ԼԱՎԱՏԵՍՈՒԹՅԱՄԲ ԼՑՎԱԾ |
16.07.2020 12:39 |
Սղնախն Արցախի հնագույն ամրոցային բնակավայրերից է, հենց անվանումն էլ դրա վկայությունն է: Սղնախ նշանակում է ամրոց, ամրություն: Ըստ պատմական տարբեր աղբյուրների նախկին բնակավայրը հիշատակվում է չորրորդ դարից և գտնվել է ներկայիս բնակավայրից 1 կմ հեռավորության վրա՝ դեպի արևելք: Երեք կողմերից պաշտպանված էր ժայռերով, ուներ եկեղեցի ու գերեզմանոց: 1727 թվականից մինչև 1750 թվականը Սղնախի բնակիչները հին բնակավայրից սկսեցին պարբերաբար տեղափոխվել նոր բնակավայր, սակայն համարյա 30 տարի իրենց հարազատներին հողին էին հանձնում հին բնակավայրի գերեզմանոցում: 1780 թվականից գյուղի վերին բարձրության վրա ստեղծվեց նոր գերեզմանատուն: Գյուղը սահմանակից է Ավետարանոցի հողահանդակներին, Մեծ և Փոքր Քիրսերին, Շոշի, Սզնեքի և Քարին տակի տարածքներին: Լեռնային դիրք և բարեխառն կլիմա ունեցող Սղնախ գյուղն ունի գեղատեսիլ ու գողտրիկ բնություն: Կուսական անտառներում աճում են տարբեր ծառատեսակներ, բազմանում կենդանիներ ու թռչուններ, իսկ սառնորակ աղբյուրները, առողջարար և մաքուր օդը գերում են բոլորին: Գյուղի շրջակայքում պահպանվել են տարբեր սրբավայրեր և եկեղեցիներ, իսկ գյուղի հարավ-արևելյան կողմում կա մի ահռելի քարանձավ, որը թշնամիների հարձակման ժամանակ ծառայել է որպես ապաստարան: 1930 թվականին գյուղում կազմավորվել է կոլեկտիվ տնտեսություն, 1988 թվականին տնտեսությունն առանձնացվել է, և այդ օրվանից գյուղն սկսել է մեծ թափով զարգանալ: Արցախյան գոյապայքարի ժամանակ հայրենիքի ազատության համար նահատակվել և հավերժացվել են ծննդով սղնախցի 10 քաջորդիներ: Հավետ փառք մեր անմահ հերոսներին… Այսօր Սղնախն ունի նորակառույց համայնքային կենտրոն, որտեղ տեղակայված է գրադարան, խաղասենյակ, ակումբ: Գործում է միջնակարգ դպրոց, առևտրի 1 կետ: Համայնքի բնակչության թվաքանակը կազմում է 315 մարդ: Սղնախի բնակչությունը հիմնականում զբաղվում է անասնապահությամբ և հողագործությամբ: Համայնքի հողահանդակները կազմում են 782 հա, որից վարելահող՝ 297.875 հա, գյուղի ու Քարին տակի սեփականատերերին տրված է 163.53 և 47.6 հա հողատարածք, 15 հա տարածք չի օգտագործվում, արոտավայրերը կազմում են 105 հա, խոտհարքերը՝ 69.21 հա: Համայնքի բնակելի տարածքը կազմում է 26 հա, որի մեջ մտնում են գյուղի բնակելի տարածքը և առանձին անհատների տնամերձերը: Համայնքի արտադրական նշանակության հողերը կազմում են 4.7 հա,պահեստների տակ են 0.18 հա, տրանսպորտային նշանակության են 6.06 հա, պատմամշակութային՝ 1.61 հա, անտառներ՝ 251 հա, թփուտներ՝ 5.3 հա և գետերի տակ ՝3.2 հա: Սղնախի համայնքի ղեկավար Եղիշե Ղահրամանյանը, ով ամեն մի հաջողության ու ձեռքբերման գրավականը տեսնում է աշխատասիրության, կամքի ուժի և պատասխանատու վերաբերմունքի մեջ, գյուղի մասին մեր հարցերին հաճույքով պատասխաններ տվեց: -Պարոն Ղահրամանյան, բազմիցս լսել ենք, որ դուք տակավին պատանի տարիքից եք աշխատում հողի հետ՝ գիտակցելով, որ միայն աշխատանքի շնորհիվ կարող եք հասնել բազում նպատակների: Գիտենք նաև, որ այսօր ևս նույն ձևով շարունակում եք ձեր առօրյան՝ վառ օրինակ հանդիսանալով նաև շատ շատերին… -Կարծում եմ՝ ինձ հետ համաձայն կլինեն բոլոր գյուղաբնակները, որ ապրել գյուղում ու չզբաղվել գյուղատնտեսական աշխատանքներով՝ աններելի կլիներ: Փոքրուց տեսել եմ, որ իմ ծնողները սիրով են կատարում նման աշխատանքները և, ինչու չէ, առատորեն քաղում էին իրենց արդար աշխատանքի պտուղները: Այն փոխանցվել է նաև ինձ, և ես մեծագույն հաճույքով եմ զբաղվում հողագործությամբ՝ իհարկե, ըստ պատշաճի համատեղելով համայնքի ղեկավարի իմ պաշտոնի հետ: -Ներկայում ի՞նչ աշխատանքներ են իրականացվում գյուղում: -Նախ շեշտեմ, որ արմատներով սղնախցի, գործարար Արման Հակոբջանյանի շնորհիվ գյուղում իրականացվում են տարբեր բարեգործական աշխատանքներ: Հունվար ամսից համայնքում սկսված են գյուղամիջյան ճանապարհների սալապատման աշխատանքները: Պետական միջոցների շնորհիվ տրամադրվել է սալաքարը, իսկ մնացած բոլոր ֆինանսական հարցերը լուծում է Արման Հակոբջանյանը՝ տրամադրելով նաև շինարարների աշխատավարձերը: Մեծ հայրենասերը 1000-ական դոլար է տրամադրում նաև յուրաքանչյուր նորածնի: Նշենք, որ 2020 թվականին գյուղում ծնվել է 3 երեխա: Սղնախ համայնքում ԱՀ աշխատանքի, սոցիալական հարցերի և վերաբնակեցման նախարարության աշխատանքի և զբաղվածության գործակալության վարձատրվող հասարակական աշխատանքների իրականացման ծրագրով իրականացվել է Սղնախի համայնքի գերեզմանոցի տարածքի մաքրման աշխատանքներ: Անդրադառնալով նաև 2019 թվականին կատարված աշխատանքներին՝ նշեմ, որ անասնաբուծության կանոնագրման և արոտների կառավարման ծրագրի շրջանակներում իրականացվել են միջդաշտային ճանապարհների բարեկարգում և արոտների ջրարբիացման աշխատանքներ: Համայնքն օգտվել է նաև անասնապահության զարգացման խթանման պիլոտային ծրագրից, էլեկտրոֆիկացվել է երկու անասնաֆերմա: 2019 թվականին շահագործման է հանձնվել երկկողմանի ծնողազուրկ Աշոտ Ավանեսյանի բնակարանը, Ասկերանի շրջվարչակազմի կողմից 8 ընտանիքներ ստացել են շինանյութեր, իսկ մեկ ընտանիքի օգնություն է ցուցաբերվել ԱՀ աշխատանքի, սոցիալական հարցերի և վերաբնակեցման նախարարության կողմից: Նշեմ, որ շրջվարչակազմի կողմից 2020 թվականին շինանյութերի տեսքով օգնություն են ստացել ևս 4 ընտանիքներ: Կարծում եմ՝ գործընթացը շարունակական բնույթ է կրելու: Համայնքը լրիվությամբ ապահովված է էլեկտրականությամբ, գազաֆիկացված է, ինչպես նաև ապահովված է խմելու ջրով: Փողոցները մասնակի են լուսավորված: Մի խոսքով, կատարված աշխատանքները շատ են, իսկ կատարվելիքը՝ ավելի շատ: -Իհարկե, համայնքը խնդիրներ կունենա… -Այո, անելիքներ ունենք, կարծում եմ՝ պետք է զինվենք համառությամբ, ամուր կամքով ու եռանդով, և կկարողանանք թեթևացնել գյուղի և գյուղացու հոգսաշատ առօրյան: Կրկին շեշտեմ, որ գյուղամիջյան ճանապարհները, որ անմխիթար վիճակում էին, այսօր սալապատվում են: Բարերար Արման Հակոբջանյանի աջակցությամբ աշխատանքներ են տարվում նաև փողոցների արտաքին լուսավորման ուղղությամբ, շուտով այն իրականություն կդառնա: Համայնքի ամենամտահոգող խնդիրը ոռոգման ջրի պակասն է, քանզի գյուղացու ապրուստի միակ միջոցը հողագործությունն է, իսկ ոռոգման ջուրն անհրաժեշտ է աշխատանքի լավ արդյունքն ապահովելու համար: Սղնախցիներիս նպատակն է նաև դպրոցի նոր շենք ունենալը: Կարելի է ասել, որ մենք բարի նախանձով ենք նայում այն համայնքների նորակառույց դպրոցներին, որոնք ունեն ժամանակակից որակյալ կրթության համար բոլոր պայմանները և խոր ափսոսանք ապրում մեր աշակերտների համար, որոնք սովորում են մռայլ, խոնավ, ճաքճքված պատերով շենքային պայմաններում: Համայնքում ունենք 0-ից 6 տարեկան 43 երեխա, սակայն, ցավոք, չունենք մանկապարտեզ, որի բացակայությունը կարելի է համարել գյուղի գերխնդիրը: Մեր ծնողներն ու երեխաները մեծ սիրով ու անհամբերությամբ են սպասում այն երանելի օրվան, որ Սղնախը նույնպես մանկապարտեզ կունենա: Մանկապարտեզի առկայությունը կնպաստի նաև նոր աշխատատեղերի ավելացմանը, կնվազի բնակչության արտագաղթը: Ինչու չէ, ուզում եմ փաստել, որ տարեցտարի ծաղկող ու զարգացող մեր գյուղում, երիտասարդ ընտանիքները խոստովանում են, որ մանկապարտեզի բացակայությունը խոչընդոտում է 2-ից ավելի երեխաներ ունենալուն, քանզի պայմանները չեն ներում գյուղական աշխատանքներն ու երեխաների ճիշտ դաստիարակությունը համատեղելու համար: Հարկ է նշել նաև, որ վերանորոգման կարիք են զգում բուժկետի և ակումբի շենքերը: Կարծում եմ՝ հրատապ քայլեր են պետք, որպեսզի բոլոր այս խնդիրները լուծվեն, և խոսքը փոխարինվի հստակ գործով, ինչի համար ակնկալում ենք մեր երկրի իշխանությունների և բարերարների օժանդակությունը: Միակ երազանքս է հարազատ համայնքս տեսել ավելի բարգավաճ և ծաղկուն% -Պարոն Ղահրամանյան, ի՞նչ կմաղթեիք մեր ժողովրդին… -Արցախ աշխարհիս խաղաղություն եմ մաղթում։ Մենք խաղաղասեր, ստեղծող, արարող ժողովուրդ ենք և ցանկացած դժվարություն կարող ենք հաղթահարել՝ լինելով միասնական, ուժեղ և լավատես։ Աստված մի արասցե, եթե թշնամին սկսի ոտնձգությունները՝ մենք հարկ եղած դեպքում նույնիսկ ատամներով կշարունակենք պաշտպանել մեր մայր հողը։ Քանզի մեր երակներով մեր քաջ նախնիների արյունն է հոսում։ Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ |