ԼՐԱՑԱՎ ԱԿՆԱՅԻ ԱԶԱՏԱԳՐՄԱՆ 27 ԱՄՅԱԿԸ |
23.07.2020 11:52 |
Ակնայի (Աղդամ) ազատագրումն այլընտրանք չուներ, քանի որ ադրբեջանցի ռազմական ղեկավարներն Աղդամը համարում էին Ստեփանակերտ ներխուժելու ամենակարճ ճանապարհը՝ Ասկերանով։ Եվ պատահական չէ, որ Արցախի դեմ առաջին բացահայտ նախահարձակ գործողությունը ձեռնարկվել է հենց Աղդամից՝ 1988թ. փետրվարի 22-ին, երբ բազմահազարանոց ամբոխը՝ ճանապարհին ավերելով բոլոր հայկականը, փորձում էր Ասկերանով հասնել մայրաքաղաք։ Ու հենց Ասկերանի մատույցներում արժանի հակահարված ստանալով՝ ետ քաշվեց իր որջը, իսկ Ասկերանն արցախյան ազգային ազատագրական տարեգրության մեջ մնաց որպես անառիկ դարպաս-ամրոց։ Արցախի տարեգրության մեջ բազմաթիվ են օրինակները, երբ թշնամին բաց չէր թողնում հարմար առիթը՝ Աղդամից Արցախի խորքերն ասպատակելու համար։ 1918թ. սեպտեմբեր. Աղդամից թուրքական բանակը ներխուժեց Արցախ և յուրահատուկ բարբարոսությամբ ավերեց Խաչենի ու Վարանդայի շրջանների սահմանամերձ բնակավայրերը, ապա նաև` մտավ Շուշի։ Իսկ 1920թ. մարտ-ապրիլ ամիսներին մուսավաթական Ադրբեջանի զինված ուժերը և զինված խառնամբոխը հենց Աղդամից Ասկերանի վրայով ներխուժեցին Արցախ, երկրամասի նկատմամբ Ադրբեջանի գերիշխանություն հաստատելու նպատակով: Խորհրդային իշխանության տարիներին թշնամին դարձյալ բաց չէր թողնում հակահայկականությամբ ու ագրեսիվությամբ առանձնանալու առիթը՝ 60-ականների հայտնի դեպքերի ժամանակ նա կրկին փորձում էր իր վայրագություններն իրականացնել արցախահայության նկատմամբ… Արցախյան ազատամարտի տարիների ողջ ընթացքում ադրբեջանական զինված կազմավորումներն Աղդամից բազմիցս փորձեցին ճեղքել ԼՂՀ ինքնապաշտպանության ուժերի արևելյան բնագծերը, բայց ամեն անգամ արժանի հակահարված ստանալով հետ շպրտվեցին: Հնարավոր չէ առանց սոսկումի հիշել Աղդամում տեղակայված կրակակետերից մեր խաղաղ բնակավայրերի հրթիռակոծությունները... Դժվար է պատկերացնել, ինչ բախտի կարժանանային Աղդամի հարակից տարածքներում բնակեցված մեր գյուղերը՝ այդ թվում Ասկերանն ու Ստեփանակերտը, եթե չլիներ 1993 թվականի հուլիսի 23-ը։ Հենց այդ օրը՝ ամիսներ և օրեր առաջ ձեռնարկված բազմաթիվ ռազմագործողությունների, անդառնալի կորուստների և զրկանքների գնով ազատագրվեց մեր պապենական հողը։ Աղդամի ազատագրումից անցել է 27 տարի… Այսօր էլ մեր սահմանները հանգիստ չեն, սակայն հզոր և վճռական ենք ազգովի՝ մեր փառապանծ բանակով, անձնուրաց զավակներով՝ պատրաստ կյանքի գնով պաշտպանելու սրբացած հողը։ Այդ նույն վճռականությամբ ու ամրակուռ ոգով՝ Ասկերանի շրջվարչակազմի ղեկավար Աշոտ Դադայանի ուղեկցությամբ Ասկերանի ուժային կառյուցների, հիմնարկ-ձեռնարկությունների ղեկավարներն ու ազատամարտի վետերաններն այսօր հարգանքի տուրք մատուցեցին Ասկերանի շրջանի զոհված ազատամարտիկների հիշատակը հավերժացնող հուշահամալիրում, ապա այցելեցին Տանկ հուշահամալիր՝ հարգանքի և խոնարհումի տուրք մատուցելու Ակնայի ազատագրման համար նահատակված քաջորդիների հիշատակի առաջ։ Ներկաները թարմ ծաղիկներ խոնարհեցին անմահ քաջերի հիշատակին՝ խոստանալով կանգնած լինել Հայրենիքի հզորացման և բարգավաճման դիրքերում։ Քանզի մեզանից յուրաքանչյուրն էլ պարտավոր է իր բարեխիղճ ու արդար գործով նպաստել Արցախ աշխարհի կայուն զարգացմանը։ Ողջունելով և շնորհավորելով ներկաներին նշանակալից օրվա առթիվ՝ վարչակազմի ղեկավար Ա. Դադայանը նշել է, որ բոլորիս պարտքն է հիշել և հարգել մեր անձնուրաց տղաների կատարած սխրագործությունները։ Նա հավաստացրել է, որ մեր տղաների կատարածն արժևորվել և արժևորվելու է, իսկ մեր երիտասարդ սերնդին կտակելու ենք հզոր, զարգացած և կայուն Հայրենիք՝ որտեղ մեծագույն արժեք է լինելու արցախցին։ Աղդամի ազատագրման անհրաժշտության, ռազմագործողության մասին տեղեկություններ ներկայացրեց Ասկերանի ՊԵ թանգարանի տնօրեն Վիգեն Գաբրիելյանը։ Անահիտ ՊԵՏՐՈՍՅԱՆ
|