ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ՝ ՆՎԻՐՎԱԾ COVID-19-Ի ԿԱՆԽԱՐԳԵԼԻՉ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆԸ
23.07.2020 18:18

Հուլիսի 23-ին Ասկերանի շրջվարչակազմում կայացավ նոր կորոնավիրուսի տարածումը կանխարգելող աշխատանքները համակարգող հանձնաժողովի հերթական նիստը: Այն վարում էր Ասկերանի շրջվարչակազմի ղեկավարի նորանշանակ տեղակալ, հանձնաժողովի նախագահ Արմեն Մանգասարյանը:

Օրակարգի հարցը շրջանում նոր կորոնավիրուսի տարածումը կանխարգելող աշխատանքներն էին:

Հանձնաժողովի նախագահը ողջունելով ներկաներին՝ կանգ առավ կատարված աշխատանքների, առաջացած խնդիրների և առաջիկա անելիքների վրա:

-Պետք է փաստել, որ իրավիճակը շրջանում փոխվել է, քանի որ որոշ համայնքներում արդեն ունենք վարակակիրներ: Մեզանից յուրաքանչյուրը պետք է այս համավարակին վերաբերվի ամենայն լրջությամբ և այն համարի մեր երկրի սահմանների անվտանգությանը հավասար խնդիր: Բնակչության շրջանում համապատասխան բացատրական աշխատանքներ տանելով միայն կկարողանանք հասնել հաջողության: Կարևոր եմ համարում պարբերաբար իրականացվող ախտահանումները, վարակակիրների և մեկուսացված անձանց հանդեպ վերահսկողական աշխատանքները համապատասխան մարմինների կողմից: Այսօր քաղաքացիների մոտ նկատվում է անհանգստության աճ և չնայած դրան, ոչ բոլորն են պահպանում անվտանգության կանոններն ու ԱՀ պարետի որոշումները: Հասարակական տրանսպորտներում շատ քիչ մարդկանց կարելի է տեսնել բժշկական դիմակներով, ինչը մտահոգության մեծ տեղիք է տալիս,- ասաց հանձնաժողովի նախագահը:

Հանձնաժողովի անդամները ներկայացրեցին կատարված աշխատանքները: Նոր կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու նպատակով շրջանում համագործակցաբար աշխատանքներ են կատարում Ասկերանի քաղաքապետարանը, հակահամաճարակային բաժինը, <<Ասկերանի ՇԲՄ>> ՓԲԸ-ն, ոստիկանության շրջբաժինը, <<Խաչենշին>> ՓԲԸ-ն, ԱՀ ԱԻՊԾ Ասկերանի շրջանային բաժինը:

Ախտահանվում են քաղաքի բոլոր բազմահարկ շենքերի շքամուտքերը, հիմնարկ- ձեռնարկությունները, խանութները, խաղահրապարակները և պուրակները: Սակայն ըստ հանձնաժողովի նախագահի՝ պետք ավելի խստացնել կատարվող կանխարգելիչ միջոցառումները: Առանձնապես ուշադրություն դարձնել հասարակական տրանսպորտների ախտահանմանը և այն կատարել օրը երկու անգամ, ինչպես նաև վերահսկել հոգեհանգստյան արարողությունները:

Ասկերանի շրջանային ՀՀ բաժնի պետ Իրադա Խաչատրյանը հավաստիացրեց, որ իրավիճակը գտնվում է վերահսկողության տակ, իսկ<<Ասկերանի ՇԲՄ>> ՓԲԸ տնօրեն Գոհար Հակոբջանյանն առաջարկեց հանձնաժողովի նիստերը գումարել հաճախակի, քանի որ ընթացքում առաջանում են հրատապ հարցեր, որոնց պետք է անմիջապես լուծում տրվի՝ հաշվի առնելով, որ շրջանում արդեն կան 4 վարակակիր և 25 մեկուսացված անձինք:

Վերջում Արմեն Մանգասարյանը հստակ հանձնարարականներ տվեց հանձնաժողովի անդամներին և հույս հայտնեց, որ համագործակցելով միմյանց հետ՝ կկարողանան հասնել հաջողությունների:

Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ

 
mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter