ԱՍԿԵՐԱՆԻ ՇՐՋԱՆՈՒՄ ԸՆԹԱՆՈՒՄ ԵՆ ՃԱՆԱՊԱՐՀԱՇԻՆԱԿԱՆ ԱԿՏԻՎ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ
17.07.2020 15:57

Ասկերան քաղաքում մեկնարկել են կենտրոնական՝ Շահումյան փողոցի բարեկարգման և ասֆալտապատման աշխատանքները։

Ինչպես տեղեկացանք Ասկերանի քաղաքապետ Հայկ Շամիրյանից՝ ընդհանուր առմամբ ասֆալտապատվելու և մայթեզրերի բարեկարգման աշխատանքներ են իրականացվելու մոտ 1.5կմ ճանապարհահատվածի վրա։ Շինարարական աշխատանքների կապալառուն §Կապավոր¦  ՍՊ ընկերությունն է։

-Շահումյան փողոցն ամբողջությամբ ասֆալտապատվելու է, որին զուգահեռ կատարվելու են նոր եզրաքարերի տեղադրման, ջրահեռացման, ճանապարհին կից պատերի և մայթերի բարեկարգման աշխատանքներ։ Կապալառու ընկերությունը բարեխղճորեն է կատարում աշխատանքները։ Անկասկած ասֆալտապատման որակը բարձր է լինելու, քանի որ ընկերությունը միշտ էլ որակյալ  շինանյութեր է օգտագործում։  Ասֆալտապատման ենթակա տարածքում հին եզրաքարերն ամբողջությամբ հեռացվել են։ Այժմ ընթանում են ջրատար համակարգի կառուցման և նոր եզրաքարերի տեղադրման նախապատրաստական աշխատանքներ։ Արդյունքում ունենալու ենք ավելի հարմարավետ և լայն մայթեր, հարթ ասֆալտապատ կենտրոնական ճանապարհ։ Աշխատանքների ավարտից հետո ձեռնամուխ ենք լինելու ապահովել նաև անվտանգ երթևեկը։ Նախատեսում ենք Շահումյան փողոցի մի քանի հատվածներում ունենալ արհեստական անհարթություններ։ Իսկ առայժմ հետևում և համագործակցում ենք համապատասխան կառույցների և շինաշխատանքներ իրականացնող ընկերության հետ՝ աշխատանքները ժամանակին և որակով կատարելու ուղղությամբ,- նշեց քաղաքապետը։

Քաղաքապետից տեղեկացանք նաև, որ Ասկերանում ընթացող մյուս շինարարական աշխատանքները ևս ընթացքի մեջ են։ Աշխատանքներն ընթանում են ըստ ժամանակացույցի։ Տարեվերջին շահագործման կհանձնվեն երեք բնակելի շենքերը, ինչպես նաև Ստեփանյան 10 դ1 և 10դ2 հասցեներում գտնվող շենքերի կիսանկուղներն ու ձեղնահարկերը բնակելի տարածքին հարմարացված 8 բնակարանները։ Իսկ նախակրթարանի մասնաշենքի հիմնանորոգման աշխատանքները նախատեսվում է ավարտին հասցնել մինչև նոր ուսումնականը։

 Նշենք, որ Ասկերանի շրջանում ասֆալտապատման աշխատանքներ են իրականացվում նաև Նորագյուղում։ Ասֆալտապատվում է գյուղի կենտրոնական ճանապարհից դեպի կենսական նշանակության օբյեկտներ՝ համայնքապետարան, մանկապարտեզ, դպրոց տանող փողոցը։ Շինաշխատանքների կապալառու ՙՎերածնունդ՚ ընկերությունը մեծ պատասխանատվությամբ է իրականացնում աշխատանքները՝ պահպանելով բոլոր նորմերը։ Արդեն ավարտին է մոտենում ասֆալտապատման աշխատանքների առաջին փուլը։ Կատարվող աշխատանքների մասին գոհունակությամբ և երախտագիտորեն է խոսում համայնքի ղեկավար Վլադիմիր Պետրոսյանը՝ նշելով, որ մեծ է համայնքի բնակիչների մոտ ոգևորությունը։ Նորագյուղցիները լիահույս են, որ տարեց-տարի կավելանան գյուղի ասֆալտապատ փողոցները։

 Շուտով ասֆալտապատման աշխատանքներ կմեկնարկեն նաև Պատարայում։ Համայնքի ղեկավար Վալերիկ Ղահրամանյանից տեղեկացանք, որ 2020 թվականին կմեկնարկեն ՙՀյուսիս-հարավ՚ մայրուղուց դեպի Պատարա համայնքն ընկած 10 կմ-ից ավելի ճանապարհի ասֆալտապատման աշխատանքները։ Կշարունակվի ներհամայնքային ճանապարհների սալապատումը:

-Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը վերջերս այցելել է մեր համայնք և ծանոթացել առկա խնդիրներին։ Նա նշել է, որ համայնքների համաչափ զարգացումը մշտապես գտնվելու է կառավարության ուշադրության կենտրոնում, և այդ ուղղությամբ աշխատանքներն իրականացվելու են ըստ առաջնահերթության:

Ուրախությամբ եմ նշում, որ Նախագահը ծանոթանալով մեր դպրոցական շենքի պայմաններին, խոստացել է, որ եթե կառավարությունը հնարավորություն չունենա առաջիկա տարիներին համայնքում դպրոցական նոր շենք կառուցել՝ կհիմնանորոգվի հին դպրոցական շենքը։ Նախագահին առաջարկել ենք բավականին բարվոք վիճակում գտնվող չբնակեցված տները ինչ-որ եղանակով տրամադրել բնակարանային խնդիր ունեցող երիտասարդ ընտանիքներին։  Նախագահ Հարությունյանը նաև պատրաստակամություն է հայտնել աջակցել  համայնքում զբոսաշրջության ոչ ավանդական տեսակներով զբաղվող անհատ ձեռներեցներին։

Անահիտ ՊԵՏՐՈՍՅԱՆ


 

 
mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter