Ինչպես 20-րդ դարասկզբին, 1988 թվականին Աղդամը կրկին դարձել էր հակահայկական գործունեության կենտրոն, իսկ Արցախյան պատերազմի սկսվելուց հետո՝Ադրբեջանի ռազմավարական հենակետ, որտեղից մշտապես ռմբակոծվում էին մայրաքաղաք Ստեփանակերտն ու հարակից բնակավայրերը։ Դրությունը օրհասական էր և շուտափույթ լուծում էր պահանջում: ԼՂՀ ԻՊՈՒ հրամանատարությունը որոշում կայացրեց ազատագրել հայկական պատմական այդ հողակտորը, որտեղ 2000 տարի առաջ հայոց թագավոր Տիգրան Մեծը կառուցել է Տիգրանակերտ
քաղաքը:
Ռազմական նախապատրաստության գործողությունները սկսվել են 1993 թվականի հուլիսի 4-ին։ Հարավ-արևմտյան ուղղությամբ Վիտալի Բալասանյանի հրամանատարությամբ հարձակման են անցել Ասկերանի պաշտպանական շրջանի մարտիկները՝ քաղաքի մատույցները հսկող Չուխուրմահլա, Ուղտի մեջք, Խըդըրլու և այլ հենակետերի չեզոքացման նպատակով։ Եդդիխրմանի ստորոտում դիրքավորված 1-ին, 2-րդ և 4-րդ գումարտակներից մեկական մարտկոց 4 տանկի ուղեկցությամբ գրոհել են Չուխուրմահլա գյուղը։ Կարճատև դիմադրությունից հետո հակառակորդը փախուստի է դիմել։ 2-րդ գումարտակի մարտիկները Ռ.Հակոբջանյանի հրամանատարությամբ նույն գյուղում դիրքեր են զբաղեցրել, իսկ 1-ին գումարտակը Վ.Սաֆարյանի հրամանատարությամբ շարժվել է Խրամորթի ուղղությամբ։ Խրամորթի այգիներում կռվող խանաբադցիների մարտկոցը և մի ջոկատ Մ. Սարգսյանի հրամանատարությամբ ազատագրել են Խըդըրլու գյուղը, իսկ Ա. Հարությունյանի զորախումբը՝ Ահմեդավար գյուղը։ 3-րդ գումարտակը և 1-ին գումարտակից ընտրված մարտկոցը 1 ՀՄՄ-ի ուղեկցությամբ զբաղեցրել են ՙՈւղտի մեջք՚, ապա՝ ՙՀանգստյան տան՚ դիրքերը։ Երեկոյան ազատագրելով 579.1 բարձունքը՝ ազատամարտիկները մարտերը տեղափոխել են Շելլի գյուղի ուղղությամբ։ Հարավից մարտական գործողություններ են զարգացրել Մարտունու, հյուսիս-արևմուտքից՝ կենտրոնական պաշտպանական շրջանների ստորաբաժանումները։ Հուլիսի 21-ին ադրբեջանական կրակակետերը ճնշելու համար ակտիվ գործողությունների են դիմել Մարտունու ՊՇ-ի հենակետի մարտիկները, որոնք մեկ օրվա ընթացքում թշնամուց մաքրել են Շելլի և Քյուրդալար բնակավայրերը։ Ադրբեջանցիները կորցրել են 40 զինծառայող, 1 տանկ, 2 զենիթային թնդանոթ։ Հակառակորդը փորձել է հետ գրավել կորցրած բարձունքները։ Հայ մարտիկները հաջողությամբ պաշտպանվել են և շարունակել վերահսկել ՙՈւղտի մեջք՚, ՙԵդդիխրման՚ ու ՙՇահբուլախ՚ ռազմավարական բարձունքները։ Հուլիսի 16-ին հակառակորդի հետևակը հարձակվել է ՙՈւղտի մեջք՚ բարձունքի ուղղությամբ, հրետակոծել Շելլիի և Շահբուլախի հայկական պաշտպանական դիրքերը։ Ասկերանի առանձին մոտոհրաձգային գումարտակները, համագործակցելով Ասկերանի ՊՇ-ի հետ, ճնշել են Կըզըլ, Քենգեռլի, Թալըշլար, Մահսուդլու, Թարնայուդ բնակավայրերի և 610 բարձունքի հակառակորդի կրակակետերը։ Մարտական գործողությունների կարճատև դադարից հետո Ադրբեջանը վերստին լայնամասշտաբ հարձակումներ է ձեռնարկել Արցախի Հանրապետության սահմանագծի երկու հիմնական՝ Ասկերանի և Մարտունու շրջանների ուղղություններով։ ԻՊՈՒ և ՊՇ ստորաբաժանումները, լուծելով հակառակորդի կրակակետերի ոչնչացման խնդիրը, ձեռնամուխ են եղել քաղաքում տեղակայված առավել խոշոր և Ստեփանակերտին անմիջականորեն սպառնացող ռազմակայանի վնասազերծմանը: Հուլիսի 21-ին Վիլեն Սաֆարյանի և Ռոբերտ Հակոբջանյանի գումարտակներից 30-ական մարտիկներ երկու կողմից գրոհելով՝ մտել են Կասումլու, Կարադաղլու և Փոլադլու գյուղերը։ Սայբալուի և հարակից կրակակետերը ոչնչացրել են Կենտրոնական ՊՇ-ի մարտիկները։ Հուլիսի 22-ին Ասկերանի ՊՇ-ի մարտիկները շարժվել են և երեք խմբի բաժանված՝ հասել են Աղդամի ՙՀաղթանակի հուշարձանին: Նույն օրը ժամը 17:00-ին Մարտունու ՊՇ-ի մարտիկները գործողություններ են սկսել Նովրուզլու բնակավայրի ուղղությամբ, վերահսկողության տակ առել Իսմայիլբեյլին։ Մարտերը շարունակվել են Յուսուֆջանլուի տարածքում։ Նովրուզլու գյուղում ոչնչացվել է հակառակորդի թնդանոթը։ Երեկոյան հակառակորդը պայթեցրել է Նովրուզլու տանող կամուրջը և դադարեցրել Մարտունու ՊՇ-ի առաջխաղացումն այդ ուղղությամբ։ Վերջինիս մարտիկները վերադարձել են Մարզիլու գյուղի մոտակայքի իրենց նախկին դիրքերը:
Հուլիսի 23-ին արյունահեղ մարտեր են ծավալվել Աղդամի տարբեր հատվածներում։ Նահանջի ճանապարհին հակառակորդը պայթեցրել է արդյունաբերական կարևոր օբյեկտներ և բնակելի շենքեր։ 1-ին և 2-րդ գումարտակները շարժվել են քաղաքի հարավային մասով, 3-րդ գումարտակը՝ ՙՀաղթանակի հուշարձանի՚ մոտից դեպի կենտրոնական մզկիթի ուղղությամբ։ Հարավ-արևելյան կողմից քաղաք են մտել Կենտրոնական և Մարտունու ՊՇ-ների ազատամարտիկները։ Հակառակորդը դիմադրել է հատկապես Բարդա թեքվող ճանապարհի շրջակայքում։ ՊԲ մյուս ստորաբաժանումների համագործակցությամբ հաղթահարվել է հակառակորդի դիմադրությունը։ Հայ ազատամարտիկները մարտանցումով մտել են Աթյեմազլի գյուղը, որտեղ Խանաբադի վաշտը խփել է մեկ տանկ։ 4-րդ և 5-րդ գումարտակներն առաջացել են Խըդըրլու-Կիյասլի գծով և Աթյեմազլիի մոտ հանդիպել Ասկերանի ՊՇ-ի մյուս ստորաբաժանումներին։ Հարավից Մարտունու ՊՇ-ի, հարավ-արևմուտքից Ասկերանի ՊՇ-ի, հյուսիս-արևմուտքից ՊԲ մյուս ստորաբաժանումների համաձայնեցված գործողություններն ավարտվել են հաղթանակով, և 1993 թվականի հուլիսի 23-ին Աղդամ քաղաքը հայկական կողմի վերահսկողության տակ է առնվել:
Այո՛, արյունալի օրեր էին 1993 թվականի հուլիսին: Քանի՜, քանի՜ քաջեր զոհվեցին այդ օրերին, նրանք ընկան հանուն մեծ նպատակների ու գաղափարների՝ այդպես էլ չտեսնելով երանելի հաղթանակն ու ազատագրված Աղդամը…
27 տարի հետո անգամ մեր տղաները սրտի թրթիռով են հիշում այդ օրերի ամեն մի դրվագը, ասես՝ երեկ էր…
Աղդամի ազատագրման օրվա կապակցությամբ մեր խմբագրության հյուրերն էին ազատամարտիկներ Արամ Աղաջանյանը, Արմեն Հովսեփյանը, Արամ Ղազարյանը: Երբեմնի զինվորները հուզմունքով էին պատմում Աղդամի ռազմական հենակետերի վնասազերծման և ռազմական գործողությունների մասին:
Արամ Աղաջանյանն այսօր անկհայտ հպարտությամբ է շեշտում, որ հայկական զինված ուժերը քառասուն օր տևած մարտերից հետո 1993 թվականի հուլիսի 23-ին Աղդամում վնասազերծեցին հակառակորդի կրակակետերը: Աղդամի գրավումը հնարավորություն տվեց վճռական հարված հասցնել թշնամուն` առաջին հերթին կոտրելով նրա դիմադրողական ուժը: Աղդամի ռազմական գործողության արդյունքում վերացվել է Ստեփանակերտի, Ասկերանի և շրջակա գյուղերի վրա հեռահար հրանոթներից և հրետանային այլ միջոցներից հրետակոծությունների վտանգը։ Հակառակորդին հասցվել է ռազմական և բարոյահոգեբանական հարված։ Ռազմական հենակետի վնասազերծումով կաթվածահար է եղել Արցախի Հանրապետության արևելյան և հարավային սահմանների երկայնքով ադրբեջանական կենտրոնացված խմբավորումների գործողությունը և թիկունքային ապահովումը։ Աղդամի ազատագրման ռազմագործողությունը 1993 թվականի հուլիսին տեղի ունեցած մարտական գործողություններից առավել նշանակալի և բեկումնային ռազմական գործողությունն էր։
Արամ Աղաջանյանը մի առանձնահատուկ ոգեշնչմամբ է պատմում 33-րդ գումարտակի տղաների քաջագործությունների մասին: Իսկ այն, որ գումարտակի հրամանատար Արթուր Հարությունյանը մարտերի ժամանակ միշտ զինվորների առջևից էր գնում, ուժ էր տալիս տղաներին և ավելի ոգևորում նրանց:
<<Այո՛, մենք միահամուռ էինք, ուժեղ և հավաքված մի գաղափարի շուրջ: Մեր տղաներից յուրաքանչյուրը մի առյուծ էր՝ պատրաստ ատամներով պահելու մայր հողը: Ցավոք, 1993 թվականի հուլիսի մարտերը բազում կյանքեր խլեցին մեզանից: Մեզանից յուրաքանչյուրը պարտավոր է հիշել ու վառ պահել նրանց հիշատակը: Փառք ու պատիվ նրանց…
Շնորհավորում եմ իմ բոլոր մարտական ընկերներին, ովքեր անձնվիրաբար մասնակցել են Աղդամի խոշոր ռազմավարական նշանակության մարտերին և հասել հաղթանակի >>…
Ազատամարտիկ Արմեն Հովսեփյանը, ով այսօր վարում է ԱԱՄ Ասկերանի ազատամարտիկների միության շրջանային գրասենյակի գործավարությունը և շարունակում է պատվով կատարել ազատամարտիկի իր առաքելությունը, նշեց, որ Աղդամի ազատագրումը պատմական խոշոր երևույթ էր, որով սկսվեց հետագա մարտական գործողությունների հաղթարշավը:
<<Պետք է փաստել, որ 1993 թվականի ամռանն Արցախի ինքնապաշտպանական ուժերը մի քանի ուղղություններով սկսեցին Աղդամը շրջապատող հենակետերի լռեցման լայնածավալ գործողությունը: Ընդհանուր հարձակմանը նախորդեցին դիրքային իրավիճակի բարելավման դժվարին գործողությունները: Առաջնահերթ խնդիր էր «Ուղտի մեջքի» գրավումը, առանց որի անհնար էր գրավել Աղդամը: Մեր ինքնապաշտպանական ուժերը փայլուն կերպով կատարեցին իրենց առջև ծառացած առաջադրանքը»,- իր խոսքում ասաց ազատամարտիկը և խոր թախիծով հիշեզ նահատակված մարտընկերներին>>:
Հիրավի, 1993 թվականին այս տղաները տակավին երիտասարդ էին՝ տոգորված պատվախնդրությամբ: Ինչպես թե թշնամին հաղթի դարերի պատմություն ունեցող հային: Մեր տղաներն արդեն համոզվել էին, որ միայն զենքի միջոցով կարող է վճռվել Արցախի հարցը և բոլորը միաբռունցք զենք վերցրեցին՝ նետվելով մարտի դաշտ: Նրանք չվախեցան նայել թշնամու աչքերին, չվախեցան մահից, քանզի մեծ ու վեհ էր մեր նպատակը…
Իսկ այսօր, երբ հարաբերական խաղաղություն է տիրում Արցախ աշխարհում, մեր ազատամարտիկները վերստին պատրաստ են զենք վերցնել ու կանգնել զինվորի կողքին:
Արամ Ղազարյանը ընդգծված հպարտությամբ է խոսում այսօրվա սերնդի մասին, որը ոչնչով պակաս չէ ավագ սերնդից:
<<Մեր երիտասարդ սերնդի խնդիրն է պահպանել ու պաշտպանել ժառանգած ազատ ու անկախ այս հրաշալի երկիրը: Կարելի է ասել, այն պատվի հարց է բոլորիս համար, և համոզված ենք՝ մեր տղաներին կհաջողվի շարունակել իրենց հայրերի ու պապերի կիսատ թողած բոլոր գործերը, և դա նրանք կանեն բազմապատկված ուժով և պատասխանատվությամբ: Մենք՝ Արցախյան պատերազմի ազատամարտիկներս մեկ վայրկյան անգամ չենք կասկածում, որ մեր երիտասարդները հայի պատիվն ու անունը միշտ բարձր կպահեն: Ապացույցը՝ 2016 թվականի ապրիլն էր>>…
Անշուշտ, Աղդամի կրակակետերի վնասազերծումը շատերին աննախադեպ թվացող համարձակ քայլ էր, որն իրականացվեց մեր անձնվեր զինվորների ու հրամանատարության կողմից: Այն ունեցավ ոչ միայն ռազմավարական կարևոր նշանակություն, այլ նաև դրականորեն ազդեց Արցախում ռազմական շինարարության գործընթացի և հետագա բոլոր ռազմական հաջողությունների վրա:
Փառք ու պատիվ մեր տղաներին, փառք ու պատիվ մեր խիզախ ժողովրդին…
Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ
|