ունենք 61 ԽԵԱ, 53 ՄԵԱ, 604 գլուխ խոզ, 1700 թև թռչուն և 68 մեղվափեթակ։ Մեզ մոտ հիմնական շեշտը դրված է խոզաբուծության վրա։ Դեռևս սկսված չեն բերքահավաքի աշխատանքները, սակայն մեծ ակնկալիքներ էլ չունենք, քանի որ գարնանացանը երաշտի պատճառով տապալված է, իսկ ոռոգման ջուր ընդհանրապես չունենք,- ասում է Ռ. Գրիգորյանը՝ ավելացնելով, որ բերքահավաք մեքենաների պակաս համայնքը չունի և հետևելով հակահրդեհային անվտանգության կանոններին՝ ժամանակին և որակով իրականացվելու են բերքահավաքի աշխատանքները։ Չնայած ջրային ներքին ցանցը տարիներ առաջ ամբողջությամբ փոխվել է Սեդրիկ Մարտեն ֆրանսիական բարեգործական հիմնադրամի միջոցներով և տեղադրված են ջրաչափեր, այնուամենայնիվ ջրի պաշարների պակաս այս տարի շատ է զգացվում։ Ներկայում գյուղում առաջնահերթ խնդիր է համարվում խմելու ջուրը։ Փողոցների լուսավորության, հանդիսությունների տան վերանորոգման հարցերը ևս մտահոգիչ են։ Գյուղի դպրոցական շենքը կառուցվել է նախորդ դարի սկզբին։ Փոքր շենք է, մասնակի վերանորոգված։ Առայժմ բավարարում է նորմալ ուսուցում կազմակերպելու համար: Համայնքի ղեկավարի գնահատմամբ՝ առաջիկայում նոր դպրոցական շենք ունենալու խնդիր կառաջանա։ -Համայնք-դպրոց կապը գտնվում է բարձր հիմքերի վրա և բոլոր նախաձեռնություններում մեր գլխավոր աջակիցը դպրոցն է։ Խաչմաչցիներն աշխատասեր ժողովուրդ են, համախմբված և պատասխանատու։ Հույսները դրած իրենց վրա չարչարվում են, ապահովում իրենց բարեկեցիկ կենցաղային պայմանները։ Ուրախությամբ եմ նշում, որ գյուղից արտահոսք չկա, բնակիչների զգալի մասը երիտասարդներ են և միահամուռ ուժերով կարողանում ենք գյուղում դրական տեղաշարժեր արձանագրել։ Տոն և հիշատակի օրերին կազմակերպում ենք շաբաթօրյակներ, սանիտարական մաքրման աշխատանքներ իրականացնում հուշարձանների և աղբյուրների շրջակայքներում,- ասում է համայնքի ղեկավարը։ Հյուսիս-հարավ մայրուղուց 1.5կմ հեռավարության վրա գտնվող գյուղում արտադրանքի իրացման խնդիր չկա։ Տեղական արտադրանքը հիմնականում սպառվում է մայրաքաղաքի շուկայում։ Գյուղի գործող Սբ. Ստեփանոս եկեղեցում (1961թ.) ամեն կիրակի սուրբ պատարագ է մատուցվում։ Այստեղ նաև երգչախումբ է գործում։ Եկեղեցին և նրա հարակից տարածքը վերանորոգվել և բարեկարգվել է բարերար Սեյրան Կարապետյանի միջոցներով։ -Երախտապարտ ենք մեր բոլոր բարերարներին։ Մեր մաղթանքն ու ցանկությունը մեկն է՝ կայունություն և խաղաղություն ամբողջ աշխարհին և մեր հարազատ երկրին՝ Արցախին։ Բոլորիս ծրագրերը ձախողած համավարակի շուտափույթ հաղթահարում եմ մաղթում։ Այն ևս մեկ փորձություն է մեզ համար, որը պետք է մեր կարգապահությամբ հաղթահարենք։ Համոզված եմ, որ առաջիկա տարիները Արցախի տարեգրության մեջ լինելու են հաջողությունների ամրագրման տարիներ,- ասաց Ռ. Գրիգորյանը։ Միայն այսպես համախմբված, լրացնելով մեկս-մյուսի կատարածը, քարը-քարի վրա դնելով կկարողանանք հաջողությունների հասնել։ Իսկ չհաջողելու իրավունք չունենք, քանի որ միայն հավատարիմ մնալով մեր հայրերի պատգամին՝ կշենացնենք մեր երկիրը և հզոր ու հարուստ ժառանգություն կկտակենք մեր սերունդներին։ Անահիտ ՊԵՏՐՈՍՅԱՆ
|